Հարգելի ընթերցող, Պողոս Հակոբովը ԽՍՀՄ-ի, իսկ հետո Ռուսաստանի Արտգործնախարարության ամենաճանաչված եւ սիրված դիվանագետներից է, որը կենդանի լեգենդ է դարձել այդ համակարգում եւ, չնայած անցել է ութերորդ տասնամյակի սահմանագիծը` այսօր էլ հաստատուն կանգնած է պատնեշի վրա:
«Արաբագետների կնքահայրը»
Սմոլենսկայա հրապարակում նրան անվանում են «Արաբագետների կնքահայր»: Անվանումը գոյության իրավունք ունի: Նա քառորդ դար աշխատել է արաբական երկրներում, որից 16-ը` Եգիպտոսում, ղեկավարել է նախարարության Միջին Արեւելքի երկրների վարչությունը: Բնավորությամբ մարդամոտ է, աշխույժ: Բարությունը դրոշմված է աչքերում, որոնք, մանավանդ՝ ժպտալիս, ջերմություն են հաղորդում դիմացինին: Պատրաստ է մարդկանց օգնության հասնել՝ առանց սպասելու, որ խնդրեն, հատկություն, որը հազվադեպ կարելի է հանդիպել միշտ զուսպ եւ (թող ներեն իմ գործընկերները) մի փոքր սառը բնավորություն ունեցող դիվանագետների մոտ: Առաջնորդվելով «Երջանկությունն այն է, երբ դու պետք ես մարդկանց» իր համար մեկընդմիշտ ընտրած այս սկզբունքով` Հակոբովը ողջ գիտակցական կյանքում օգնության ձեռք է մեկնել մարդկանց` նրանց, ովքեր սայթաքել են, սխալվել կամ շնորհազրկվել: Իսկ երբ դա տեղի է ունենում արտաքին գործերի գերատեսչությունում, գործընկերները «զանցառուից» խուսափում են՝ ինչպես բորոտից: Մինչդեռ Հակոբովը վտանգելով իր կարիերան՝ պաշտպան է կանգնել ոչ միայն այդպիսիներին, այլեւ նրանց, ովքեր ժամանակին իր դեմ որոգայթներ են լարել, ինչը հաճախ է տեղի ունենում Սմոլենսկայա հրապարակի լաբիրինթոսներում: Ասում է` հավատացյալ չէ, բայց ապրել եւ գործել է քրիստոնեական կանոններով: Հակոբովին առանձնացնող հատկանիշներից ամենից աչքի զարնողը նրա հավատարմությունն ու հաստատակամությունն է: Գործում եւ կյանքում: Անվերապահորեն նվիրված է պետությանը, ընտանիքին, կնոջը, որի հետ է կես դարից ավելի: «Կինը պետք է լինի մեկ անգամ եւ ողջ կյանքի համար». սա եւս նրա կենսաձեւի սկզբունքներից մեկն է:
Սակայն Հակոբովին այստեղ ճանաչում են ոչ միայն իր մարդկային հատկանիշների շնորհիվ: Սմոլենսկայա հրապարակում նրան անխտիր գիտեն բոլորը` ի պաշտոնե, քանի որ պաշտոնաթող լինելուց հետո 10 տարուց ավելի ղեկավարում է Ռուսական դիվանագետների ընկերությունը, որի անդամ են գործող եւ հանգստի կոչված բոլոր դիվանագետները: ԱԳՆ-ի շենքում գտնվող նրա առանձնասենյակն ավելի շուտ հիշեցնում է մոբիլիզացիոն ժամանակների շտաբ-բնակարան, քան հասարակական կազմակերպության գրասենյակ: Չընդհատվող հեռախոսազանգեր, այցելուների հոսք, գրասեղանին` փաստաթղթերի դեզ, իսկ անկյունում երկրի անվանի գրողների, քաղաքագետների եւ դիվանագետների գրքեր` հեղինակների ջերմ ընծայագրերով: Ընկերությունը գործում է ակտիվ, մասնակցում է երկրի քաղաքական կյանքին:
Հակոբովի գործունեությունը չի սահմանափակվում այդ ընկերության շրջանակներում: Նա նաեւ Արտաքին քաղաքականության ընկերության փոխնախագահն է: Իսկ այժմ փորձենք թվարկել այն բոլոր կազմակերպությունները, որոնց անդամակցում է նա. Ռուսաստանի Ֆեդերացիայի միջազգային կապերի փորձագետների խորհուրդ, Ասիայի եւ Աֆրիկայի երկրների հետ համերաշխության խնամակալների խորհուրդ, Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության խորհուրդ, Ռուս-արաբական բարեկամության բոլոր ընկերություններ… Ամենը հավանաբար չես հիշի:
Քչերից մեկը
1932-ին հեղափոխության «մրրկահավ» Մաքսիմ Գորկու հռչակած «Եթե թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են» կործանարար կարգախոսով ուղեկցվող` կոլխոզների բռնի ստեղծման ալիքը հասավ Վրաստան` իր հետ բերելով գյուղացիների մասսայական աղքատացում:
Ախալցխայի Սուխլիս գյուղի Հակոբովների ընտանիքը հայտնվեց սովի ճիրաններում: 6-ամյա Պողոսի մայրը թոքախտով անկողին ընկավ եւ այլեւս ոտքի չկանգնեց: Իսկ գյուղում մոլեգնում էր կուլակաթափությունը եւ կոլեկտիվացումը: Այդ գործով Թիֆլիսից ժամանած հին բոլշեւիկ հայազգի Օսիպովը նկատեց սնդիկի պես շարժուն եւ ժիր Պողոսին: Առաջարկեց հորը երեխային «տալ իրեն»:
– Հետո ինձ Գիքորի պես տարան քաղաք,- կատակում է Հակոբովը:
Այսպիսով, նա ոչ միայն փրկվեց սովից, այլեւ հայտնվեց բարի եւ մարդասեր ընտանիքում, ուր Օսիպովի զարգացած եւ կրթական բարձր մակարդակ ունեցող լեհուհի կինը ընդունակ երեխայի մոտ սեր եւ հետաքրքրություն սերմանեց դեպի գիրն ու գրականությունը, արվեստներն ու երաժշտությունը, սովորեցրեց ռուսերեն:
Ավարտելով դպրոցը եւ Թիֆլիսի երկաթուղային տեխնիկումը՝ Հակոբովը սկսում է աշխատել Ռուսթավիի մետալուրգիական գործարանի շինարարությունում: Հետո մեկնում է Մոսկվա, ընդունվում եւ ավարտում է Պլանային ակադեմիան (այժմ` Մոսկվայի պետական տնտեսագիտական ինստիտուտ): Աշխատում է միութենական ուժեղագույն տնտեսագիտական կազմակերպություններում: Լինելով աշխատասեր, նպատակասլաց եւ պրպտող` Հակոբովը լրջորեն ուսումնասիրում է երկրի տնտեսական զարգացման միտումներն ու կառույցները` առանձնապես խորանալով մետալուրգիական արդյունաբերության առաձնահատկությունների մեջ:
Երեսունն անց էր, երբ կանչում եւ ասում են, որ պետք է գնա սովորելու Բարձրագույն դիվանագիտական դպրոց (այժմ` Ակադեմիա): Հակոբովը դժկամությամբ է ընդունում նորությունը: Սիրում էր իր աշխատանքը, արագ բարձրանում էր ծառայական աստիճաններով, կազմել էր ընտանիք, ուներ երկու երեխա, իսկ դիվանագիտությունն իր համար անհայտներով հավասարում էր: Սակայն ինչպե՞ս էր այն ժամանակվա կուսակցական դրվածքը. կանչում եւ ասում էին` «Պետք է», եւ որպես կանոն՝ պատասխանը լինում էր մեկը. «Պետք է, ուրեմն պետք է»:
