Երկուշաբթի օրվանից ԱԺ-ում քննարկվելու է կառավարության կողմից փոփոխության ենթարկած 2010թ.-ի պետբյուջեի նախագիծը: Այս վերջնական տարբերակում ավելացվել են եւ եկամուտները, եւ ծախսերը: Եկամուտները նախնական տարբերակի 676,7 մլրդ դրամի փոխարեն նախատեսված են 742,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 859,7 մլրդ դրամի փոխարեն` 935,5 մլրդ դրամ: Այս ավելացումը մեծ մասամբ (37 մլրդ դրամի չափով) հարկային եկամուտների ու տուրքերի ավելացման հաշվին է նախատեսված: Եվ քանի որ նախկին տարբերակում նախատեսված 1.2% ՀՆԱ աճի ցուցանիշը վերջնական տարբերակում չի փոփոխվել, հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերությունը նախկին 16.6%-ի փոխարեն կազմելու է 17.7%: Իսկ դա մեր կառավարությանը շատ է պետք, քանի որ Հայաստանին վարկեր տվող միջազգային կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում այդ ցուցանիշին: Բյուջեի փոփոխված տարբերակի մասին է մեր զրույցը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ:
– Ինչո՞վ է պայմանավորված, որ բյուջեի նախնական տարբերակում նախատեսված եկամուտներն ավելի քիչ էին:
– Հարկերը ավելացրել ենք` ելնելով ռեզերվների ու ԱԱՀ-ի վերադարձի գումարների գնահատումներից: ԱԺ-ում քննարկումների ժամանակ նշվեց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերությունը ցածր է ծրագրված: Մենք, իհարկե, չէինք կարող ինչ-որ մեկի ասածից ելնելով՝ ցուցանիշը մեխանիկորեն փոխել, բայց ընդունելով, որ խնդիրը կա` ռեզերվների վերաբերյալ քննարկումների արդյունքում եկանք այն տարբերակին, որ հարկեր-ՀՆԱ հարաբերությունը մեծացվի: 37 մլրդ-ի չափով ավելացված հարկային եկամուտներից 19 մլրդ-ը հենց ռեզերվների հաշվին էր, իսկ 18 մլրդ-ը ԱԱՀ-ի վերադարձն էր, որը բյուջեում արտացոլվում է որպես մուտք եւ ելք:
– Արտաքին պետական պարտքի եւ բյուջեի դեֆիցիտի աճը ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել հետագայում: Վստահ եք, որ արդյունավե՞տ են ծախսվելու այդ վարկային միջոցները:
– 2010-ին նախատեսված բյուջեի դեֆիցիտը 2009-ի սպասողականի (6.5-7%) համեմատ մի բան էլ պակաս է: Իսկ արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մինչեւ 60%-ը գերազանցելը ռիսկային չէ: Արդյունավետության հարցը քննարկելու համար եկեք առանձնացնենք նպատակային վարկերը (ճանապարհաշինական, կրթական, առողջապահական եւ այլ ծրագրերի ֆինանսավորման համար) բյուջետային աջակցության վարկերից: Բյուջետային աջակցության վարկերը միայն 2009թ.-ի ու 2010թ.-ի համար են, դրանք մեր սոցիալական ցուցանիշները պահպանելու նպատակով ենք վերցնում: Այսինքն` աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները չկրճատելու համար մեզ այսօր անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ, մենք բերում ենք դա բյուջետային աջակցության վարկերի տեսքով: Հետեւաբար՝ դրա անարդյունավետության մասին խոսելը ինձ համար անհասկանալի է: Ինչ վերաբերում է նպատակային վարկային ծրագրին, ապա ոչ թե ծրագրերն են անարդյունավետ լինում, այլ դրանց իրականացումն է երբեմն անարդյունավետ:
– Չե՞ք կարծում, որ ծախսերի կրճատումը 2010-ի բյուջեում համաչափ չէ: Կան ոլորտներ, օրինակ` կրթությունը, որտեղ 25%-ով ծախսերի կրճատում է նախատեսված այս տարվա հաստատված բյուջեի համեմատ, իսկ, օրինակ, ՀՀ նախագահի ու ԱԺ աշխատակազմերի ծախսերն ավելացված են:
– Բյուջեի ծրագրավորումը թվաբանական գործողություններ չի ենթադրում, որ ասենք` եթե ողջ ծախսերը կրճատվում են, ենթադրենք, 9%-ով, ուրեմն բոլոր ոլորտներում էլ հավասարաչափ 9%-ով պետք է կրճատենք: Դա շատ պրիմիտիվ մոտեցում է: Եթե ոլորտ կա, որտեղ, օրինակ` ծախսերի 90%-ը աշխատավարձն է, իսկ մեկ այլ ոլորտում աշխատավարձերի ծախսը ընդամենը 30%-ն է, մենք ո՞նց կարող ենք այս երկու ոլորտներում հավասարաչափ կրճատել, եթե գերակա ենք համարում աշխատավարձի պահպանումը նույն մակարդակի վրա, ինչ 2009-ին էր: Ակնհայտ է, չէ՞, որ 90% աշխատավարձի ոլորտում ծախսերը ավելի քիչ են կրճատվելու, քան 30%-ի պարագայում: Կրթության ոլորտում ընթացիկ ծախսերը, ըստ էության, պահպանված են 2009-ի ընթացիկ ծախսերի մակարդակի վրա: Կրճատումները վերաբերում են միայն կապիտալ ծախսերին: Հիմա ավելացրել ենք կրթության կապիտալ ծախսերը` դարձնելով այն 204 մլրդ դրամ:
– Բայց մեր պետական ապարատը ուռճացված է, ՀՀ նախագահի, վարչապետի ու նախարարների աշխատակազմերի գործառույթները հաճախ իրար կրկնում են:
– Այդ խնդիրը, իհարկե, կա, բայց բյուջեն այն փաստաթուղթը չէ, որով լուծվում են այս հարցերը: Սրանք պետք է լուծվեն ծրագրային այլ հարթությունում: Կարելի է գործառույթների փոփոխություններ անել, թվաքանակ կրճատել, սա անվերջ պրոցես է` նույնիսկ զարգացած երկրների համար: Բայց Ֆինանսների նախարարությունը բյուջեն պլանավորելիս չի կարող ասել՝ այ, այստեղ ես սրա ֆունկցիան կրճատում եմ:
– Իշխանության ներկայացուցիչները հաճախ են խոսում ՀՀ-ում գիտության զարգացման, գիտելիքահենք տնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների մասին: Բայց այս հայտարարված գերակայությունները բյուջեում արտացոլված չեն: Օրինակ` ինովացին տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է գիտության ոլորտի ծախսերը դարձնել գոնե ՀՆԱ 1%, մինչդեռ այս ցուցանիշն այսօր 0,2-0,3% է:
– ՀՀ-ում կա կայուն զարգացման ծրագիր` մինչեւ 2020թ.-ը: Սրա հիման վրա կազմվում է միջնաժամկետ ծախսային ծրագիր, դրա հիման վրա էլ` բյուջեն: Այս ծրագրերով սահմանված են հետեւյալ գերակայությունները` կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, պաշտպանություն: Կրթության մեջ էլ, ի դեպ, գերակա է հանրակրթությունը, սրա մեջ էլ` ուսուցիչների աշխատավարձը: Ծախսերի կառուցվածքին նայելիս՝ հստակ երեւում են այս գերակայությունները, այդ չորս ոլորտներին բաժին է ընկնում ընդհանուր ծախսերի մոտ 60%-ը: Ինչ վերաբերում է գիտությանը, ապա որեւէ մեկը չի ասում, որ եթե այստեղ ավելի քիչ է հատկացվում, քան այլ ոլորտներին, ուրեմն սա չենք կարեւորում: Բայց երկու փաստ եմ ուզում նշել` բացի սոցիալական ոլորտից, այս տարի եւ 2010-ին ծախսերի կրճատում չեղավ մեկ էլ գիտության ոլորտում, մինչդեռ կառավարությունը իր այդ գերակայությունների ծրագրերում նշել է, որ յուրաքանչյուր տարի գիտության ֆինանսավորումը ավելանալու է բյուջեի եկամուտներին համահունչ: Հիմա բյուջեի եկամուտները կրճատվել են, բայց մենք գիտության ֆինանսավորումը չենք կրճատել: Բայց ՀՀ-ում գիտությունը այսօր չի կարող լինել ՀՆԱ 1%-ի չափով ոչ թե նրա համար, որ չարժե գիտությանը տալ այդքան գումար, այլ նրա համար, որ մեր ռեսուրսներն ու նշածս գերակայությունները թույլ չեն տալիս, որ մենք 1% էլ գիտությանը տանք: Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաներին, այս ոլորտ էլ հիմնականում բյուջեից չի ֆինանսավորվում: Իհարկե, ծրագրեր ունենք, այս տարի 150 մլն դրամ գումար ենք տրամադրել, բայց մտածել, որ դրա վրա միլիարդավոր գումարներ պետք է դրվեն բյուջեից, իրատեսական չէ, պետությունը այսօր դրա հնարավորությունը չունի: