Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարներից մեկում, վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարների գործառույթների ու լիազորությունների մասին հայեցակարգ է մշակել` «ՀՀ պետական կառավարման համակարգի եւ գործառույթային բարեփոխումներ» հնչեղ անունով:
Հիշեցնենք, որ այդ հայեցակարգով սահմանափակվում են նախարարների լիազորությունները, որոշ գործառույթներ նրանցից վերցվում ու կենտրոնացվում են կառավարության աշխատակազմում: Այս հայեցակարգը մոտ մեկուկես ամիս առաջ բաժանվել է բոլոր 18 նախարարներին, որպեսզի վերջիններս դրա մասին իրենց գրավոր կարծիքը փոխանցեն վարչապետին: Մեր տեղեկություններով՝ նախարարների մեծ մասը բացասական կարծիք է տվել այս հայեցակարգին: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, բացասական կարծիք են ներկայացրել բնապահպանության ՀՀԿ-ական նախարար Արամ Հարությունյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով նշանակված նախարարները: Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, նախարարներից ոմանք առանց ծանոթանալու այդ հայեցակարգի բովանդակությանը` կառավարություն են ուղարկել դրական եզրակացություն: Բայց ծանոթանալուց հետո արդեն ուղարկել են երկրորդ` բացասական կարծիքը:
Կառավարությունը կընդունի՞, թե՞ կհրաժարվի իր հայեցակարգից, դեռ պարզ չէ: Հիմա կարծես թե այս հայեցակարգի քննարկումն ու ընդունումը կասեցվել է, որովհետեւ նախարարների կողմից բուռն դժգոհության է արժանացել: Բայց, ամենայն հավանականությամբ, իշխանությունները կփորձեն իրականություն դարձնել իրենց նախագիծը: Ուստի կարծում ենք՝ արժե մի շարք մանրամասներ ներկայացնել այդ հայեցակարգից: Նախ, այդ հայեցակարգով նախարարի ներկայիս հիմնական գործառույթների զգալի մասը վերապահվում է նախարարության աշխատակազմի ղեկավարին: Այդ պաշտոնյային է տրվելու նախարարության անձնակազմի հավաքագրման ու նշանակման, ֆինանսական հոսքերի կառավարման, նյութական ռեսուրսների օգտագործման, աշխատակազմի գործունեության կազմակերպումը: Աշխատակազմի ղեկավարն իր այս ողջ գործունեության համար, նախարարից բացի, հաշվետու է լինելու կառավարությանն ու անձամբ վարչապետին: Բոլոր նախարարություններում ու կառավարությանն առընթեր մարմիններում կտարանջատվեն քաղաքականության մշակման ու ծառայությունների մատուցման գործառույթները: Առաջինը կմնա նախարարին, երկրորդը` աշխատակազմի ղեկավարին, կամ կտրվի որեւէ այլ գործակալության: Ի դեպ, այս հայեցակարգի համաձայն՝ նախարարություններից կտարանջատվեն բոլոր տիպի գործակալությունները, ծառայությունները, ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ները եւ նմանատիպ այլ կառույցներ: Լիցենզավորման, հավատարմագրման եւ այդ կարգի այլ գործառույթները նախարարությունների փոխարեն կտրվեն այլ գործակալությունների: Ընդ որում, նախարարության ծրագրերի մեծ մասը պատվերի կարգով կիրականացնեն վերը նշված կառույցները եւ իրենց աշխատանքի համար պատասխանատու կլինեն նաեւ վարչապետին: Այսքանից հետո թերեւս պատահական չէ, որ նախատեսվում է փոխել նաեւ աշխատակազմի ղեկավարի նշանակման կարգը: Եթե մինչեւ հիմա այդ պաշտոնում նշանակումները կատարվում էին նախարարի համաձայնությամբ, ապա դա արդեն լինելու է վարչապետի մենաշնորհը: Բացի այդ, նախարարն իր աշխատակազմի վրա չի ունենալու լիակատար վերահսկողություն: Նա իր աշխատակազմի հետ պետք է աշխատի աշխատակազմի ղեկավարի միջոցով: Հետաքրքիր է նաեւ հայեցողական, այսինքն՝ առանց քաղծառայության մրցույթների նշանակված պաշտոններին տված գնահատականը: «Դեռեւս շարունակվում են քաղաքական ու հայեցողական պաշտոնյաների (նախարարի տեղակալ, խորհրդական, մամուլի քարտուղար, օգնական, ռեֆերենտ), այսինքն՝ քաղաքական թիմի կողմից աշխատակազմի գործունեության կազմակերպման գործընթացներին միջամտությունը: Վերջինս ստեղծում է ենթակայության երկակիություն եւ պատասխանատվության շրջանակների անհստակություն»,- նշված է հայեցակարգի նախագծում: Այդպիսով, նախարարներից ըստ էության վերցվելու են որոշումներ կայացնելու, աշխատակազմ հավաքագրելու ու ծախսեր կատարելու գործառույթները: Նախարարն իր ղեկավարած գերատեսչությունում դառնալու է շարքային աշխատող, որը կախման մեջ է լինելու ոչ միայն վարչապետից, այլ նաեւ իր աշխատակազմի ղեկավարից: Մի խոսքով, այս հայեցակարգը` կիրառման դեպքում կարող է քարուքանդ անել պետական կառավարման ողջ համակարգը` ու կառավարությանը կամ վարչապետին տալով այդ գերատեսչությունների գործունեությունը ոչ միայն վերահսկելու, այլ նաեւ ուղղակի միջամտելու լծակներ:
Այս նախագծում նաեւ որոշ փաստարկներ են ներկայացվել այս փոփոխությունները հիմնավորելու համար: Բնականաբար, առաջին հիմնավորումը պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման «ազնիվ մղումն է»: «Սույն հայեցակարգի հիմնական նպատակն է՝ բարձրացնել կառավարման արդյունավետությունը` քաղաքական ու վարչական որոշումների ընդունման գործընթացների հստակեցման եւ կառավարման կառուցվածքների համապատասխանեցման ճանապարհ»,- նշված է հիմնավորման մեջ:
Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ այս հայեցակարգի հիմնական նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Դա կարելի է անել, ինչպես Տիգրան Սարգսյանն է սիրում ասել, «քաղաքական կամք դրսեւորելով»: Ինչպիսին դրսեւորվեց ամրագոտիներ կրելու որոշման դեպքում: Տ.Սարգսյանը մի օր որոշեց, որ վարորդները պետք է «լոպազություն» չանեն ու անպայման ամրագոտիները կապեն: Նույն կերպ կարելի է քաղաքական կամք դրսեւորել ու արգելել կաշառք վերցնելը, ցանկացած ծրագրի դեպքում գործող «ատկատների» մեխանիզմը եւ զանազան այլ կոռուպցիոն երեւույթները: Այս հայեցակարգից, ինչպես ասում են, «ընտրությունների հոտ է գալիս»: Նախարարներին զրկելով իրենց լիազորություններից ու գործառույթներից, նրանց զրկում են նաեւ իրենց քաղաքական թիմի համար աշխատելու հնարավորությունից: Կուսակցություններն իրենց նախարարների միջոցով ոչ միայն չեն կարողանա իրենց անդամներին աշխատանքի տեղավորել ու այդպիսով հնարավորինս ուժեղացնել իրենց թիմը, այլ կզրկվեն ընտրություններին ձայներ ապահովելու հնարավորությունից: Խորհրդարանական ընտրություններին մնացել է երկուսուկես տարի, ինչին էլ, ամենայն հավանականությամբ, պատրաստվում են իշխանությունները: Եթե, իհարկե, մինչ այդ արտահերթ ընտրություններ չլինեն: