Էջմիածնից դեպի Գրիբոյեդով գյուղ ընդամենը 15 րոպե է, այն էլ՝ «սովորական» երթուղային տաքսիով: Գրիբոյեդովցի` ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով փոքրիկ տղային այս ճանապարհը չափազանց երկար էր թվում: Նա շարունակ ոտքերը դնում էր նստատեղերին` չարաճճի ժպիտով որսալով ուղեւորների հայացքները: Ճանապարհի եզրերին ուրվագծվում էին կիսաայրված, անմշակ բաց տարածությունները, որտեղ ինչ-որ բան որոնելու հույսով շտապում էր նախիրը: «Տատ, տատ…»,- հանկարծ փոքրիկը սկսեց երգել` իր կողմ հրավիրելով ուղեւորների ուշադրությունը: Վարորդը դիտահայելու միջից անկեղծ ժպիտով նայում էր փոքրիկ տղային: Գյուղի սկզբնամասում տատ ու թոռ իջան: Իսկ փոքրիկի շնչառության գոլորշին դեռ չէր անհետացել երթուղային տաքսու ապակուց, որտեղից հստակ երեւում էին գյուղի խորդուբորդ ճանապարհներին թափված աղբակույտերը: Երթուղայինը կանգնեց Գրիբոյեդովի Մշակույթի տան մոտ, որի շենքը պատուհաններ չունենալու պատճառով նմանվել էր անատամ ծերունու:
«Էս գյուղը առաջ Քյոլանլու էր կոչվում, այսինքն` քյոլ ու քոսոտ տեղ: Թուրքական գյուղ էր: 1919թ. Ադրբեջանի Շաքի շրջանից հայերը եկան ու էստեղ տնավորվեցին: Էն ժամանակ էլ կոտորածներ կային: Մենք 35 շունչ էինք, որից միայն 7-ը տեղ հասան,- պատմում էր Արամայիս պապը: -1920-ական թվականներին գյուղացու պայմանները շատ ծանր էին` ո՛չ եզ կար վարի համար, ո՛չ գութան, ո՛չ սերմ: Ոչ մի բան չունեինք: Ժողովուրդը թալանով էր ապրում` Մասիսի ռայոնի թուրքերից շատ ենք գողություններ արել: Ամեն ինչ էլ գողանում էինք` ոչխար, բրինձ, ի՜նչ ասես: Մինչեւ 1949թ. թուրքերի հետ հաշտ-համերաշխ ապրում էինք, հետո, որ թուրքերը գնացին, մենք էլ նրանց տները առանք»,- ասաց 83-ամյա պապը, ում խոսքերին ակնդետ հետեւում էին գյուղի երիտասարդները, ովքեր հարցեր էին ուղղում պապիկին` շարունակելով հետեւել նարդու «զառերի» կամակոր ու երբեմն հաճելի շարժին: Իսկ ողորկ ձեռնափայտին հենված Արամայիս պապը դեռ չէր ավարտել պատմությունը: Պապը, ինչպես թոնրի շրթին վառված լավաշը, ցավ էր ապրում անցյալի համար, որտեղ Սովետմիության օրենքների համաձայն` գութան ունեցող գյուղացիներին աքսորում էին: «Քյասիբի համար կոլխոզը լավ էր, իսկ հարուստների համար` չէ: Նրանց կուլակաթափ արեցին: Հիմա էլ ասում են` սահման ենք բացելու, ասա գյուղացուն ի՞նչ օգուտ կբերի: Թուրքից մենք լավ բան չենք սպասում: Էն ժամանակ թուրքերը հայ կնանիքի վրա աչք էին դնում, էդ նույնը պիտի կրկնվի: Հետո էնտեղ ամառ-ձմեռ բանջարեղեն կա, բերելու են էժան թափեն, գյուղացին էլ ի՞նչ կարա անի: Էս ա: Մեր երկրի Կառավարությունը մի անգամ գոնե մտածո՞ւմ ա գյուղացու, գյուղի մասին: Հակառակը` հողի հարկը բարձրացնում են, ջուրը թանկացնում են, հետո ասում են` գյուղացի ջան, դե գնա լավ ապրի»,- խոսում էր պապը: Իր խոսքն ասաց ու եզդի պարոն Ալիխանի հետ հեռացավ գյուղամիջից: Իսկ նկարիչ Հրաչյա Պետրոսյանը, որն, ըստ գյուղացիների, նոր էր դուրս եկել հոգեբուժարանից, սկսեց խոսել նկարչական տարբեր ուղղությունների ու նկարիչների` իմպրեսիոնիզմի, Մանեի, Մատիսի մասին: «Գիտես, ես արդեն 5-6 տարի է` չեմ նկարում: Ներկերը խայտառակ թանկ են: Տարիներ առաջ իմ նկարած բոլոր գործերը վաճառեցի` ապրուստի միջոց էր պետք: Ի՞նչ արած, նույնիսկ հորս դիմանկարը, որ իմ սիրած գործն էր, 5000 դրամով վաճառեցի»,- ցավով ասաց Հրաչյան` գյուղի աղբյուրի մոտից նայելով Արցախյան հերոսամարտի զոհվածների հուշահամալիրին: Սեւասքեմ մի կին շիրմաքարերից մաքրում էր աշնան տերեւաթափի հետքերը` զրուցելով քարերի հետ: Միայն տերեւների խշխշոցից կինը բարձրացրեց գլուխը, նայեց ինձ ու կրկին շարունակեց իր գործը: Այս տեսարանից` չգիտես ինչո՞ւ` լեզուդ քարկապ է ընկնում: Կինը դեռ եռանդով մաքրում էր շիրմաքարերին կուտակված փոշին: Մեկ էլ հանկարծ դեղին տերեւի պես մի «բարեւ» ընկավ: «Է՜, 18 տարի ա ` կյանք չունեմ: Աստծուն հարցնում եմ` ինչի՞ ինձ էլ չտարար: Տղաս ա… Պատերազմի զոհերից մեկը: Առանց ընտանիք ստեղծելու գնաց: Ասում էր` ես զինվոր չեմ, ես հայրենասեր եմ: Եսիմ… Տունս գերեզմանոցի դիմաց ա: Օրս այ էսպես անցնում ա: Գալիս եմ, տղաների հետ խոսում, լացում ու գնում: Առաջ մտածում էի, որ տղայիս 40-ը չլրացած` կմեռնեմ, բայց չէ: Երեւի լացն ա ինձ փրկել: Ու եթե մի օր նույնիսկ մահամերձ լինեմ, գետինը ճանկռելով, չոքեչոք գալու եմ էստեղ մաքրեմ»,- առանց ընդհատելու՝ հուզվում էր Օֆիկ տատը, հետո նշում տղայի ստացած շքանշանների մասին, որոնց փայլը, ավաղ, չէր կարող երջանկացնել որդեկորույս մորը:
Գյուղը պետք է փրկել
Գյուղի հուշահամալիրում էլ հանդիպեցի Գրիբոյեդովի գյուղապետ Սոս Գաբրիելյանին: Ուշագրավն այն էր, որ գրեթե բոլոր գյուղացիները փորձում էին քողարկել իրենց խնդիրները` կարծելով, թե դրանով միայն օգնում էին գյուղապետին: «Ովքե՞ր են ասել, որ գյուղում խնդիրներ չկան: Հիմա եթե ես ասեմ, օրինակ, ճանապարհները գերազանց վիճակում են, դուք կհավատա՞ք ինձ: Ասեմ` գյուղում ջրի խնդիր չկա՞: Գյուղը պետք է փրկել Բնապահպանության նախարարությունից: Ինչո՞ւ: Մեր գյուղը գտնվում է սահմանային գոտում: Այստեղ ժամանակին ինքնաշատրվանող 29 հորեր կային, որտեղից բնակիչները օգտվում էին: Հիմա դրանք վերացան, ինչը Բնապահպանության նախարարության մեղքն էր, որը կատարեց անհարկի հորատումներ` ձկնաբուծարաններ բացելու համար: Մինչդեռ ըստ երկրաբանների` 25 հա հողատարածքում կարելի է ընդամենը մեկ հորատում կատարել: Էսօր ամբողջ Արարատյան դաշտը սետկա են դարձրել: Իսկ գյուղացիները հոսանքով են ստանում ջուրը` մղիչ պոմպերի միջոցով: Ու պատկերացրեք գյուղացիների վիճակը, երբ գյուղում 3 օր հոսանք չլինի: Ես առանց որեւէ մեկից քաշվելու կամ վախենալու կարող եմ ասել, որ Բնապահպանության նախարարությունը համապատասխան գումարներ, այսինքն` կաշառքներ ստանալու ակնկալիքով թույլ է տվել այդպիսի անհարկի հորատումներ: Թույլտվությունը մինչեւ 15.000 դոլար արժե: Մարդիկ տալիս են ու սկսում հանգիստ հորատումներ անել: Լավ, բիզնեսը թողնենք մի կողմ, բայց էդ ո՞ւմ հաշվին են անում»,- ասաց Գրիբոյեդովի գյուղապետ Սոս Գաբրիելյանը, ով անզուսպ զայրույթով էր խոսում նաեւ ՀՀ Գյուղնախարարության մասին: «10 տարի է, ինչ ղեկավարում եմ այս համայնքը, բայց դեռ Գյուղնախարարությունից որեւէ աջակցություն կամ օգնություն չեմ տեսել: Ես պարզապես զարմանում եմ` ինչի՞ են իզուր ծախսեր անում` նախարարությունը պահելու համար»,- նշեց գյուղապետը: Հետաքրքիր է, թե ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը ի՞նչ է արել գյուղացիների համար, բացի բերքի իրացման մասին «հեքիաթներ» պատմելուց, որից նույնիսկ ամենափոքրիկ երեխան արդեն հոգնել է: Գրիբոյեդովի գյուղապետի եւ բնակիչների շնորհիվ գյուղի ճանապարհները սկսել են բարեկարգվել, սկսել են Մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները: Ի դեպ, Մշակույթի տան մի հատվածում վերաբացվելու է գյուղի մանկապարտեզը, որն արդեն 3 տարի չի գործում: «Մի խոսքով` «Ինչպես ասում են` եղունգ ունես, գլուխդ քորիր: Ճիշտն այն է, որ յուրաքանչյուր մարդ իր խնդիրներն ինքը լուծի: Չեք պատկերացնի` ինչքան վիրավորական է, երբ եվրոպացիները գալիս են, իրենց մշակած ծրագրերի շրջանակում գյուղացիներին դաշտ ջրել են սովորեցնում: Այդպիսի մի ծրագիր կա, որն արդեն 4 տարի է` դասընթացներ է կազմակերպում գյուղացիների համար: Անհեթեթություն է, «փող լվանալու» ձեւ: Ու հետո էլ ծախս են անում, նկարում-տանում ցույց տալիս իրենց ղեկավարներին` ասելով, թե հայերին սովորեցրեցինք, թե բահը ոնց բռնեն, դաշտը ոնց ջրեն: Ես էլ իրենց ասում եմ` թող ջուրը լինի, մենք մեր ավանդական ձեւով կջրենք»,- իրավացիորեն նկատեց Սոս Գաբրիելյանը, ում ղեկավարած համայնքում, նույնիսկ մետաղյա «դոմիկներում» մարդիկ ապրում են անխռով: Պարոն Ավետիսն իր ընտանիքով, 14 տարի է, դոմիկում է ապրում: Տան տպավորություն թողնելու համար` Գրիբոյեդովի բնակիչը քարե պատերով ծածկել է «դոմիկի» կարմիր ներկված մետաղը: «Չեռնոբիլի մասնակիցներից եմ: Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց մինչ օրս փաստաթուղթ չունեմ: Հասկանո՞ւմ եք` հաշմանդամության կարգը փողով ա: Դե, էլի մի 120.000 ուզում են դրա համար: Իսկ ինձ որտեղի՞ց: Չնայած չեմ էլ ուզում բժշկի գնալ, մեկ էլ տեսար՝ եսիմ ինչ հիվանդություններ հայտնաբերեն»,- ասում է պարոն Ավետիսը, որն իր համար անցանկալի հոգսերի թեման եզրափակելով` դիմում է կնոջը` տիկին Վարդիթերին, հյուրերի համար սուրճ պատրաստելու համար: Կինն էլ խոհանոց-խցիկում, որտեղ, բացի կլոր վառարանից, որեւէ առարկայի համար դժվար էր տեղ անել, հետեւում էր սուրճին: Նա ամուսնու պես չէր սիրում հոգսերի մասին խոսել: «Ի՞նչ ասեմ: Տղաս բանակում ա: 5 ամսից տուն կգա, բայց մի անգամ նույնիսկ արձակուրդի չի եկել: Խնդիրը էդ չի, որ ուզեր` կգար, միայն թե դրա համար էլ ծախսեր են պետք: Եթե աշխատանք լիներ: Մի հողակտոր ունենք, էդ ա»,- ասաց տիկին Վարդիթերը` հյուրասիրելով իր պատրաստած քաղցր սուրճը: