Աստված բոլորին սիրում է,
սակայն ոչ մեկով հիացած չէ:
Այզեկ Ազիմով
Ընդհանրապես ողջ քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն ընդունված է, որ
յուրաքանչյուր քիչ թե շատ նորմալ ընկերություն ունի բաժնետոմսեր, որոնց
գինը բորսայում տատանվում է՝ կախված տվյալ ժամանակահատվածում բիզնեսի
հաջողություններից: Հայաստանում բաժնետոմս հասկացությունը փոխարինված է
«փայով»: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հայերը «փայ» են մտնում ոչ միայն
բիզնեսում, այլեւ քաղաքականության մեջ, ընտանիքում: Օրինակ՝ ԱԺ
«Արդարություն» խմբակցության մեջ ՀԺԿ-ի հետ մանր-մունր «փայ» են մտել ոչ
պակաս մանր-մունր կուսակցությունները, օլիգարխները «փայ են մտնում»
նախընտրական ցուցակներում, նախկինները՝ ընդդիմությունում, ներկաները՝
«Գոլդեն Փելեսում» կամ «Վիվա Սելլում»:
Վերջերս ձեռքս ընկավ «Մեդիամաքս» գործակալության կողմից հրատարակված «Ով
ով է Հայաստանում» գիրքը: Ընդամենը թերթելով այդ գիրքը՝ կարելի է
հասկանալ, որ գրքի հերոսների մեծ մասը պարզ հաշվարկով «փայ» են մտել այդ
գրքի մեջ: Այլ կերպ ինձ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու այդ գրքում տեղ
չեն գտել հայ իրականության մեջ իրապես հայտնի այն անձինք, ովքեր այսօր,
ցավոք, վճարունակ չեն:
Իմիջիայլոց, յուրաքանչյուր ոլորտի «փայատեր» հարմար առիթը բաց չի թողնում
«քցելու» մնացած «փայատերերին», դառնալով մոնոպոլիստ, ինչը Հայաստանում
ավելի «հարգված» է, քան պարկեշտությունը եւ գործընկերոջ նկատմամբ
հարգանքը:
Այսօրվա «փայատերերին» ուզում եմ հիշեցնել, որ մեր ժողովուրդը «փայ» բառը
հաճախ այլ իմաստով էլ է օգտագործում: Եվ կարող է այնպես ստացվել, որ այդ
փայատերերը «էգուց-մյուս օրն իրենց փայ բորշն» ուտեն: Ես ոչ մի բան չեմ
ակնարկում, ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ժողովուրդը երբեք չի սխալվում:
Իհարկե, մենք փայատեր ենք ոչ միայն անհատների մակարդակով, այլեւ՝ ողջ
ժողովրդի: Որովհետեւ միայն մենք կարող ենք «փայ մտնել» Շառլ Ազնավուրի եւ
Շերի, Անդրե Աղասիի եւ Յուրի Ջորկայեֆի հաջողություններին՝ ամեն անգամ
նշելով, որ նրանք հայ են: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե
նրանք լինեին ոչ թե հայ, այլ, ասենք, ֆրանսիացի կամ ռուս (էլ չեմ խոսում
ուրիշ ազգերի մասին), այդպիսի բարձունքների երբեք չէին հասնի: Ազգի
մակարդակով մենք «փայ ենք մտնում» նաեւ քաղաքակրթության զարգացման մեջ:
Իրականում, ես կարծում եմ, որ «փայ մտնելը» վատ բան չէ, եթե դա արվում է
քաղաքակիրթ ձեւով, այսինքն՝ գնելով բաժնետոմս կամ լինելով գիտական կամ
արվեստի գործի համահեղինակ: Վերջին հաշվով, «գործ դնելիս» ներդրում
կատարելով: Այլ ոչ թե «կռիշ կանգնելով» կամ «քցելով»:
Իմ լավատեսությունն ինձ հուշում է, որ եթե հայերն այլ երկրներում կարող են
դառնալ «Ջեներալ Մոթորսի» կամ «ըԸԾԿ»-ի քաղաքակիրթ բաժնետերեր, ապա
Հայաստանում մենք «կարանք ու կարանք»:
Հայերի մասին հոդվածների «փայատեր»՝ Ա.Ք.