Եղանակի կանխատեսումը թանկ հաճույք է

27/08/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Մեր կանխատեսումների համար մեզ քննադատում են, բայց մոռանում են, որ այդ
կանխատեսումները բոլոր բնագավառներում էլ կան,- ասում է «Հայաստանի
պետական հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի» ծառայության պետ Լեւոն
Վարդանյանը:- Օրինակ՝ քաղաքականությունը, բժշկությունը, տնտեսությունը:
Ուղղակի ոչ մի ոլորտ իր տվյալները մեզ նման ամեն օր չի հրապարակում: Մեր
կանխատեսումների արդարացումը 90 տոկոսին մոտ է: Համեմատեք մյուս
բնագավառների հետ եւ կտեսնեք, որ մենք ավելի իրական ենք կանխատեսում»:

Օդերեւութաբանները հավատացնում են, որ այս ամառ ջերմաստիճանը 38 աստիճանից
չի անցել: Միայն հուլիսին երկու օր Մեղրիում գրանցվել է + 42 աստիճան: Իսկ
այն, որ մենք խոսում ենք հուլիսի սկզբներից սկսված սարսափելի շոգերի
մասին, դա մեզ միայն թվում է: Գլխավոր օդերեւութաբանը պնդում է, որ շոգը,
օդի ճնշումը եւ տեղումները նորմայի սահմաններում են եղել: Իսկ
ջերմաստիճանը չափելու համար հատուկ մասնագիտացված ջերմաչափ է անհրաժեշտ՝
փայտե տնակի մեջ, անցքերով:

«Թե չէ մի սովորական ջերմաչափ ամրացնում են կտուրի կամ պատուհանի վրա,
արեւի ճառագայթներն ընկնում են վրան, թիթեղն էլ ջերմությունն
անդրադարձնում է, ու սանդղակը ցույց է տալիս, ասենք, + 48 աստիճան,- ասում
է պարոն Վարդանյանը: -Հետո սկսում են քննադատել, թե մենք տեղեկատվությունը
ճիշտ չենք տալիս»:

Իսկ ընդհանրապես սպասվող տեղումների եւ ջերմաստիճանի մասին բնակչությանը
տեղեկացնելուց բացի, օդերեւութաբանները տարբեր տեղեկատվություններ են
տրամադրում շահագրգիռ գերատեսչություններին: Օդերեւութաբանների
տեղեկատվության սպառողներն են գյուղատնտեսության, առողջապահության,
էներգետիկայի, տրանսպորտի նախարարությունները, այս շրջանակում գործող
տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, Արտակարգ իրավիճակների վարչությունը
(ԱԻՎ), ավիացիան, ջրային տնտեսությունը եւ այլն: Մինչեւ 2003թ. այդ
տեղեկատվությունը տրամադրվում էր անվճար: Կառավարության որոշմամբ՝ հիմա դա
փող արժե, այսինքն՝ սպառողը պետք է պայմանագիր կնքի եւ ստացած ծառայության
դիմաց վճարի: Ուղղակի մեզ մոտ պարտաճանաչ գործընկեր լինելու կուլտուրան
դեռ չի զարգացել: Բյուջետային հիմնարկներն այդ տեղեկատվությունը ստանում
են անվճար:

«Առողջապահությունն առանց մեր տվյալների շատ միջոցառումներ չի կարող
իրականացնել,- ասում է պարոն Վարդանյանը: -Օրինակ՝ սանէպիդկայանը, մենք
առաջարկում ենք միասին աշխատել, մեզ ասում են՝ ձրի տվեք: Նրանք էլ մեզ
նման վճարովի են աշխատում: Չեն ուզում ամսական 10.000 դրամ տալ ու ամեն օր
տեղեկատվություն ստանալ: Գնացին հասան իրենց նախարարին, թե՝ կարգադրեք՝
թող տան, նրանց նախարարը՝ մեր նախարարին: Ես էլ պատասխանեցի՝ եթե պետական
հիմնարկ է, խնդրեմ, ես պարտավոր եմ անվճար տալ, բայց նա մեզ նման վճարովի
ծառայություններ է մատուցում: Երբ ես եմ ասում՝ արի առնետի դեմ պայքարի,
մի անգամ դեղ դնելու համար 35.000 դրամ է ուզում: Մալարիայի դեմ պայքարը
դրված է հենց սանէպիդկայանի վրա, նրանց ամենօրյա տեղեկատվություն է պետք:
Հիմա ես չգիտեմ, թե նրանք մալարիայի դեմ ինչպես են պայքարում»:

Օդերեւութաբանները գոհ էին ԱԻՎ-ից եւ Գյուղնախարարությունից, իսկ
էներգետիկներից, հատկապես՝ ոլորտի հայկական ձեռնարկություններից դժգոհ
էին: Իսկ բացի «Հայաստանի Հանրապետությունից», ուրիշ ոչ մի թերթ եղանակի
մասին տեղեկատվություն չի ստանում:

«Բայց հիմնական մասը եղանակի մասին ամեն օր ինչ-որ թվեր տպում են,-
դժգոհում է գլխավոր օդերեւութաբանը: -Եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք, որ այդ
թվերը 10-15 օրը մեկ իմիջիայլոց փոխում են: Պատահում է, որ մենք
կանխատեսում ենք +35 աստիճան, տեսնում ենք՝ թերթերից մեկը տպել է +25,
մյուսը՝ +30: Գոնե իրականությանը մոտ թվեր չեն գրում: Այդպես մեր
ծառայության նկատմամբ անվստահության մթնոլորտ են առաջացնում»:

Օդերեւութաբանների հետ չեն ուզում համագործակցել նաեւ ֆերմերային
տնտեսությունները, սակայն կապը միշտ պահպանում են: Հաճախակի են զանգերը
գյուղացիներից:

«Անցած տարվա գարնանային ցրտահարումների մասին միշտ հայտնում էինք եւ
խորհուրդ էինք տալիս, թե ինչ միջոցառումներ ձեռնարկեն,- հիշում է պարոն
Վարդանյանը: -Բայց ապրիլի 5-ին մենք հայտարարեցինք, որ ջերմաստիճանը -8
աստիճանից ցածր կլինի եւ նման պայմաններում որեւէ միջոցառում արդեն չի
օգնի: Գյուղմթերք արտադրող ինչքան խոշոր ձեռնարկատերեր կային, զանգում
էին, թե՝ ի՞նչ եղանակ է սպասվում եւ ի՞նչ անենք»:

Պարոն Վարդանյանը հույս ունի, որ ժամանակի ընթացքում ապահովագրական
ընկերությունների միջոցով գյուղացու շահերը կպաշտպանվեն: Իսկ իրենք
կհամագործակցեն թե՛ ապահովագրողների, թե՛ գյուղացիների հետ: Ռուսաստանի
Հիդրոօդերեւութաբանության ծառայությունն, օրինակ, իր բյուջեի մոտ կեսը
ստանում է վճարովի ծառայություններից: Հայաստանի ծառայությունը 90 տոկոսով
բյուջետային հիմնարկ է, տարեկան ծախսում է մոտ 250 մլն դրամ, որից 150
միլիոնը մոտ 700 աշխատողների աշխատավարձն է, 25-30 տոկոսն էլ խլում են
կոմունալ վճարումները: Իսկ աշխատանքային միջոցներ ու նյութեր ձեռք բերելու
համար մնում է ընդամենը 35-40 մլն դրամ: Մինչդեռ ծառայությունն ունի 42
օդերեւութաբանական, 38 հիդրոլոգիական եւ 3 ագրոօդերեւութաբանական
կայաններ, որոնք վերազինում եւ սպասարկում են պահանջում: Իսկ դա շատ է
անհրաժեշտ ճիշտ տեղեկատվություն ստանալու համար, մանավանդ, որ հայկական
ծառայությունը միջազգային ծառայության անդամ է, որն էլ ենթադրում է
փոխադարձ տեղեկատվությունների տրամադրում: Սա շատ կարեւոր հանգամանք է:

«Իզուր չէ, որ աշխարհում առաջինը միջազգային կազմակերպություն ստեղծելու
միտքն առաջացել է օդերեւութաբանների մոտ,- ասում է ծառայության պետի
տեղակալ Ալբերտ Թորոսյանը: -Որպեսզի եղանակը կանխատեսենք, մենք պետք է
իմանանք եղանակը ցանկացած կետում, հետո պետք է իմանանք, թե ինչպես է
փոփոխվում մյուս կետում, ինչպիսի ճանապարհ է անցնում եւ այլն»:

Հայաստանն անդամակցում է այդ կազմակերպությանը 1992 թվականից եւ պարտավոր
է վճարել տարեկան մոտ 8000 դոլար անդամավճար: Պարտքը կատարել է միայն 1
անգամ: Մինչդեռ ստացել է 1,5 մլն դոլարի տեխնիկական ու վերապատրաստման
օգնություն: Ճիշտ է, հայկական ծառայությունն իր հնարավորություններով չի
կարող համեմատվել Ամերիկայի կամ Ռուսաստանի գործընկերների հետ, բայց հպարտ
է, որ Անդրկովկասում հարեւաններից լավ է աշխատում:

«Ագրոօդերեւութաբանական կայանը միայն մեզ մոտ է աշխատում»,- ասում է պարոն Թորոսյանը: