Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է հայ-թուրքական զարգացումներին: Նա, մասնավորապես, նշել է, որ Թուրքիայում աստիճանաբար երեւան է գալիս «թուրքերի պարկեշտ, ազատախոհ մի դաս, եւ Թուրքիայում սկսում են ուշացումով գիտակցել, որ իրենց երկիրը երբեք չի կարող մուտք գործել քաղաքակիրթ աշխարհ, քանի դեռ դեմ հանդիման չի ելել սեփական պատմության մութ, իր դաժանությամբ աննախադեպ էջերին»: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Ր. Հովհաննիսյանը նշել է. «Արձանագրությունների պատմական նշանակության վերաբերյալ մակերեսային եւ ինքնագոհ գնահատականները` անկախ նրանից, թե որտեղից են դրանք հնչում` Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից, կարծես միտումնավոր թաքցնում են հիմնարար մի քանի ճշմարտություններ: Հայաստանի ներկայիս վարչակարգն իրավունք չունի հայ ժողովրդի անունից խոսելու դարակազմիկ այս հարցի շուրջ: 2007-2008թթ. իշխանության գալով կեղծարարության, խաբեության եւ տասնյակ քաղաքացիների արյան գնով, վարչակարգն այժմ փորձում է լեգիտիմության պակասը կոծկելու համար դիմել արեւմտյան շահերի «քիմքին» հաճո արտաքին քաղաքական քայլերի` իրականում, սակայն, որոնելով փոխհատուցումներ ավտորիտար գործելակերպի դիմաց: Տրվելով «գեոպրագմատիզմի» ծանր հրետանու պարտադրանքին, «միջազգային հանրությունը» մեկ անգամ եւս վտանգավոր քայլ կատարեց` անտեսելով ժողովրդավարության սկզբունքները եւ խնդիրներն ըստ այդ սկզբունքների լուծելու պատշաճ կարգը: Հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այժմ քննարկվում եւ արժանանում են բուռն շնորհավորանքների, պարունակում են անօրինական դեֆակտո սահմանի հաստատմանն առնչվող հղումներ` առանց միաժամանակ լուծելու Թուրքիայի կողմից` որպես մարդկության դեմ ոճրագործություն (Ցեղասպանությունն ու դրան հաջորդած թուրք-ռուսական դավադրությունը) կատարած երկրի, ապաշխարանքի ու հատուցման, վերականգնման ու վերադարձի իրավախնդիրները: Հետեւապես` խնդրո առարկա փաստաթղթերն ի սկզբանե անվավեր են, անբարո ու մեռելածին: Դժբախտաբար, որքան էլ բարի նպատակներ հետապնդեն սեղանին դրված փաստաթղթերը, որքան էլ ոմանք փորձեն դրական լույսով ներկայացնել կամ, երբեմն էլ, PR «միավորներ» հավաքել, միեւնույն է` դրանք հուսալի հիմք չեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ամբողջական ու հարատեւող կարգավորման, ինչպեսեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ հիրավի պատմական հաշտության համար: Դրանք ընդամենն ախորժալուր, բայց խաբուսիկ ցուցափեղկ են, եւ ուրիշ ոչինչ: Երբ Թուրքիան, Հայաստանը եւ միջնորդ պետությունները գիտակցեն առանցքային այս մարտահրավերի լրջությունը, թերեւս փոխեն իրենց «արագությունները», առաջնորդվեն ժողովրդավարության թելադրանքով եւ իրավունքի իշխանությամբ, դիմագրավեն ու սրբագրեն պատմությունն ու անարդարությունների նրա ժառանգությունը: Նույն ոգով` թուրք-հայկական փոխառնչությունների բնականոնացումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմամբ պայմանավորելու փոխարեն շահագրգիռ կողմերն ի վերջո կճանաչեն Արցախի` հետստալինյան ապագաղութացման, ազատության ու ինքնիշխան պետականության ի վերուստ տրված օրինական իրավունքը»: