«Հայաստանում դոլարի փոխարժեքի այժմյան բարձրացումը պայմանավորված է դրա
բավականին մեծ պահանջարկով»,- անդրադառնալով դոլարի փոխարժեքի
բարձրացմանը, նման հանճարեղ միտք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի
նախագահ Տիգրան Սարգսյանը եւ բանից անտեղյակ հայ ժողովրդին բացատրել. «Եթե
պահանջարկ կա, նշանակում է՝ այն ազդում է տարադրամի փոխարժեքի վրա»: Իսկ
պահանջարկը, ըստ գլխավոր բանկիրի, կապված է ընթացիկ տնտեսական իրավիճակի,
մասնավորապես՝ արտահանման ու ներմուծման ծավալների աճի հետ: Բացի այդ,
Տիգրան Սարգսյանի կարծիքով, այդ գործընթացների վրա ազդում են նաեւ
միջազգային գործոնները, որոնք հանգեցրին նրան, որ ԱՄՆ-ում
վերաֆինանսավորման տոկոսադրույքները գերազանցել են եվրոպական համապատասխան
ցուցանիշներին: «Դա նշանակում է, որ ներդրողները հետաքրքրված են իրենց
խնայողությունները եվրոյից դոլարի վերածելու հարցում, քանի որ դոլարային
եկամտաբերությունը 1,5 անգամ բարձր է»: Ըստ Տիգրան Սարգսյանի, սրանք
դոլարի փոխարժեքի վրա ազդող գործոններից միայն մի քանիսն են: Այս հարցում,
թերեւս, ճիշտ է պրն Սարգսյանը: Ինչպե՞ս կարող էր նա հայտարարել, որ կան
դոլարի փոխարժեքի բարձրացման նաեւ այլ, անձնական պատճառներ: Ասենք,
ներկայումս Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների բավական
ներկայացուցչական մի «պատվիրակություն» արձակուրդն անցկացնում է Նիցցայում
կամ Մոնտե Կառլոյում: Ըստ հավաստի տեղեկությունների, մերոնք այնտեղի
խաղատներում բավական մեծ գումարներ են տանուլ տվել, իսկ «թավանը», ինչպես
հայտնի է, «փակվում» են ոչ թե հայկական դրամով, այլ դոլարով, որն էլ, ըստ
ամենայնի, հավաքվել է Հայաստանի շուկայից: Նման գործոնների շարքը կարելի է
շարունակել, բայց դա թողնում ենք Տիգրան Սարգսյանին: