Մի քանի օր առաջ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունից հայտնեցին, որ մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Դպրոցը` կամայականությունների ու բիզնեսի կենտրոն» հրապարակման մանրամասները զեկուցվել է ՀՀ ԿԳ նախարար Աշոտ Աշոտյանին: ԿԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ նախարարի հանձնարարությամբ ներկայումս Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում ուսումնասիրություններ են կատարվում: Նախարարությունից վստահեցնում էին, որ ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնեն, ինչին «168 Ժամը» իր հետագա համարներում անպայման կանդրադառնա: Հիշեցնենք, որ Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի մանկավարժական արդեն նախկին կազմը, մոտ 25 հոգի` մեզ էր դիմել դպրոցի տնօրենի կատարած ապօրինի գործողությունները հրապարակելու խնդրանքով: Դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը, բացի նրանից, որ դպրոցում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ է ստեղծել, առանց հիմքերի կրճատել է թվով 25 մանկավարժական մեծ փորձ ունեցող ուսուցիչների: Ի դեպ, կրճատման տակ հայտնված մանկավարժների դիմումին ի պատասխան` ՀՀ Աշխատանքի պետական տեսչության մասնագետներն արձանագրել էին Ա. Ստեփանյանի կողմից թույլ տրված ՀՀ Աշխատանքային օրենսգրքի մի շարք կոպիտ խախտումներ: Ներկայումս կրճատման տակ հայտնված մանկավարժները հայց են ներկայացրել դատարան: Այդ գործի ընթացքի մանրամասները մենք անպայման կներկայացնենք: