«Տատից դուրս չեմ գալիս, ես ինձ պաշտպանում եմ»,- ասում է 10 տարեկան Արմենը

03/12/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սարի թաղի իրար վրա «հենված», ճկված խրճիթների տեսարանը նման է փոշու մեջ կորած, անփույթ դարսված, մաշված ու դեղնած գրքերի պատկերների: Մռայլ ու կիսաքանդ, հողի մեջ կիսաթաղված կամ տանիքը տանիքի վրա երեւացող «խուճուճ», ոլոր-մոլոր տներն ասես պատմություններ լինեն, որոնք թերթելիս մի քիչ տխրում ես, մի քիչ զվարճանում, մի քիչ էլ ամաչում, որ օրեցօր զարգացող քաղաքի կենտրոնի մի փոքրիկ կտոր դեռեւս «1941» թվի հոտով է բուրում: Արեգակի լույսից, արեւի ջերմությունից, կիսալուսնի ստվերից ու քամու թափանցիկ մաքրությունից հեռու` Սարի թաղի գետնից մի քանի թիզ բարձրությամբ, «ցածրահասակ» մի խրճիթում ապրում է Արմեն անունով 10 տարեկան մի տղա, որն էս աշխարհում բոլորին ու ամեն ինչ սիրում է, բացի իրենից: Իսկ ամենասիրելի մարդը Հովհաննես Թումանյանն է, որովհետեւ, երբ տխրում է` կարդում է Թումանյանի գործերն ու ուժ է ստանում: Ասում է` «Էնքան երազանքներ ունեմ, որ սկսել եմ երազանքներով ապրել, իսկ իրականում դատարկություն է»: «Ինչո՞ւ»,- հարցնում եմ: Մեծավարի, ամբողջ մի կյանք ապրած մարդու նման խորիմաստ պատասխանում է` «Դե՛, որովհետեւ, երբ երազանքները չեն իրականանում` կոտրվում ես: Երազանքներով մի աշխարհ ես ստեղծում, որն իրականում չկա: Բայց մի բան կա, որը երեւի կիրականանա: Ուզում եմ մանկավարժ դառնալ եւ հայոց լեզու, գրականություն առարկա դասավանդել»: Չնայած Արմենի աչքի ոսպնյակը վիրահատված է եւ մի աչքին ապակի է տեղադրված, այդուհանդերձ, շատ է կարդում: Սիրում է գրականություն, մասնավորապես` Թումանյանի քառյակները: Իսկ ամենասիրելի գիրքը Աստվածաշունչն է, որն Արմենի անբաժան ուղեկիցն է, որովհետեւ ասվում է` «Հիվանդները կբժշկվեն…»: Արմենը ծանր հիվանդություն ունի, ծնվել է (ԺՃկ) մանկական ցերեբրալ պարալիչ հիվանդությամբ: Չնայած ֆիզիկական արատին` մտավոր ունակությունները զարգանում են բնականոն հունով: Իրականում Արմենը շշմելու աստիճանի խորը ներաշխարհի տեր, երազող ու ռոմանտիկ մարդ է: Ասում է` «Ուղղակի մի քիչ տխուր մարդ եմ: Սիրում եմ տխուր երաժշտություն, ֆիլմեր, օրինակ` «Որբերը» կինոն դուրս գալիս է: Գիտե՞ս, ես երաժիշտ չեմ, բայց օրինակ` Թումանյանի բանաստեղծությունները, քառյակները դարձնում եմ երգեր ու երգում եմ: Տեքստերի վրա իմ երաժշտությունն եմ ստեղծագործում»: Արմենը դժվարությամբ է տեղաշարժվում եւ ինքնուրույն «ապրելու» հնարավորությունից զրկված է, որովհետեւ ոտքերին պրոթեզներ են տեղադրված եւ քայլելու ընթացքում հաճախակի ընկնում է: Դպրոց հաճախելիս նրան օգնում են ծնողները եւ քույրը, հակառակ դեպքում չի կարող տանից դուրս գալ: Սարի թաղի թիվ 47 դպրոցի մանկավարժական կազմի եւ դասընկերների մասին խոսելիս Արմենի աչքերը փայլում են: Ասում է` «Դասատուներս ինձ շատ են օգնում, ինձ շատ սիրում են, ես էլ իրանց: Դասընկերներս էլ են շատ օգնում: Երբ մենակ եմ լինում ու մեկի օգնության կարիքն եմ զգում` իրանք հարազատի նման ինձ ուղեկցում են: Էնպես չի, որ ես իրանց նման չեմ, դրա համար ինձ ծաղրեն, ծիծաղեն ինձ վրա, չէ՛, բոլոր երեխեքն էլ ինձ սիրում են»: Արմենի մայրը` Լարիսան, վստահեցնում է, որ որդու ֆիզիկական թերությունն ամենեւին էլ առիթ չի հանդիսանում Արմենին բացասաբար վերաբերվելու համար: Ճիշտ հակառակը` բոլորն էլ պատրաստ են նրան ձեռք մեկնել եւ ընկերաբար հոգալ նրա խնդիրները: Լարիսան ասում է, որ անգամ հարեւաններն են Արմենի ջերմության հարցը լուծելու համար փայտ նվիրում, իսկ ոմանք պահանջում են, որ լվացքը նա ձեռքով չլվանա, որովհետեւ պատրաստակամ են իրենց լվացքի ավտոմատ մեքենայով այդ գործողությունները կատարել: «Մարդիկ էդքան վատը չեն, ինչքան որ էսօր ներկայացվում են: Էսօր ես նեղության մեջ եմ, բայց բոլորն էլ պատրաստ են ինձ ձեռք մեկնել: Ամեն մեկն ուզում է իր ձեւով օգտակար լինել»,- վստահեցնում է Լարիսան` ասելով, որ Արմենի ուսուցիչները չափազանց հոգատար մարդիկ են եւ մոր պես են նրան վերաբերվում: Լարիսան ամուսնացել է վրացահայ Գրիգոր Մնացականյանի հետ, եւ տարիներ առաջ տեղափոխվել են Վրաստան` Գրիգորի հայրական տուն: Ծնվել է առաջնեկը` արդեն 16 տարեկան Վերոնիկան, իսկ երկրորդ երեխային կորցրել է, ինչի հետեւանքով արյան զեղում է ստացել. «Վրաստանի ծննդատանն ինձ չէին ասել, որ երեխան ինֆեկցիայի հետեւանքով է մահացել, ու չէին նախազգուշացրել բուժվելու մասին: Փաստորեն էդպես ինֆեկցիայով հղիացա, ու Արմենս ծնվեց ԺՃկ-ով»: Այնուհետեւ Լարիսան ընտանիքով վերադարձել է Հայաստան, եւ մինչ օրս ապրում են մոր տանը, որովհետեւ տուն չունեն, իսկ Վրաստանում ամուսնու հայրական տանն ապրում է Գրիգորի եղբայրն իր ընտանիքով: Մինչեւ յոթ տարեկան դառնալն Արմենը մեծացել է մոր գրկում, քանի որ չի կարողացել նստել, կանգնել, շարժվել, ողնաշարն անկառավարելի է եղել: «Հետո մի օր գնացինք «Կարմիր խաչ» կազմակերպություն, որտեղից մեզ խորհուրդ տվեցին երեխային տանել Նորագյուղում գտնվող Վերականգնողական կենտրոն»: Վերականգնողական կենտրոնում մասնագետների շնորհիվ Արմենն այսօր կարողանում է տեղաշարժվել, քանի որ նրանց աշխատանքի արդյունքում նրա կծկված, ձգված մկաններն այսօր «բացվել» են: Լարիսան ասում է, որ բուժման կուրսը տեւում է չորս շաբաթ, եւ ցանկալի է, որ Արմենը տարվա մեջ չորս անգամ այդ կուրսն անցնի: «Շատ-շատ մեծ արդյունք կա, երեխաս այսօր մեր օգնությամբ քայլում, շարժվում ա, իսկ առաջ մկանները քարացած էին: Եթե չգնայինք էդ կենտրոն, սայլակավոր կդառնար»: Թեեւ ցանկալի է տարվա մեջ չորս անգամ այդ պրոցեդուրաներն անցնել, սակայն Լարիսան եւ ամուսինը կարողանում են միայն երկու կուրս բուժումն ապահովել, որովհետեւ սոցիալական ծայրահեղ վիճակը թույլ չի տալիս: Ասում է, որ յուրաքանչյուր բուժման կուրսի համար 35.000 դրամ միայն պետական մուծումներն են կատարում, իսկ տրանսպորտային միջոցներից օգտվելու ծախսերը կրկնակի գումար են կազմում: «Արմենիս տրանսպորտ նստացնելը շատ բարդ ա, անընդհատ ընկնում ա: Դե՛, պատկերացրե՛ք, որ մարդու ոտքերը գիպսի մեջ լինեն` ո՞նց կծալի: Ինքն էլ ծանրաքարշ մարմին ունի, գրկել հնարավոր չէ: Սարի թաղ էլ ընդամենը մի հատ ավտոբուս ա մտնում, որը ԳՈՒՄ-ից պիտի փոխենք, որ հասնենք Նորագյուղ: Ստիպված տաքսիով ենք տանում: Ճիշտն ասած` նման խնդրով երեխա մեծացնելը սարսափելի դժվար ա, մեկ-մեկ ներվերդ չի դիմանում, քեզ կորցնում ես, երեխայիդ վիրավորում ես…»,- ասում է Լարիսան ու մեղքի զգացումից աչքերը լցնում է: Ասում է` վերջերս նյարդերը տեղի են տվել ու նույնիսկ Արմենի վրա ձեռք է բարձրացրել, բայց հետո գիշերները տանջանքից չի կարողացել աչք փակել: Ձմռանը պրոթեզներով ապրող Արմենի ոտքերն ահավոր սառչում են, որովհետեւ գիպսի մեջ տաքություն ապահովել հնարավոր չէ. «Սապոգ չկարողացանք առնել, բոթասով ա դասի գնում: Ցրտերի հետ սկսեց տակը միզել: Ոտքերը մրսում են, դրա համար չի կարում պահի: Մենք էլ տանը ջուր չունենք, լվացքի մեքենա չունենք, ձեռքով եմ լվանում: Ամեն օր լվացք եմ անում, դրա համար էն օրը ներվայնությունից խեղճ երեխուս…»: Արմենը նայում է լացից խեղդվող մորն ու ներողամիտ թախիծով ժպտում է: Մանկական ցերեբրալ պարալիչ հիվանդության համար մեր պետությունն Արմենին հատկացնում է 11.200 դրամ հաշմանդամության թոշակ: 16.000 դրամ ընտանեկան նպաստից Լարիսան զրկվել է այն պահից սկսած, երբ հասկանալով, որ նպաստով ապրել հնարավոր չէ` ծննդատանը որպես «սանիտարկա» ընդունվել է աշխատանքի: «Ախր ես 35.000 դրամ աշխատավարձ եմ ստանում, բայց հնարավոր չէ երեխայի թոշակով ու իմ աշխատավարձով էսքան հոգսեր հոգալ: Ամաչում եմ ասել, բայց ժամը 3-ն է, ես դեռ հաց չեմ գնել, երեխաներս դեռ հաց չեն կերել: Տեսուչն ասում է` դու ընդունվել ես աշխատանքի, դրա համար էլ չես ստանում նպաստ: Բայց ես ընդունվել եմ աշխատանքի, որովհետեւ նպաստով հնարավոր չի ապրել, լույս, ջուր, տրանսպորտ, դպրոց, ուտելիք… Նպաստի գումարը մեզ շատ էր օգնում: Ախր երեխայիս բուժումը մեր համար ամենակարեւորն ա, բայց…»: Բայց հասունացման շրջանի հետ Արմենի ֆիզիկական վիճակը հնարավորինս բարելավելու մասնագետների պահանջները երեխայի ծնողներն ի զորու չեն ամբողջությամբ կատարել, որովհետեւ վերականգնողական կենտրոնում պարբերաբար բուժման կուրս անցնելու համար գումար է պետք: Արմենի քայլելու, տեղաշարժվելու հետագա ունակությունները կախված են այսօրվա հնարավորություններից: Լարիսան վստահեցնում է, որ տղայի վիճակը զգալիորեն փոխվել է բուժման կուրսերն անցնելուց հետո: Հայրը` Գրիգորը, մասնագիտությամբ շինարար է եւ աշխատում է, երբ աշխատանք լինում է, իսկ կայուն աշխատանք, մասնավորապես ճգնաժամի հետեւանքով «կանգնած» շինարարության պայմաններում գտնել հնարավոր չէ: Արմենի քույրը` Վերոնիկան, վերջերս է վիրահատվել, որովհետեւ տան խոնավ պայմանների պատճառով երիկամը լայնացել էր: «Բաբլոյանի կենտրոնում լրիվ անվճար կերպով վիրահատեցին: Որոշել էին լայնացած երիկամը հեռացնել, բայց, քանի որ գործող երիկամ էր, պարզապես փոքրացրեցին լայնացած երիկամը: Բժիշկներն ասեցին, որ կարող է կրկնվել, պետք է տաք պահել, խնամել աղջկան»,- ասում է Լարիսան ու անընդհատ կրկնում է, որ բարի մարդիկ շատ կան եւ իրենց օգնում են՝ սկսած հարեւաններից, մինչեւ բժիշկ-մասնագետները:

Արմենը մեկ էլ երազում է Ամանորն ուրախ անցկացնելու մասին, որովհետեւ քանի տարի է` ծնողներն իր բուժման կուրսի համար ծախսում են ողջ գումարները եւ Նոր տարին անցկացնում են փակ դռների ետեւում, դատարկ սեղանի շուրջ. «Դե՛, ես Ձմեռ պապ, բան, նման բաների չեմ հավատում: Երբ փոքր էի, էլի չէի հավատում, որովհետեւ ասում էի` Ձմեռ պապ չկա, որովհետեւ երբեք մեր տուն չի եկել ու նվեր չի բերել: Բայց, երբ 31-ի գիշերը մաման պատրաստած բան ա ունենում, սեղան ենք գցում` բոլորս մի տեսակ ուրախ ենք լինում: Որ մաման ու պապան ուրախանում են` իմ տխրությունն էլ ա անցնում: Գիտե՞ս, ինչից եմ շատ տխրում… Որ ֆիզկուլտուրայից ազատված եմ: Բոլորը սպորտային հագուստ են հագնում, մարզվում են, բայց ես չեմ կարա: Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, բայց ոտքերս… Դասերից հետո դասամիջոցներին բոլորը դուրս են գալիս, իսկ ես մնում եմ դասարանում նստած: Էդպես հեշտ է, թե չէ` տեսնում եմ վազվզող երեխաներին ու տխրում եմ: Երեւի դրանից ա, որ ես տխուր մարդ եմ: Տանից էլ դուրս չեմ գալիս, ես ինձ պաշտպանում եմ»:

Արմենը սիրում է փակվել… Կառուցել է իր երազների աշխարհն ու իրեն գտել է իր հերոսների միջավայրում: Ասում է, որ բոլորն էլ իրեն լավ են վերաբերվում, սիրում ու իր մասին հոգ են տանում: Բայց ինքը սիրում է իր աշխարհը, իր աշխարհի հերոսներին ու իր աշխարհի մեջ ապրող իրեն: Իսկ ուրիշների մեջ գտնվող Արմենին չի սիրում, որովհետեւ էդ Արմենը զրկված է ֆիզկուլտուրայի դասին մասնակցելու, ֆուտբոլ խաղալու եւ ինքնուրույն դպրոց հաճախելու հնարավորությունից: Արմենը սիրում է իր հորինած Արմենին, որը հորինել է Աստվածաշունչ եւ Հովհաննես Թումանյան կարդալու ազդեցության տակ: