Նախորդ տարվա Ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո առաջին անգամ ամբողջական կազմով երեկ հանդիպում է կայացել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի անդամների միջեւ: Երեկ, ըստ էության, առաջին դեպքն էր, երբ խորհրդի 29 անդամները արձագանքել են դաշինքի գլխավոր քարտուղարի առաջարկին եւ համաձայնել են քննարկել «21-րդ դարի մարտահրավերները» թեման: Երկու օր առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր. «Իբրեւ ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցության խորհրդի ղեկավար` իմ նպատակն է, որ մենք կարողանանք համաձայնեցնել մեր հայացքները 21-րդ դարի մարտահրավերների վերաբերյալ ու կկարողանանք գործողությունների կոնկրետ պլան մշակել, որտեղ համատեղ ուժերով ավելին կանենք` այդ մարտահրավերներին դիմակայելու համար»: ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծրագրում էին խորհրդի այս նիստում քննարկման առանցքային թեմա դարձնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերին ռուսական օգնության տրամադրման հարցը, սակայն ռուսական կողմը հստակ հայտարարել է` «բանակցությունները հարցականի տակ կդրվեն, եթե կենտրոնանան ոչ թե «Եվրոպական անվտանգության մասին» իրենց ներկայացրած համաձայնագրի առաջարկության վրա, այլ` Աֆղանստանի»: Մոսկվան անցած շաբաթվա վերջին ներկայացրել էր համաձայնագրի մի նախագիծ, որում` իբրեւ համագործակցության նոր ձեւաչափ, առաջարկվում էր վերանայել, ռուսական կողմի գնահատմամբ` «սառը պատերազմի ժամանակներից մնացած եւ վաղուց հնացած այնպիսի կառույցների աշխատանքը, ինչպիսին ԵԱՀԿ-ն եւ ՆԱՏՕ-ն են»: