Ոչ հեռու ապագայում

03/12/2009

Դեկտեմբերի 7-ն այն վերջնաժամկետն է, երբ թուրքական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է տա իր եզրակացությունը Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից ստորագրված արձանագրությունների վերաբերյալ: «Հանձնաժողովը շատ դեպքերում կարող է երկար ձգձգել այդ հարցերը: Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի օրակարգում կան հարցեր, որոնք ներկայացվել են տասնամյակներ առաջ եւ դեռ չեն քննարկվել,- երեկ ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` ավելացնելով,- Այնպես որ, հանձնաժողովի համար պարտադիր չէ, որ ինքը մինչեւ ամսի 7-ը քննարկի: Թեեւ կան հարցեր, որոնց վերաբերյալ հանձնաժողովը մինչեւ ամսի 7-ը պետք է որեւէ մոտեցում ցուցաբերի»: Այդուհանդերձ, նա համոզված չէ, որ մինչեւ դեկտեմբերի 7-ը հանձնաժողովը կընդունի որեւէ որոշում: «Չեմ կարծում, որ եթե որոշում չընդունվի, դեկտեմբերի 7-ին սպասվելիք Օբամա-Էրդողան հանդիպումը չի կայանա»,- ասել է նա` նշելով, որ քանի որ հիմա քրդական հարցն է թուրքական քաղաքական շրջանակների կիզակետում, եւ քանի որ քրդական հարցն է դրվել թուրք-ամերիկյան դիվանագիտական սակարկությունների սեղանին, հայ-թուրքական հարաբերություններին թուրքական կողմը կանդրադառնա քրդական հարցին որոշակի լուծում տալուց հետո: «Բայց մյուս կողմից՝ ես համոզված եմ, որ դա պետք է տեղի ունենա ոչ շատ հեռու ապագայում»,- ասել է նա: