Եվ այսպես, ստիպված ենք հերթական անգամ մեր ընթերցողներին ծանրաբեռնել թվային տվյալներով. ՀՀ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է «ՀՀ պետական բյուջեի կատարողականը՝ 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին»։
Ընթերցողները սովորաբար չեն սիրում թվերով ծանրաբեռնված հոդվածներ կարդալ։ Միգուցե ոմանք կհարցնեն՝ այդ դեպքում ավելի լավ չի՞ լինի ընդհանրապես չխորանալ այդ ամենի մեջ։ Հաճույքով այդպես էլ կանեինք, եթե խոսքը չվերաբերեր իսկապես կարեւոր ցուցանիշների։ Այսինքն՝ ձանձրալի ու հոգնեցուցիչ թվացող տվյալները կարող են պատասխանել շատ կարեւոր հարցերի։ Ասենք՝ ինչո՞ւ Վալոդ պապիի թոշակը մյուս տարի չի բարձրանալու։
Միանգամից նշենք, որ Վալոդ պապիի թոշակը չի բարձրանալու, որովհետեւ կառավարությունը հաջորդ տարի նախատեսում է հավաքել ավելի քիչ հարկեր, քան այս տարի էր նախատեսված։ Իսկ այս տարի, ինչպես արդեն գիտեք, հավաքվել է նախատեսվածից շատ ավելի քիչ։ Ֆինանսների նախարարության հրապարակումը հենց այդ մասին է։
Սկսենք նրանից, որ 2009 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 539.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 648.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 60.2%-ով եւ 72.4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը: Այսինքն՝ քիչ է հավաքվել, սակայն պետությունը ծախսերը դրան համարժեք չափով չի նվազեցրել։ Այսինքն` կատարել է անհետաձգելի ծախսերը՝ չի ուշացրել աշխատավարձերն ու թոշակները։
Բյուջեի եկամուտների առյուծի բաժինը` 78.1%-ը ձեւավորվել է հարկերի ու տուրքերի հաշվին։ Մնացածը՝ 15.5%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներն են, 5.9%-ը` այլ եկամուտները եւ 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհները։ Առաջին 10 ամիսների ընթացքում բյուջե են մուտքագրվել շուրջ 421.3 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր: Փաստորեն, 12 ամիսների ընթացքում պետք է հավաքվեր շուրջ 727 միլիարդ դրամի հարկեր, տուրքեր եւ սոցվճարներ, սակայն անցել է 10 ամիս, եւ հավաքվել է տարեկան ծրագրի ընդամենը 57.7%-ը։
2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները նվազել են 18.1%-ով կամ 93.3 մլրդ դրամով: Առանձին-առանձին հարկատեսակներին չենք անդրադառնա։ Փոխարենը, ՖՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ եկամտահարկի եւ հաստատագրված վճարների, արձանագրվել է մուտքերի անկում: Ցուցանիշները կարելի է համեմատել աղյուսակի օգնությամբ, որը կազմել ենք ՖՆ պաշտոնական տվյալների հիման վրա։
Ավելացված արժեքի հարկը, ինչպես տեսնում եք, շարունակում է մնալ բյուջեի համալրման հիմնական աղբյուրը։ Եվ չնայած որ նախորդ տարվա համեմատությամբ այս հարկատեսակի գծով մուտքերը պակասել են 65.7 մլրդ դրամով (կամ 24.6%-ով), այն կազմում է ընդհանուր հարկերի շուրջ 48%-ը։
Սա էլ իր հերթին նշանակում է, որ բյուջեի «հալալ» կեսը ընկնում է շարքային սպառողների ուսերին։ Ընդ որում, նվազել են եւ՛ ներմուծումից, եւ՛ ներքին շրջանառությունից ստացվող գումարները: Ներքին շրջանառության հետ կապված՝ նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, պետությունը ընդառաջ է գնացել փոքր ու միջին բիզնեսին, բարձրացրել ԱԱՀ-ով չհարկվող շրջանառության շեմը եւ կամավոր իրեն զրկել շուրջ 20 միլիարդ դրամ հարկային մուտքերից։ Զգալի չափով նվազել են նաեւ մաքսատուրքերը։ Հասկանալի է՝ հիմնականում ներմուծման ծավալների կրճատման պատճառով։
Սակայն ավելի հետաքրքիր է իր մեծությամբ երկրորդ՝ շահութարկի դինամիկան։ Ինչպե՞ս եղավ, որ 18 տոկոսանոց տնտեսական անկման պարագայում շահութահարկի գծով մուտքերը կրճատվել են աննշան չափով՝ 1.3%-ով։ Կարծեմ՝ մեր իշխանավորներից մեկը փորձել էր սա ներկայացնել որպես դրական երեւույթ, այն իմաստով, որ անգամ ճգնաժամի պայմաններում մեր բիզնեսը շահույթով է աշխատում։ Սա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Շահութահարկի պատկերը պարզ է դառնում տարին ամփոփելուց հետո եւ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի տեսնել՝ ով է շահույթով աշխատել, ով՝ վնասով։ Իսկ տարվա ընթացքում, մինչեւ այդ արդյունքին սպասելը, գործարարները վճարում են շահութահարկի կանխավճար՝ ամեն ամիս, նախորդ տարվա շրջանառության մեկ տոկոսի չափով։ Փաստորեն, այս տարվա առաջին 10 ամիսների ցուցանիշները, այսպես ասած, իներցիոն, մեխանիկական թվեր են եւ ոչ մի կերպ չեն արտահայտում տնտեսության ճգնաժամային վիճակը։
Նույնը կարելի է ասել նաեւ եկամտահարկի մասով։ Իր մեծությամբ երրորդ հարկատեսակը, ինչպես տեսնում եք, ոչ միայն նվազել, այլ ավելացել է 4.8 միլիարդ դրամով։ Ցանկության դեպքում սա կարելի է բացատրել բնակչության եկամուտների ավելացմամբ։ Սակայն այստեղ էլ ավելի շատ գործ ունենք «իներցիոն» մեխանիզմների հետ։ Պարզեցված հարկը, ինչպես գիտեք, այլեւս չկա։ Իսկ ի՞նչ պատահեց այդ հարկով աշխատող գործարարների հետ։ Պատահեց այն, որ նրանք հայտնվեցին կա՛մ շահութահարկի դաշտում, կա՛մ եկամտահարկի։ Եվ քանի որ եկամտահարկի դաշտում հայտնված մանր ու միջին բիզնեսմեններն ամեն ամիս կատարում են եկամտահարկի գծով կանխավճարներ, նրանց թվաքանակի ավելացումը բերել է հարկային մուտքերի ավելացման։ Ասվածի մասին է վկայում նաեւ այն, որ պարզվեցված հարկի կրճատումը գրեթե հավասար է եկամտահարկի ավելացմանը:
Ինչ վերաբերում է բյուջեի ծախսային մասին, ապա չնայած հարկերի հավաքագրումը զգալիորեն զիջել է նախորդ տարվա ցուցանիշներին, ծախսերի դեպքում դա այդպես չէ։ 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 648.1 մլրդ դրամի ծախսեր` կազմելով ճշտված տարեկան ծրագրի 72.4%-ը։ Ընթացիկ ծախսերը կազմել են 566 մլրդ դրամ, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները՝ 82.1 մլրդ դրամ:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2009թ.
հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում, մլրդ դրամ
2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 5.6%-ով կամ 34.4 մլրդ դրամով: Ինչպես նշվում է ՖՆ հաղորդագրության մեջ, աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, աշխատավարձի եւ նպաստների ծախսերի աճով:
Համեմատության համար նշենք, որ 2009թ. Պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված էր 945 մլրդ դրամի ծախսեր։ Իսկ հաջորդ տարվա համար պետությունն ավելի զգուշավոր է եղել, եւ երեւի «դասեր քաղելով ճգնաժամից»՝ բյուջեի ծախսերը նվազեցրել է մինչեւ 860 մլրդ-ի։ Աշխատավարձի համար նախատեսված գումարը 2010-ին կազմելու է 67.9 մլրդ դրամ, ինչն ընդամենը 1.5 միլիարդով է գերազանցում այս տարվա պլանային ցուցանիշը։ Կենսաթոշակների եւ նպաստների մասով բարձրացում չի սպասվում. հակառակը՝ դրանք նվազելու են. 2009թ.՝ 178.8 մլրդ, 2010թ.՝ 177.9 մլրդ։ Նպաստները՝ 2009թ. բյուջեով կազմել են՝ 64.3 մլրդ, 2010թ.՝ 62.8 մլրդ։ Պետությունը կրճատել է անգամ սեփական չինովնիկների շրջագայությունների եւ գործուղումների վրա կատարվող ծախսերը։ Այս տարվա բյուջեով նախատեսված 3.18 մլրդ-ի փոխարեն այդ նպատակին կհատկացվի 2.87 մլրդ դրամ։ Ինչպես ասում են՝ անցել են «խիստ խնայողական ռեժիմի»։
Չնայած՝ կա մի հոդված, որի գծով հաջորդ տարի ծախսերն ավելանալու են։ Այն էլ՝ զգալի չափով։ Իհարկե, խոսքը վերաբերում է արտաքին պարտքի սպասարկմանը։ Եթե տոկոսավճարների մարմանը այս տարվա բյուջեով հատկացված էր 15.9 միլիարդ դրամ, ապա հաջորդ տարի՝ 38.2 մլրդ։ Ընդ որում, զգալիորեն մեծացել են հատկապես արտաքին պարտքի մարմանն ուղղված գումարները՝ 4 միլիարդից հասնելով 20.87 միլիարդի։ Բնականաբար, դա պայմանավորված է դրսից ներգրավված վարկերի աճով, որոնք, իբր, պետք է մեր տնտեսությունը դուրս բերեն ճգնաժամից։