Զորքերը դուրս բերելու համար, նախ՝ ուղարկում են Աֆղանստան

05/12/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Այսպիսով, կոշտ դիրքորոշման ջատագովների ցանկությունն իրականացավ: Բարաք Օբաման դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, անցավ Ռուբիկոնը:

Օրերս Վեստ-Պոյնտ Ռազմական ակադեմիայի կադետների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց Աֆղանստան 30 հազարանոց լրացուցիչ ռազմական կոնտինգենտ ուղարկելու մասին: Սակայն նա տեղնուտեղը պակասեցրեց ուժայինների ադրենալինը, երբ ավելացրեց, որ 2011 թ. կեսերից ամերիկյան զորքերը դուրս են բերվելու այդ երկրից: Սա անակնկալ չպետք է լիներ, ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների համար, որոնք, ի դեպ, կոնտինգենտի ավելացման հարցում նախագահի կողմնակիցներն են: Օբաման պարզապես հիշեցրեց աֆղանական խճճված հիմնահարցը կարգավորելու իր սկզբունքները, որոնցով նա հանդես էր եկել դեռեւս իշխանության գալուց անմիջապես հետո, երբ հայտարարել էր, թե միայն ռազմական միջոցներով այդ բզկտված երկրների կայունացումը անհնար է: Եվ ահա մեկ տարի է, որ նա փորձում է ակտիվացնել միջազգային տնտեսական եւ ֆինանսական օգնությունը գործող ռեժիմին, մաքրել նրա շրջապատը կոռուպցիայից եւ կաշառակերությունից, ձգտում է ուժեղացնել հսկողությունը երկրի ողջ տարածքի վրա, ոչ թե օտար ռազմական ուժի, այլ Աֆղանական ազգային բանակի միջոցով: Թե որքանով դա կհաջողվի դեմոկրատական պոստուլատներով գործող նախագահին, այլ հարց է: Պարզապես չմոռանանք, որ Ալեքսանդր Մակեդոնացու եւ հաջորդ զավթիչների կողմից (վերջինը ԽՍՀՄ-ն էր) չնվաճված երկիրը մինչեւ օրս կռվում է, իսկ ներսում ժողովուրդը ապրում է միջնադարյան կանոններով:

Նախագահի 33 րոպեանոց ելույթը ծրագրային ուղերձ էր ողջ ազգին: Թալիբանի եւ «Ալ-Կաիդայի» ակտիվությունը բնորոշելով որպես «քաղցկեղի պալար Պակիստանի սահմանի երկայնքով, որն անմիջական վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգներին», նախագահը հավաստիացրեց, որ լրացուցիչ զորքեր ուղարկելու որոշումը ինքը «դժվարությամբ է ընդունել» եւ, եթե Աֆղանստանից վտանգ չսպառնար ԱՄՆ-ին, «բոլոր զորքերը վաղը եւեթ կվերադարձներ տուն»: Օբամայի ելույթը իր հայրենասիրական տոնայնությամբ արթնացնում է մեզ շատ հարազատ պրոպագանդիստական հիշողություններ: «Մեր գործը արդար է, մեր վճռականությունը` անսասան»,- հայտարարում է նա: Եվ պետք է նշել, որ ամերիկյան հասարակությունը հիմնականում դրական է ընկալում զորքերն ավելացնելու փաստը:

«Նյու Յորք Թայմսը» ուշադրություն է դարձնում Թալիբանի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելու Օբամայի փորձերին: Նշվում է, որ չնայած գոյություն ունեցող պայմանավորվածությանը, Մոսկվան ակտիվություն չի ցուցաբերում իր տարածքով Ամերիկայի ու նրա դաշնակիցների զորքերի եւ զենքի դեպի Աֆղանստան տեղափոխման հարցում: Այդ կապակցությամբ թերթն այն կարծիքն է հայտնում, որ «Ալ-Կաիդայի» դեմ ամերիկացիների պայքարի հաջողությամբ, ռուսները պետք է որ անչափ շահագրգռված լինեն, քանի որ հակառակ դեպքում, նրանք կկանգնեն Միջինասիական հանրապետություններում իսլամիստական էքստրեմիզմի տարածման վտանգի առաջ: Ամերիկյան դիվանագիտության մյուս խնդիրներից մեկը Աֆղանստանի շուրջ ուժեղ դաշնակցային ալյանս ստեղծելն է` ՆԱՏՕ-ի շրջանակներում եւ դրանից դուրս: Պրոպագանդիստական առումով Վաշինգտոնը ձգտում է հնարավորինս ամրապնդել այն գաղափարը, որ աֆղանական պատերազմը միայն Ամերիկայի պատերազմը չէ: Հիշեցման կարգով նշենք, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Աֆղանստանում սկսվեցին 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ թալիբների կառավարությունը հրաժարվեց Վաշինգտոնին հանձնել «Ալ-Կաիդայի» լիդեր Օսամա բեն Լադենին եւ ահաբեկչական կազմակերպության մյուս պարագլուխներին: Այսօր Աֆղանստանում տեղակայված են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների 68 հազար զինծառայող ՆԱՏՕ-ի բլոկից, որոնց այդպես էլ չի հաջողվել հաղթանակ տանել թալիբանների դեմ:

2 դեկտեմբերի 2009 թ., Նյու Յորք