Տարիներ շարունակ մազերս կտրելիս մտածում էի, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են
վարսավիրները ձեռք բերում իրենց մասնագիտությունը։ Միայն նայելով,
անշուշտ, կարելի է ստանալ տեսական գիտելիքներ, իսկ գործնական
փորձառությունը կապված է առանձին անհատների գլուխների հետ, եւ մի
անզգուշությունը կամ մի փոքրիկ սխալը կարող է ճակատագրական լինել թե
հաճախորդի եւ թե վարպետության ճանապարհ բռնած աշակերտի համար։
Երբեմն փորձում էի ինձ հետաքրքրող հարցի պատասխանը ստանալ հենց
վարպետներից, բայց նրանք սահուն կերպով փոխում էին խոսակցությունը՝
հավանաբար այդ պահին հիշելով այն ճակատագրական սխալները, որոնք կարող էին
քար գցել իրենց արհեստավորական կարիերայի վրա։
Ես այդպես էլ չէի իմանա, թե որտեղ են վարսավիրները վարսավիրություն
սովորում, եթե տեխնիկական ուսումնարանի (այստեղ ես մի տարի սովորեցի
բանակից տարեկետում ստանալու եւ կարմիր դիպլոմով համալսարան դիմելու
համար) վարպետն, ով սիրում էր առածներով ու ասացվածքներով արտահայտել իր
ոչ այնքան կարեւոր մտքերը («Լոլո-լոլո, քրդի տղին ի՞նչ լոլո», «Արջը յոթ
երգ գիտի, յոթն էլ տանձի մասին» եւ այլն), մի օր մեր խմբի տղաներից մեկին
չասեր. «Տղա ջան, էլեկտրատեխնիկան քո համար որբի գլուխ չի, որ վրեն
դալլաքություն սովորես»։
Ըհը, ուրեմն պարզվում է, որ վարսավիրները դալլաքություն (այսինքն՝
վարսավիրություն) սովորում են որբերի գլխի վրա՝ մի տարածք, որը դուրս է
հսկողությունից, ուշադրությունից ու հոգատարությունից, որի ձեւախեղման
համար ոչ ոք հաշիվ չի պահանջելու, թեեւ գործի համար վճարող էլ գուցե
չգտնվի։
Հիմա այս ամենը պարզելուց հետո մեր երկիրն ինձ պատկերանում է որպես մի մեծ
որբի գլուխ, որի վրա քաղաքագետները քաղաքականություն են սովորում,
տնտեսագետները՝ տնտեսություն, իրավաբաններն՝ իրավաբանություն,
ճարտարապետները՝ ճարտարապետություն, եւ այսպես շարունակ։ Չմոռանանք, որ
մեր գործընկերներն էլ, հատկապես՝ հեռուստատեսությունների, այդ գլխի վրա
լրագրություն են սովորում՝ անվերջորեն մազը կտրելու փոխարեն՝ կտրելով
հեռուստադիտողի ականջը։
Եվ այս իմաստով պատահական չէ, որ մի օր արթնանում ես, դուրս գալիս տնից ու
հանկարծ (բառի բուն իմաստով՝ հանկարծ) հայտնաբերում, որ երթուղային
տաքսիների վարձը թանկացել է ուղիղ երեսուն դրամով։ Ինչո՞ւ՝ ոչ քսան եւ
ինչո՞ւ՝ ոչ հիսուն, հասկանալի չէ, քանի որ նոր ներկրված ավտոբուսների
վնասով աշխատելու եւ հին երթուղայինների պահեստամասերի թանկացման մասին
անհոդաբաշխ բացատրությունները շատ նման են որբի գլխի վրա դալլաքություն
սովորող մեկի ամբարտավան ու ինքնավստահ պահվածքին. «Կա՝ էս ա, չկա՝ էս ա»։
Եվ երբ հաջորդ առավոտ տեսնում ես ուղիղ երեսուն տոկոսով թանկացած
երթուղայիններ խցկվել փորձող ամբոխը, հասկանում ես, որ պատմության բոլոր
հատվածներում մեր տարած բարոյական մեծ ու փոքր հաղթանակները մեր հավաքական
հոգում մի անջնջելի հեզություն են դրոշմել ու մեր հավաքական գլուխը
դարձրել որբի գլուխ։
Քաղաքացիական անհնազանդությունը մեզանում նույնացած է ազգային
դավաճանության հետ, եւ ոչ մեկի մտքով չի էլ անցնի գոնե մեկ օր հրաժարվել
երթուղայինի ծառայություններից՝ ի շահ սեփական իրավունքի։
Եվ զարմանալի չէ, որ այսպես է, քանզի դալլաքության պատմությունը ցույց է
տալիս, որ մենք սեփական արժանապատվության եւ հանրային շահի գիտակցություն
չունենք։ Եվ չունենք այնքան, որ մեզանում չի հաջողվում իրագործել անգամ
«ավանդական թշնամի» պետության ապրանքի բոյկոտը։ Եվ չի հաջողվում բոլորովին
ոչ այն պատճառով, որ անհեթեթ հրահանգ է, ոչ էլ բոլորովին այն պատճառով, որ
բոյկոտի հրահանգ տվողներն ապահովված մարդիկ են, կարողանում են եվրոպական
հագուստ հագնել եւ սնունդ ընդունել, իսկ բոյկոտիչները չեն կարողանում։
Սրանք բուն պատճառները չեն։
Բուն պատճառն այն է, որ մենք չենք վստահում իրար, եւ ինչպես նախորդ
հոդվածներից մեկում էի գրել՝ հիշելով Վանո Սիրադեղյանի
համառոտախոսությունը, առաջնորդվում ենք «Հարիֆ չկա» կարգախոսով։ Բուն
պատճառն այն է, որ մենք կասկածում ենք իրար, եւ մեզանից ոչ մեկը չի ուզում
վատամարդ դուրս գալ, առավել եւս, չի ուզում լինել առաջին (գուցե՝ միակ)
վատամարդը։ Դրա համար, Հյուսիսային պողոտայի, Կոնդի ու Երեւանի մյուս
իրացվելիք տարածքների բնակիչների բողոքի ակցիաները միշտ ավարտվում են
իշխանությունների հաղթանակով, որովհետեւ նրանց մեջ միշտ գտնվում են
մարդիկ, ովքեր «բարեհաջող» կերպով են լուծում իրենց խնդիրները, եւ
մյուսները, փոխանակ բողոքի շարժումը խստացնելու, ուշադրությունը սեւեռում
են այլ ճանապարհների վրա։
Հիշո՞ւմ եք արդարադատությունը վերականգնելու ի՜նչ հիանալի առիթ կար։
Հինգուկես տարի անմեղ բանտ նստած մեկը փորձում էր վերականգնել
արդարությունը։ Նրա կողքին էր մամուլը, նրա հետ էին իրավապաշտպանները,
սակայն առիթը բաց թողնվեց, որովհետեւ կրկին հաղթանակեց «հաշտությունը»։
Չեմ ուզում ենթադրություններ անել, թե ինչո՞ւ իր կյանքից հինգուկես տարի
կորցրած մարդը հրաժարվեց արդարությունը վերականգնելու իր վճռից, բայց
ակնհայտ է, որ հրաժարումն այդ չի եղել մարդասիրական նկատառումներով։
Դրա համար մենք հաղթանակներ չենք տանում։ Դրա համար մեր գոյավիճակը
հաշտությունն է։ Հաշտությունն իշխանության «ճիշտ» վարքի հետ։ Մեզանից ով
էլ պատգամավոր լիներ ու գծի տեր, նոր ավտոբուսների հայտնվելուն պես պիտի
ասեր. «Հոպ, ախպեր, էս ի՞նչ եք անում, հացիս վայի՞ս եք ըլնում», եւ
հնարավոր ու անհնար բոլոր լծակներով պիտի պոկեր երեսուն տոկոս թանկացումը,
որ հանկարծ քթի տակից «պասաժիր» բաց թողնելիս, մանթռաշ չմնար… պատմության
ու ժողովրդի առջեւ։
Եվ քանի որ չեմ պատրաստվում առաջիկայում ու երբեւէ անդրադառնալ երթուղային
տաքսիների թանկացման թեմային, նախապես ուզում եմ շնորհավորել մեր
հասարակությանը կարճ ժամանակ անց ուղեվարձը 150 դրամ դարձնելու
կապակցությամբ եւ ցանկանալ անվտանգ ուղեւորություն։ Անվտանգ ուղեւորության
համար վարորդի զգոնությունն է անհրաժեշտ, եւ մանրադրամ հաշվելու վրա նրա
ուշադրությունը չշեղելով էլ իշխանությունները կբացատրեն եւս քսան դրամ
թանկացումը։
«168Ժամ». Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ պարզվեց, որ
քաղաքապետարանը փոխել է իր որոշումը՝ ուղեվարձը թողնելով 100 դրամ:
Այդուհանդերձ, հոդվածագրի մտահոգությունները չեն կորցնում ակտուալությունը: