Կրճատե՞լ, թե՞ չկրճատե՞լ. թե՞ ավելի շատ կրճատել

03/12/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

2010թ.-ի պետական բյուջեի նախագծում 6.5 տոկոսով ավելի քիչ գումար է նախատեսված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման համար, քան 2009թ.-ի հաստատված պետական բյուջեով: Սա՝ այն դեպքում, երբ 2010թ.-ի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը 2009թ.-ի հաստատված բյուջեի համեմատ պակաս են մոտ 9 տոկոսով:

Արդյոք պետք չէ՞ր ավելի շատ կրճատել իշխանության մարմինների պահպանման ծախսերը ճգնաժամի պայմաններում, եւ ընդհանրապես ի՞նչ մոտեցում պետք է ցուցաբերել այս հարցի վերաբերյալ:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը կարծում է, որ պետական ապարատի պահպանման ծախսերը չպետք է մեխանիկորեն կրճատվեն: «Առաջին հայացքից բնակչությանը դուր է գալիս պետական ապարատի պահպանման ծախսերի կրճատումը: Ենթադրենք՝ նախարարի մեքենայի սպասարկման ծախսերը, կառավարության կամ ԱԺ-ի գործուղման ծախսերը կրճատվեցին: Դա ճիշտ մոտեցում չէ: Պետք է ոչ թե ծախսը կրճատենք` ելնելով նրանից, որ բյուջեի եկամտային մասի կրճատում է սպասվում, այլ պետք է հասկանանք` եթե կա ծախս, որը կարելի է հեշտությամբ կրճատել, գուցե այդ ծախսը պետք չէ՞ր ընդհանրապես անել: Իսկ եթե կրճատվում է, ենթադրենք, պետական պաշտոնյայի ծառայողական մեքենայի սպասարկման ծախսը, դա չի նշանակում, որ իրականում մեքենայի սպասարկման համար ավելի քիչ միջոցներ կծախսվեն: Ուղղակի աղբյուրը կփոխվի` կներգրավվեն հասարակության համար անտեսանելի, առավել անվերահսկելի ռեսուրսներ»,- ասում է Է. Սանդոյանը` հավելելով, որ ծախսերի մեխանիկական կրճատումը կխորացնի կոռուպցիոն ռիսկերը: «Եթե Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին ֆինանսավորում ենք ավելի ցածր, քան անհրաժեշտ է` աշխատավարձը քիչ ենք տալիս, վառելիքի, հանդերձանքի փողը չենք տալիս, ակնհայտորեն բյուջետային քաղաքականությամբ ստիպում ենք Ճանապարհային ոստիկանությանն անցնել «ինքնաֆինանսավորման»: Իսկ թե ինչպես է իրեն դրսեւորում ոստիկանը, որի աշխատավարձը չի բավարարում արժանապատիվ ապրելու համար, մենք շատ լավ գիտենք: Եթե նման մոտեցում ենք ցուցաբերում Դատախազության, Ոստիկանության, այլ պետական մարմինների նկատմամբ, ապա բնականաբար մենք կոռուպցիան ներարկում ենք համակարգի մեջ: Ինչ է նշանակում՝ նախարար կամ պատգամավոր, որը չի կարողանում իր ընտանիքը պահել, ստանում է ծիծաղելի աշխատավարձ, բայց նայում ենք` կարծես թե ոչ մի նախարար կամ պատգամավոր դեռեւս սովամահ չի եղել,- նշում է Է. Սանդոյանը` հավելելով,- Ըստ էության չտեսնելով այս ամենը՝ մենք 18 տարի շարունակ զարգացնում ենք կոռուպցիան»: Պետական ապարատի պահպանման ծախսերը, ըստ նախկին նախարարի, կարելի է կրճատել միայն պետական կառավարման մարմինների գործառույթները մասնավոր հատվածին փոխանցելու, դրանք վերանայելու կամ քանակական կրճատումների հաշվին: «Եթե, օրինակ, նստած որեւէ նախարարությունում որեւէ մեկը ինչ-որ գործառույթ է իրականացնում, ենթադրենք՝ վերլուծական աշխատանքով է զբաղվում, բայց կարելի է այդ գործառույթը մրցութային եղանակով առաջարկել մասնավոր հատվածին, եւ ազնիվ ձեւով մրցույթ անցկացնել ու ավելի որակյալ մասնագիտական արդյունք ստանալ, ապա այս գործառույթը պահպանել կառավարման պետական ապարատում չի կարելի: Եթե Կառավարության որեւէ վերահսկիչ գործառույթ չի հանգեցնում բուն նպատակին, գուցե պետք է մտածենք այս ֆունկցիայի ապապետականացման, օրինակ, Սպառողների միություն տեղափոխելու, կամ քաղաքացիական այլ ինստիտուտները զարգացնելու մասին»,- ասաց Է. Սանդոյանը:

Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ու սպասարկման ծախսերը ճգնաժամի պարագայում պետք է հնարավորինս շատ սահմանափակվեն: «Եթե պետական ապարատի հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի, մեքենաների եւ նմանատիպ ծախսերի մասին է խոսքը գնում, ապա միանշանակ է, որ ինչքան կրճատեն, այնքան լավ: Ոչ մի ձեւով չի կարելի հակառակը պնդել, դա միայն ու միայն օգուտ է: Սա, իհարկե, չի նշանակում, թե դատավորին պետք է 10 հազար դրամ աշխատավարձ տան, դասախոսին՝ 300 հազար: Բայց կոռուպցիոն ռիսկերն էլ միայն աշխատավարձի ծախսերով չեն պայմանավորված»,- նշեց Վ. Խաչատրյանը: Նա եւս կարծում է, որ պետական ապարատը ուռճացված է: «Մեր պետական ապարատը գերուռճացված է, մեզ ոչ այդքան նախարարներ են պետք, ոչ փոխնախարարներ: Օրինակ` նույն այդ Սփյուռքի նախարարության կարիքը ընդհանրապես չկա, մինչդեռ 2010թ.-ին այս նախարարությանը հատկացվող միջոցների ծավալը զգալիորեն մեծացվել է: Պետք է հնարավորինս սահմանափակել նաեւ զարգացմանն ուղղված ծախսերը, ասենք` այնպիսի շինարարական ծախսերը, որոնք արտադրական նպատակներ չեն հետապնդում»,- նշեց Վ. Խաչատրյանը: Ըստ նրա՝ չափազանց ուռճացված են հատկապես Նախագահի աշխատակազմն ու նախարարների աշխատակազմերը: «Հատկապես նախագահի աշխատակազմում բազմաթիվ կրկնություններ կան, օրինակ` կա Արդարադատության նախարարություն, բայց նախագահի աշխատակազմում մի հատ էլ Իրավաբանական վարչություն կա, կա Վերահսկիչ պալատ եւ մի վերահսկողական ծառայություն էլ կա նախագահի աշխատակազմում: Ու ընդհանրապես վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմիններ էլ կան, որոնք բոլորը պետք է փակվեն: Այնպես որ, նախագահի, վարչապետի, նախարարների աշխատակազմերի գործառույթները շատ են նման իրար եւ հաճախ նույնիսկ կրկնվում են»,- ասում է Վ. Խաչատրյանը: