Բրոկերական խաղեր

05/12/2009

Ադրբեջանական «1news.az» էլեկտրոնային լրատվամիջոցը երեկ մի տեղեկատվություն է հրապարակել՝ հետաքրքիր վերնագրով. «Թուրքերը սկսել են Երեւանում անշարժ գույք գնել»։ Երբ այցելեցինք այդ կայքը, պարզվեց՝ ադրբեջանցի լրագրողը արտատպել է հայկական կայքերից մեկի 10 օր առաջ հրապարակած նյութը։ Ադրբեջանցիներն էլ «մի շարք հայկական լրատվական գործակալությունների» լուրը ներկայացրել են որպես ճշտված իրողություն եւ անգամ եզրակացություն արել, որ այն «կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների տնտեսական էֆեկտի առաջին ծիծեռնակը»։

Ադրբեջանական խանդը՝ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հեռանկարների նկատմամբ, ճիշտ է, հասկանալի է, սակայն հիմնավորված չէ՝ դրանց մշուշոտ լինելու պատճառով։ Ինչ վերաբերում է թուրքերի՝ հայկական անշարժ գույքով հետաքրքրվելուն, ապա դա էլ արժանահավատ չի թվում։ Այդ մասին առաջինը գրած հայկական լրատվամիջոցը մեջբերել էր անշարժ գույքի գործակալություններից մեկի տնօրենի խոսքերն այն մասին, որ իրենք թեեւ այդպիսի գործարք դեռ չեն հասցրել իրականացնել, սակայն արդեն էլեկտրոնային մի շարք նամակներ են ստացել։ «Թեեւ նամակում ներկայանում էին Թոմի կամ այլ անվամբ, որն ըստ էության թուրքական անուն չէ, բայց դրանք հենց թուրքերի կողմից են ուղարկվում»,- նշել էր ռիելթորը՝ չհիմնավորելով, թե հատկապես ինչից է եզրակացրել, որ նամակների հեղինակները թուրքեր են։

Իրականում, այս ամենը ունի մի թաքնված նպատակ՝ խթանել անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, քանի որ նման լուրերի տարածումը բխում է առաջին հերթին անշարժ գույքի առեւտրով զբաղվողների եւ կառուցապատողների շահերից։ Հաշվարկը հետեւյալն է. լուրեր տարածել, որ հայ-թուրքական արձանագրություններից հետո թուրքերը կսկսեն այստեղ բնակարաններ ձեռք բերել, ինչի արդյունքում գինը կբարձրանա։ Հայաստանցիներն էլ խուճապի կմատնվեն եւ վախենալով, որ իրոք կարող է նման բան լինել՝ կշտապեն գնել բնակարաններ եւ տներ։ Արդյունքում՝ շուկան կաշխուժանա, գներն էլ կբարձրանան։

Նշենք, որ այս հնարքը արդեն իսկ որոշակի արդյունք տվել է, ինչի մասին են վկայում անգամ պաշտոնական տվյալները։ Այսպես, ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակման, հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15.271 գործարք, որոնց քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով, իսկ սեպտեմբերի համեմատ` 12 տոկոսով: Աճել են նաեւ գները. Երեւան քաղաքում հոկտեմբերին բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները սեպտեմբերի համեմատ աճել են 1.9 տոկոսով: Օրինակ, եթե սեպտեմբերին Նոր Նորք վարչական շրջանում կարելի էր գնել բնակարան 1 քմ-ի դիմաց վճարելով 217.600 դրամ, ապա այն հոկտեմբերին դարձել է 221.800 դրամ: Իհարկե, որոշ փորձագետներ այս աշխուժացումը բացատրում են Հիպոթեքային հիմնադրամի գործունեությամբ, սակայն չհիմնավորված խուճապն այստեղ նույնպես իր դերն է խաղում։

Ավելացնենք միայն, որ սահմանի բացումը այս հարցի հետ ամենեւին կապ չունի։ Թուրքերը եթե ցանկություն ունենան, այսօր էլ կարող են Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել, թեկուզ երրորդ անձանց անունով։ Ինչ վերաբերում է շուկան աշխուժացնելու ձգտումներին, ապա այստեղ էլ կարեւորը ոչ թե սպասումներն են (ինչպես թվում է կառուցապատողներին ու անշարժ գույքի գործակալություններին), այլ մարդկանց իրական եկամուտների կրճատումը։ Այնպես որ, եթե անգամ սահմանը հենց վաղն էլ բացվի, թուրքերն էլ Երեւանում տուն գնելու մեծ փափագով լցվեն մայրաքաղաք, ամսական 120 հազար դրամ միջին աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է միայն հուսահատ դեմքով հետեւել այդ ամենին։ Տուն գնելու ցանկությունը գրպանի պարունակության հետ կապ չունի։