Հակոբովն ԱԳՆ եկավ ոչ բարձր պաշտոնից: Նրա նման շատ-շատերը այդպես էլ մնացին դիվանագիտության outsiders վերջնապահներ, եւ քչերը կարողացան հասնել դեսպանի աստիճանի: Այդ քչերի շարքում էր Հակոբովը: Ինչո՞վ է բացատրվում նրա հաջողությունը: Նախ` վերուստ իրեն շնորհված բնական ընդունակություններով: Հետո` մոլեռանդ աշխատասիրությամբ: Նրան հանձնարարել էին սովորել դժվարագույն լեզուներից մեկը` արաբերենը, որի մասին կատակով ասում են. «Այն դժվար է առաջին քսան տարում»: «Երկար ու անքուն գիշերներ» տքնեց, որպեսզի այն հասցնի պահանջվող մակարդակի, կարողանա աշխատել առանց թարգմանչի: Կարեւոր էր, որ բավական ուշ մտնելով դիվանագիտության մեջ` նա անցավ ծառայողական բոլոր աստիճաններով` երրորդ քարտուղարից մինչեւ դեսպան:
Հակոբովը տնտեսագետ էր եւ Արտգործնախարարությունում այդպիսին էլ մնաց` անդավաճան իր հավատամքին, միայն տնտեսագետին ավելացավ միջազգայնագետի կոչումը: Հետագայում աշխատելով որպես դեսպան եւ իրականացնելով բազմակողմանի գործունեություն` Հակոբովը, բոլոր դեպքերում, գերակայությունը տալիս էր տնտեսագիտությանը` համարելով այն արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության հիմքերի հիմքը: Այդ նվիրվածությունը փոխադարձվեց եւ վարձատրվեց առաջին իսկ գործուղման ժամանակ:
Դեսպանության երրորդ քարտուղարը` Նասերի խորհրդական
1960 թիվ, Կահիրե: Նախագահ Աբդել Գամալ Նասերը ընդունում է ԽՍՀՄ-ի դեսպան Վլադիմիր Երոֆեեւին, ում ուղեկցում են թարգմանիչը եւ Եգիպտոս նոր ժամանած 3-րդ քարտուղար Հակոբովը: Գրեթե կես դար առաջ արված զրույցի գրառումը վերակենդանացնում է հանդիպման մանրամասները: Նասերը հայտնում է դեսպանին, որ Հելուանի մետալուրգիական գործարանի շինարարության վերաբերյալ իր կառավարությունում կան տարակարծություններ: Ներկայացված է մի քանի նախագիծ` ռուսական, գերմանական, անգլիական: Որի՞ն տալ նախապատվությունը: Ներկայացնում ենք զրույցի գրառումը որոշ կրճատումներով:
Դեսպան. – Հասկանո՞ւմ եք, ընկե՛ր նախագահ, չէ՞ որ դրանք իմպերիալիստներ են, կապիտալիստներ, իսկ մենք ձեր բարեկամներն ենք…
Նասերը նայում է դեսպանին՝ բոլորին ծանոթ իր խորաթափանց հայացքով:
Նասեր. – Սաֆի՛ր (դեսպան.- Ա. Ն.), այդ բոլորը ես գիտեմ, ինձ այդ պետք չէ, ասե՛ք, թե իմ ընդդիմախոսներին ինչպե՞ս ապացուցեմ, որ ռուսական նախագիծը մյուսներից ձեռնտու է:
Դեսպանը նորից է փորձում գաղափարախոսական դիրքերից համոզել Նասերին, ով կարծես թե սկսում է հետաքրքրությունը կորցնել զրուցակցի նկատմամբ: Հանդիպումը ձախողման վտանգի տակ է:
Հակոբովը դեսպանից թույլատրություն է խնդրում` նախագահին դիմելու համար: Նա դժկամությամբ թույլատրում է:
Հակոբով. – Ռաի՛ս, (նախագահ.- Ա. Ն.), ի՞նչ գործարան եք դուք ուզում. գործարան, որտեղ եգիպտացինե՞րը պետք է աշխատեն: Գործարան, որի արտադրած մետաղի ինքնարժեքն ավելի ցա՞ծր լինի, քան համաշխարհային շուկայում: Գործարան, որը կարողանան աշխատեցնել եգիպտացի՞ մասնագետները: Անշուշտ, դուք կարող եք ընտրել գերմանացիների նախագիծը, տեխնոլոգիական տեսակետից նրանց սարքավորումներն ավելի առաջադեմ են, քան մերը, բայց ռուսականներն ավելի պարզ են եւ հուսալի: Եգիպտացի բանվորները մի ամսվա ընթացքում կտիրապետեն դրանց տեխնոլոգիային: Ինժեներներին եւս մենք տեղում կսովորեցնենք: Իսկ գերմանական սարքավորումներին վարժվելու համար բանվորներին եւ ինժեներներին մեկ-երկու տարով պետք է ուղարկեք Գերմանիա: Այդ բոլորը թանկ է: Եվ երբ գործարանը սկսի աշխատել` առանց գերմանացի մասնագետների չեք կարող: Հետո մեր մասնագետներին դուք վճարելու եք 500 եգիպտական ֆունտ, իսկ գերմանացիներին` 1000: Եվ եթե այդ ամենը մտնի մետաղի ինքնարժեքի մեջ, արտադրանքը մրցունակ չի լինի. ո՞ւմ է դա պետք:
Նասերը ուշադիր լսում է երիտասարդ դիվանագետի մաքուր արաբերենով համարձակ ելույթը եւ պատասխանի փոխարեն հարցնում, թե որտե՞ղ է նա սովորել եւ աշխատել մինչեւ Կահիրե գալը, հետո շրջվում է դեպի դեսպանը.
– Սաֆի՛ր, թույլ տուր երիտասարդին լինել իմ խորհրդականը` հասարակական հիմունքներով:
Այդ կարգավիճակով Հակոբովը սկսեց երեւալ նախագահական պալատում: Շուտով ստորագրվեց պայմանագիր, որով Հելուանի շինարարությունը հանձնարարվեց Խորհրդային Միությանը: Դա քաղաքական եւ դիվանագիտական հաղթանակ էր, որի մեջ մեծ էր Պողոս Հակոբովի դերը:
Նասերի խնդրանքով նա կազմակերպեց խորհրդային մասնագետների մի մեծ խմբի այցելություն Եգիպտոս: Նրանք որոշ ժամանակ տեղում աշխատելուց հետո կազմեցին երկրի տնտեսական զարգացման հեռանկարային նախագիծ: Նասերի կառավարությունն իր կենդանության օրոք այդ պլանը ընդունեց` որպես գործողության հիմք: Հակոբովը խորապես ուսումնասիրեց Եգիպտոսի տնտեսությունը եւ ակտիվորեն մասնակցեց խորհրդա-եգիպտական առեւտրատնտեսական եւ ռազմական համագործակցության մի շարք պայմանագրերի ստորագրմանը, որոնք այդ երկիրը դարձրին աֆրիկյան մայրցամաքում Մոսկվայի առաջին գործընկերը: Հակոբովի ջանքերի շնորհիվ է նաեւ, որ Խորհրդային Միությունն ամեն տարի սկսեց ներմուծել 1.000.000 տոննա եգիպտական բարձրորակ բամբակ:
Եգիպտական շրջանի Հակոբովի գործերից հիշատակության է արժանի հետեւյալը. դեսպան Սերգեյ Վինոգրադովի մոտ միտք է հղանում Կահիրեում եւ Ալեքսանդրիայում, որտեղ ԽՍՀՄ-ն ունի գլխավոր հյուպատոսություն, կառուցել դիվանագիտական համալիրներ: Հաշվարկումները հանձնարարվում են Հակոբովին: Նա այն կազմում է կովկասյան թափով` 17 միլիոն եգիպտական ֆունտ կամ 34 միլիոն ամերիկյան դոլար: Մնում է մի «մանրուք». հայթայթել այդ գումարը, քանի որ կենտրոնը երբեք այն չէր հատկացնի: Սկսվում են բանակցություններ Նասերի հետ, ում համոզում են պարտքերի հաշվին հատկացնել այդ գումարը, չնայած եղած պայմանագրերի համաձայն` դրանց դիմաց խորհրդային կողմը իրավունք չուներ Եգիպտոսում շինարարություն ծավալել: Հակոբովի անմիջական հսկողությամբ Եգիպտոսում կառուցված խորհրդային համալիրը արտասահմանում եղած լավագույններից է. երկնաքեր շենքեր, բնակելի տներ, մշակույթի, առողջապահության եւ մարզական կենտրոններ` քաղաք քաղաքի մեջ: Դիվանագետների հաջորդ սերունդները եւ նրանց ընտանիքի անդամները պետք է երախտագիտությամբ հիշեն այն մարդկանց անունները, ովքեր Նեղոսի եւ Միջերկրականի գեղատեսիլ ափերին ստեղծել են այդ ամենը:
Կահիրեում Հակոբովը փոխել է 6 դեսպան` աշխատելով 16 տարի:
Իսկ երբ գործերի ժամանակավոր հավատարմատարի աստիճանով թողնում էր Եգիպտոսը, Անվար Սադաթն ասաց.
– Օ՜, որդի՛ս, գիտցիր, որ Եգիպտոսի դարպասները միշտ բաց են քո առաջ: Քո գործերով դու իրավունք ես վաստակել դառնալ Եգիպտոսի քաղաքացի, միայն ցանկացիր այն:
Սադաթի թեւավոր խոսք դարձած ողջերթի մաղթանքը, բերնեբերան անցնելով, հասել է մինչեւ մեր օրերը: Ինքը` Հակոբովը, լավ էր հասկանում Սադաթի խոսքերի իսկական արժեքը եւ անկեղծության աստիճանը: Նախ` Սադաթը երբեք չէր ների Հակոբովի մտերիմ հարաբերություններն իր նախորդի` Նասերի հետ, եւ այն ակտիվ դերը, որ խաղացել էր խորհրդային դիվանագետը` երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա դնելու ուղղությամբ:
Հակոբովը երկար ուսումնասիրել էր նոր նախագահին եւ եկել այն եզրակացության, որ Խորհրդային Միության իսկական բարեկամ Նասերին փոխարինելու է եկել նենգ, քաղաքական սկզբունքներից զուրկ, իր անձնականը՝ հանրայինից բարձր դասող արեւելյան խորամանկ քաղաքական գործիչ:
Եվ, վերջին հաշվով, ինչպե՞ս հավատար Սադաթին, երբ նա 10 հազար խորհրդային զինվորականների Եգիպտոսից վռնդելուց հետո կտրուկ փոխեց երկրի կողմնացույցի սլաքը, սկսեց «պոչ խաղացնել» Ամերիկայի հետ, հայտարարեց «բաց դռների» քաղաքականություն, սառեցրեց ԽՍՀՄ-ի հետ բարեկամության եւ համագործակցության համաձայնագիրը, persona non grata-անցանկալի անձ հայտարարեց նրա դեսպանին: Այդ քաղաքականության շարունակությունը եղավ 1979 թ.-ին Իսրայելի հետ Քեմպ-Դեվիդի սեպարատ` առանձին համաձայնագրի կնքումը, որով Սադաթը կնքեց նաեւ իր մահկանացուն. 1981 թ.-ի հոկտեմբերի 6-ին, Հաղթանակի տարեդարձի շքերթի ժամանակ, նա սպանվեց իսլամական ծայրահեղականների ձեռքով:
Շարունակելի