«Ղարաբաղի ժողովուրդը չի վստահում ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին»

05/12/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Պարոն Մելիքյան, դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարություն արեցին, ըստ այդմ արձանագրվեց` «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների աճող հաճախականությունը շոշափելիորեն նպաստել է կողմերի միջեւ երկխոսության ակտիվացմանը»: Այսինքն` Ղարաբաղյան խնդրի կարգավորման ոլորտում որոշակի առաջընթաց էր արձանագրվել: Դուք «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նկատել եք, որ Ղարաբաղի թե՛ իշխանությունները, թե՛ ժողովուրդը եւ թե՛ ճակատագիրը Հայաստանի վարած քաղաքականության պատանդն են:

– Այո՛, եւ դրանո՛ւմ են թերեւս համանախագահները դիտարկում այդ առաջընթացը: Որովհետեւ համանախագահների` որպես գերտերությունների խմբի ներկայացուցիչների խնդիրն է՝ այս տարածաշրջանում հաստատել իրենց շահերն ու իրենց առաջնայնությունները: Այս տեսանկյունից շատ կարեւոր էր վերացնել ԼՂ-ի` ինքնուրույն գործոն լինելու հանգամանքը: Դրան նպաստեց այն, որ ԼՂ-ն ավելի քան 10 տարի չի մասնակցում բանակցություններին: Հասել ենք այնտեղ, որ Հայաստանի արտգործնախարարը կարող է հայտարարել` երբ անհրաժեշտ լինի, ԼՂ-ն կմիանա բանակցային գործընթացին: Եվ այս տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով Հայաստանում անցած նախագահական ընտրությունների արդյունքները, կարելի է ասել, որ ԼՂ-ն Հայաստանում կարող է ապավինել այսօր միայն ղարաբաղյան ծագում ունեցող Սերժ Սարգսյանին: Սա շատ տխուր երկընտրանք է, որովհետեւ մի կողմից` ակնհայտ է, որ Հայաստանում ոտնահարված է ժողովրդավարությունը, մյուս կողմից` Ղարաբաղի ժողովուրդը չի վստահում Հայաստանում այլ քաղաքական ուժի, հատկապես դա վերաբերում է ՀԱԿ-ին: Ղարաբաղում կայուն մտայնություն կա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, գալով իշխանության, անմիջապես կհանձնի տարածքները եւ Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու շահերը կոտնահարի: Այսինքն` Ղարաբաղում երկընտրանքն այսպիսին է` կա՛մ Սերժ Սարգսյան, կա՛մ Լեւոն Տեր-Պետրոսյան: Եթե սա է ընտրությունը, ապա ավելի լավ է Սերժ Սարգսյանը: Թեեւ ոչ մի երաշխիք չկա, որ Սերժ Սարգսյանն իսկապես կկարողանա պաշտպանել ԼՂ շահերը:

– Նշեցիք, թե Հայաստանը քայլ չի անում` Ղարաբաղն ընդգրկելու բանակցային գործընթացի մեջ, սակայն օրերս էլ արտգործնախարար Նալբանդյանը հայտարարեց, թե «Չկա հանդիպում, որ մենք չանդրադառնանք Ղարաբաղի ուղղակի մասնակցությանը բանակցություններին, որովհետեւ առանց Ղարաբաղի մասնակցության` անհնար է հասնել որեւէ պայմանավորվածության, որովհետեւ խնդիրը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, իսկ Հայաստանը փորձում է օգնել գործընթացին»:

– Ասողին լսող է պետք: Եթե քաղաքականությունը վարվեր ասելով, աշխարհի քաղաքական քարտեզը այսօր բոլորովին այլ տեսք կունենար: Մենք էլ գուցե Սեւրի պայմանագրի սահմաններով Հայաստան ունենայինք: Բայց իրականությունն այլ է. քաղաքականությունը կոնկրետ գործողություններ կատարելու եւ այդ գործողությունները կառավարելու ունակություն է: Հետեւաբար, երբ ՀՀ իշխանություններն ասում են, որ պետք է ԼՂ-ն դառնա բանակցությունների մասնակից, նաեւ պետք է քայլեր ձեռնարկեն:

– Կոնկրետ ի՞նչ քայլերի մասին է խոսքը:

– Կարող են հայտարարել, որ եթե խելամիտ ժամկետներում ԼՂ-ն չդառնա բանակցային գործընթացի անմիջական մասնակից, ապա Հայաստանը կսկսի ԼՂ-ի ճանաչման գործընթացը` Ադրբեջանի հետ բանակցելուն զուգահեռ: Դա կարող է տեւել 6 ամիս կամ մեկ տարի, բայց արդյունքը լինելու է մեկը` Հայաստանը պետք է ճանաչի ԼՂ-ի Հանրապետությունը:

– Այդ դեպքում Հայաստանը միջազգային հանրության համար ձեռք կբերի ագրեսորի համբավ եւ, բացի դա, Հայաստանի` ԼՂ-ն ճանաչելուց հետո խիստ մեծանում է պատերազմի հավանականությունը:

– Ես անձամբ համարում եմ, որ բանակցային այս տրամաբանությունը չի բխում Հայաստանի շահերից: Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները եւ դրանց օրակարգը խեղաթյուրում են հակամարտության էությունը, ժամանակագրությունը եւ կանխորոշում են արդյունքները այն տեսանկյունից, որ Հայաստանն այսօր էլ, ընդհանուր առմամբ, ընկալվում է որպես ագրեսոր պետություն: Այսօր էլ Մադրիդյան սկզբունքներում կա կետ, ըստ որի` հայկական զինուժը պետք է հեռացվի ազատագրված տարածքներից, ադրբեջանցիները պետք է այնտեղ վերադառնան, խոսք կա նաեւ Շուշի վերադառնալու հավանականության մասին, Հայաստանի հետ կապը պետք է իրականացվի Լաչինի միջանցքով: Այսինքն` միեւնույն է, եթե այս ամենը տալիս ենք խաղաղ ճանապարհով, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ:

– Աթենքյան հանդիպումից հետո արձանագրվեց, որ միջնորդ կողմերը այս հակամարտությունը տեսնում են միայն խաղաղ կարգավորման տարբերակով: Մեր արտգործնախարարը խանդավառությամբ արձանագրեց հայկական դիվանագիտության հերթական հաղթանակը` նույնիսկ ադրբեջանական կողմն է ընդունում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Հասկանալի է, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո:

– Այժմ թե՛ բանակցային գործընթացի շրջանակներում, թե՛ առանձին պետությունների ջանքերի միջոցով փորձ է արվում գործընթացը վերադարձնել 1988 թ.: Տարածքային առումով դա ԼՂԻՄ սահմաններն են, կարգավիճակի առումով` Արցախի ինքնորոշումն է` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն, մեծ հաշվով, Ադրբեջանը դա մեկնաբանում է այսպես` ԼՂ-ն կդառնա ինքնավար միավորում Ադրբեջանի կազմում: Բայց մենք այլեւս կորցրել ենք Ադրբեջանի կես միլիոն հայ համայնքը: 500.000 մարդ դարձավ փախստական: Պատերազմի ընթացքում կորուստներ կրեցինք: Ընդ որում, պատերազմի հեղինակները մենք չենք եղել: Այս տեսանկյունից` Հայաստանի դիվանագիտության պարտականությունն էր՝ գտնել այն ուղիները, որոնց միջոցով հնարավոր կլիներ թե՛ միջազգային հանրությանը, թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին նոր սկզբունքներով առաջ շարժվելու իրավիճակ պարտադրել: Ես այդ հնարավորությունը տեսնում եմ, եւ այդ ծրագիրը մենք մշակել ենք:

– ՀՀԿ 12-րդ համագումարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, թե ինքը խելոք մտքեր լսելուն դեմ չէ: Ձեր ծրագիրը ձեռքին` թակե՞լ եք նրա դուռը:

– Գիտեք, բավական տեւական ժամանակ առաջ նրան առաջարկել էի հանդիպել, առաջարկել էի նրան փոխանցել այս ծրագրի հիմնադրույթները: Արձագանք չեղավ: Կա՛մ ցանկություն չկա, կա՛մ էլ համարվում է, որ դժվար թե ծրագրում գտնվի ռացիոնալ այն հատիկը, որից կարողանա օգտվել ներկայիս իշխանությունը; Դա իր ընտրությունն է:

– Նշեցիք, որ ԼՂ իշխանությունները, ժողովուրդը չեն վստահում Հայաստանի իշխանություններին: Կարելի է հանգիստ նստել եւ չվստահել, սակայն անվստահություն արտահայտելու բազում այլ փորձված միջոցներ կան:

– Արցախի ժողովուրդը առաջին հերթին պետք է պահանջ ներկայացնի սեփական իշխանություններին: Իրողությունն այնպիսին է, որ ԼՂ իշխանություններն այսօր այդ տեսանկյունից շատ ծանր երկընտրանքի առաջ են: Կա՛մ պետք է վստահեն Սերժ Սարգսյանին, ում վարած քաղաքականությունը (համանախագահների ասած՝ «հաջողության» պարագայում) կավարտվի նրանով, որ տարածքներ են հանձնվելու, ադրբեջանցիներ են գալու, կա՛մ պետք է բողոքի Սերժ Սարգսյանի դեմ` աչքի առաջ ունենալով, որ Հայաստանում կարող է իշխանության գալ այնպիսի քաղաքական ուժ, որը շատ ավելի արմատական կերպով կարող է ոտնահարել Արցախի շահերը: Այս տեսանկյունից` Արցախում ընտրության հնարավորությունը շատ նեղ է:

– Պատերազմական գործողությունների վտանգը որքանո՞վ եք լուրջ համարում:

– Ասել, որ վաղը պատերազմ կլինի, ճիշտ չէ, բայց պատերազմի վտանգը պետք է միշտ աչքի առաջ ունենանք: Աշխարհում տեղի են ունենում գլոբալ գործընթացներ, որոնց համատեքստում է պետք դիտարկել Հարավային Կովկասում տեղի ունեցող ամեն բան: Գերտերությունների միջեւ անգամ թեթեւ սրացումները կամ փոխըմբռնման պակասը կարող է հանգեցնել պատերազմական գործողությունների նրանց մրցակցության, շփման գոտու ողջ երկայնքով. կլինի Ուկրաինան, Ղրիմը, Վրաստանը թե Արցախը, ցույց կտա ժամանակը: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած շրջադարձի: Այդ թվում` եւ պատերազմի: Նաեւ հոգեբանորեն:

– Ներքաղաքական վիճակը թույլ կտա՞ պատերազմի վերսկսման դեպքում ունենալ նույն հաջողությունը, ինչ ունեցանք Ղարաբաղի ազատամարտում: Եվ արդյո՞ք, դիցուք, իշխանությունների եւ ընդդիմության երկխոսությունը կարող է նպաստել ներքաղաքական ճգնաժամի գոնե մասնակի մեղմացմանը:

– Մեր քաղաքական դաշտում կա սկզբունքայնության բացառիկ պակաս, ինչը պայմանավորված է աշխարհայացքային, փիլիսոփայական բացերով, ուստի երկխոսությունը ցանկացած երկու գործող անձի միջեւ, ցանկացած պահի, հնարավոր է: Այլ բան է, որ երկխոսությունը մեզ մոտ ավելի շուտ պատեհապաշտական բնույթ ունի եւ պայմանավորված է պահի անհրաժեշտությամբ եւ ոչ թե պետական շահի գիտակցումով: Դեռ երեկ ոխերիմ թշնամիները վաղը կարող են դառնալ ամենամտերիմ դաշնակիցներ: Սակայն անգամ այս պարագայում երկխոսության հնարավորություն նախագահի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ չեմ տեսնում: Հայաստանում լուրջ եւ խոր քաղաքական ճգնաժամ է, որը երեւացող փուլից անցել է փակ փուլ: Արտաքուստ ճգնաժամը մատնանշող գործոնները չեն երեւում, չկան հանրահավաքներ, երթեր, քաղաքացիական անհնազանդություն, բայց ընդհանուր առմամբ կա ներքին լարվածություն, անվստահությունը իշխանությունների հանդեպ խորանում է: Մարդիկ ձեռքները թափ են տվել թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքականության վրա: Սա նշանակում է, որ Հայաստանի համար վճռական պահին ժողովուրդը կարող է մասնակից չդառնալ սեփական ճակատագիրը պաշտպանելու գործընթացին: Սա կնշանակի Հայաստանի` որպես պետության, ֆիասկո: