Բաճկոնը ափսոսել են

03/12/2009

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Քննվել է այդ գործով անցնող միակ «տուժողի»` ոստիկան Վազգեն Դաբաղյանի ստացած «մարմնական վնասվածքների» եզրակացությունը: Ղարիբյանը, ըստ այդմ, 0,2-0,3 սմ չափերի մարմնական վնասվածք է ստացել Փաշինյանի հարվածից: Հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ երեկ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարել է, որ եթե Նիկոլը 2007թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում իրոք ոտքով հարվածած լիներ տուժողի ոտքին, ապա հնարավոր չէր լինի, որ 0,2-0,3 սմ վրա վնասվածք պատճառեր: «Նման վնասվածք հնարավոր է պատճառել գրչի կամ ասեղի ծայրով: Փաշինյանի ոտքի մակերեսը շատ ավելի մեծ է»,- ասել է Լ.Սահակյանը: Շարունակելով ապացույցների ուսումնասիրությունը` Փաշինյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը ներկայացրել է դատափորձաքննության ներկայացված ոստիկաններից մեկի վերնաշապիկը ու գլխարկը, որոնք, ըստ գործի, պատռել են ցուցարարները: Նա հայտարարել է, որ ոստիկանները բոլորովին այլ վերնաշապիկ են ներկայացրել, քանի որ 2007թ. հոկտեմբերի 23-ին ոստիկանները բաճկոնով են եղել, եւ ցուցարարները չէին կարող ոստիկանների բաճկոնների տակ մտնել եւ վերնաշապիկի վրայից ուսադիր փոկել: «Ոստիկանների ուսադիրները այդ ժամանակ բաճկոնի վրա են եղել, իսկ ոստիկանները վերնաշապիկ են ներկայացրել փորձաքննության, քանի որ նրանք վերնաշապիկ ավելի հաճախ են ստանում, իսկ բաճկոնը ափսոսել են»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ոստիկանի գլխարկին, ապա պաշտպանը նկատել է, որ եթե ցուցարարները նրա վրայից պոկած լինեին զինանշանը, ապա այն չէին տա ոստիկաններին, որպեսզի նրանք էլ փորձաքննության ներկայացնեն: «Ոստիկանի գլխարկն այնքան տրորված ու ճմռթած է, կարծես թե երթի մասնակիցների ողջ զայրույթը ուղղված է եղել ոչ թե ոստիկաններին, այլ այդ գլխարկին»,- ասել է Վարոսյանը:

Ի դեպ, քրեական գործում տեղ չի գտել մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ժողովրդին ուղղված Նիկոլ Փաշինյանի հանդարտության կոչերից որեւէ մեկը: Դատավարությունը կշարունակվի այսօր: