Անցած շաբաթ հարազատ կառավարությունը թոշակառուներին «աչքալուսանք» տվեց: Երկու «աչքալուսանք»: Միանգամից` երկու: Նախ հայտարարվեց, որ կենսաթոշակների բարձրացման նախընտրական խոստումը չի կատարվելու: Այսինքն՝ 2010-ին թոշակների ու համանման նպաստ-վճարների բարձրացում չսպասեք: Այս փաստն անակնկալ չես համարի: 2010-ի բյուջեն ներկայացնելուց արդեն ամեն ինչ պարզ էր: Այդ պատճառով էլ գործադիր իշխանությունը ջանք չարեց հասարակությանը որեւէ բացատրություն տալու: Համաշխարհային տնտեսական ճգնաժամ է: Հետեւաբար՝ ըմբռնումով մոտեցող կենսաթոշակառուն պարտավոր է ուրախանալ, որ նպաստ-թոշակները չեն կրճատվելու: Բայց մեր իշխանություններն ամենեւին էլ մտադիր չեն հանգիստ տալ ըմբռնումով մոտեցող թոշակառուներին: Եկող տարի նրանց մեծ անակնկալ է սպասում: Հարազատ իշխանությունների օգոստոսափառ կամքով եկող տարվանից կենսաթոշակ-նպաստները վճարվելու են բանկային քարտերով: Այս որոշումն իր հիմքում հավանաբար բարի մտահոգություն ունի: Տարիներ շարունակ մեր կենսաթոշակառուները փնթփնթում էին, որ թոշակը տուն բերողները մի քանի հարյուր դրամ պակաս են վճարում: Հիմա էլ չեն բողոքի: Այդ մի քանի հարյուր դրամն այսուհետ ամբողջ ամիս կմնա իրենց բանկային հաշվի վրա: Թոշակառուն, իհարկե, այլընտրանք ունի` հազար դրամից պակաս մնացորդը նա կարող է ստանալ բանկի գրասենյակում հերթ կանգնելով: Իշխանություններն ակնհայտ գոհ են իրենց որոշումից: Գոհ են ու համարում են, որ մեր կյանքի հասարակական մասշտաբ ունեցող մի ոլորտ էլ բերվեց եվրոպական չափանիշների: Մի որոշումով ազգիս թոշակառուները քաղաքակրթվեցին: Հավանաբար սա նանոտեխնոլոգիաների զարգացումը խթանելու առաջին քայլ է: Այդ մասին մեր իշխանությունները անդադար խոսում էին: Տարիներ շարունակ: Ու վերջապես ձեռնարկեցին: Ըստ հասարակագետների՝ այն իր նախապատմությունն ունի, ինչպես հասարակական կյանքի բոլոր լուրջ երեւույթները: Մասնագետների մի մասի կարծիքով՝ այս որոշումն իր լուսավորական, մշակութաբանական հետեւանքներով կարելի է համեմատել, թերեւս, միայն բոլշեւիկյան «լիկբեզի» հետ: Ժամանակին բոլշեւիկներին հաջողվեց իրագործել բնակչության անգրագիտության վերացման ծրագիրը: Անցած դարի երեսնականներից սկսված ծրագիրը, եթե չեմ սխալվում, նրանք ավարտեցին հիսունականներին: Հիմա` նոր տեխնոլոգիաների դարաշրջանում մեր իշխանությունները որոշել են վերացնել ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում բնակչության անգրագիտությունը: Մասնագետների մյուս խումբն այդքան չխորանալով պատմագիտության մեջ՝ նշում է, որ այս որոշման փորձարկումը սկսվել է մի քանի տարի առաջ: Սկսվել է կրթաթոշակների ոլորտում: Որքան էլ տարօրինակ է, մեր բուհական համակարգում դեռ պահպանվել է կրթաթոշակ հասկացությունը: Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին պետությունը կրթաթոշակ է տալիս: Բավական օրիգինալ կրթաթոշակ` այն կազմում է 4 հազար 950 դրամ: Ուշադրություն դարձրեք, ոչ թե ուղիղ 5 հազար, այլ 4950 դրամ: Ո՞վ է որոշել նման դեղագործական չափաբաժին, դժվար է ասելը: Բայց եթե հաշվի առնենք, որ կրթաթոշակը վճարվում է բանկային քարտերով, ապա ահագին բան հասկանալի կդառնա: Մասնավորապես այն փաստը, թե ինչու է որեւէ բանկ համաձայնվել այդ գլխացավանք գործընթացը վերցնել իր վրա: Բանկոմատներից հնարավոր է հանել միայն թղթադրամ: Այսինքն՝ առաջին ամսվա 950 դրամը եւ հետագա ամիսների հազար դրամից պակաս գումարները, որպես կանոն, մնում են բանկի տրամադրության տակ: Հայտնի արտահայտությամբ ասած՝ «Մանրուք է, բայց հաճելի է»: Բայց նոր` կենսաթոշակային բարեփոխման ոլորտում կարեւորը դա չէ: Այլ այն, որ 65 տարեկանից բարձր կենսաթոշակառուներին ստիպելու են գլուխ հանել բանկոմատներից: Դժվար չէ պատկերացնելը, թե ինչ է կատարվելու: Բանկոմատները աշխատանքային որոշակի արագություն ունեն: Եթե քարտը մտցնելուց հետո հաճախորդը դանդաղ է կատարում անհրաժեշտ գործողությունները, բանկոմատը քարտը կլանում է: Հաճախորդին մնում է այցելել բանկի գրասենյակ ու քարտը ետ ստանալ մի քանի օրվա ընթացքում: Այսինքն՝ մեկ-երկու օր մնալ առանց փողի: Մեկ այլ տեսանկյունից կարելի է պնդել, որ մեր կառավարությունը ժողովրդին հերթական դիտարժան տեսարանն է մատուցում: Պատկերացրեք, թե ինչպես է 70-80 տարեկան պապիկը (կամ տատիկը) մոտենում բանկոմատին, գտնում համապատասխան անցքը, մտցնում քարտը (ճիշտ դիրքով ու ուղղությամբ), մուտքագրում կոդը, այնուհետեւ սեղմում «Մնացորդի հարցում» կոճակը, համոզվում, որ իր թոշակը փոխանցվել է, այնուհետեւ տալիս է «Կանխիկի ստացում» հրահանգը եւ նշում, թե որքան գումար է ակնկալում ստանալ բանկոմատից: Այս գործողությունների ընթացքում, եթե տատիկ-պապիկը երկու-երեք անգամ սխալվում է, բանկոմատը հրաժարվում է վերադարձնել քարտը: Թոշակառուին նորից մնում է այցելել բանկի գրասենյակ: Ցանկացած հասարակության քաղաքակրթության աստիճանը որոշվում է առաջացած տարիք ունեցողների հանդեպ ունեցած վերաբերմունքով: Մեր հասարակությունը 65 տարեկանից բարձրին պատվում է 25-30 հազար դրամի չափ կենսաթոշակով ու անդադար կրթելու անզուսպ եռանդով: