Ֆրանսիացի լեգենդար երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության հիմնադիր Ժան Միշել Ժարը վերջին տարիներին իրականացնում է իր հեղինակային նախագիծը, որը կոչվում է «Քաղաքները համերգում» եւ համերգի մեջ է ներգրավում ոչ միայն հանդիսատեսի ստվար զանգվածը, այլ ողջ քաղաքը: Նման տոտալ համերգների ֆորմատը ֆրանսիացի երաժիշտը անհրաժեշտություն է համարում:
Նրա համերգների ընթացքում քաղաքի շենքերի վրա եւ փողոցների խաչմերուկներում տեղադրվում են հսկայական էկրաններն ու դեկորացիաները, որպեսզի անցորդները գոնե մի հատված, բայց լսեն համերգը: Նաեւ` տեսնեն այն: Տեսանելի համերգների ընթացքում հնարավոր է դառնում հետեւել քաղաքի զարկերակին, շտապող ու մի պահ կանգ առնող մարդկանց: Ժան Միշել Ժարն այն երաժիշտներից է, ով առաջինն է սկսել օգտագործել գերժամանակակից լուսային սարքերը, վիդեոինստալյացիաներն ու լազերային շոուներով զուգորդել իր համերգները: Ժարը Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր է, քանի որ 1979 թվականին անցկացված իր փարիզյան համերգի հանդիսատեսի թիվը գերազանցել է 1 մլն մարդը: Հետագայում այդ թիվը հասել է մի քանի միլիոնի: Ժարը տոտալ համերգային շոու է ցուցադրել եգիպտական բուրգերի, Էյֆելյան աշտարակի, Աթենքի Ակրոպոլիսի, Մոսկվայի Կրեմլի մոտակայքում, Աֆրիկայի անապատներում, այսինքն՝ գրեթե բոլոր այն վայրերում, որտեղ հզոր էներգետիկ դաշտ կա: Նրա համերգներին սովորաբար մի քանի հազար մարդ է մասնակցում եւ մի քանի տասնյակ տոննա պիրոտեխնիկա է օգտագործվում: Ժարի կատարած առաջին էքսպերիմենտների հիմքում եղել են ռադիոազդակները, որոնք նա ձայնագրել է ռադիոընդունիչից ու մշակելով` ստեղծել մեզ շրջապատող ձայնային ֆոնի կոլաժը: Նա նաեւ հեռախոսային «ռինգտոնների» ու գովազդային ձայնակցության հեղինակ է, ով թեեւ միշտ փորձում է նորարար լինել, սակայն խոստովանում է, որ համակարգչային երաժշտությունը երբեք չի կարող մրցել կենդանի հնչողության հետ: Կենդանի ձայների համադրումի սկզբունքով Ժարը փորձել է նաեւ ձայնային տիեզերքի կերպարը ստեղծել: Հետագայում նա հորինել է լազերային տավիղը, որի վրա հնարավոր էր նվագել միայն հատուկ ասբեստային ձեռնոցներով: Դեկտեմբերի 18-20-ը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացվի Ժան Միշել Ժարի համերգների մասին պատմող «Քաղաքները համերգում» ֆոտոցուցահանդեսը: