«Ցանկացած երկրի տնտեսության զարգացման հիմքը պետք է լինի զարգացած
գյուղատնտեսությունը,- ասում է «Անասնաբուժական հակահամաճարակային եւ
ախտորոշիչ կենտրոնի» տնօրեն Շմիդտ Վարդապետյանը: -Եթե ուսումնասիրեք
եվրոպական զարգացած երկրների տնտեսությունը, կտեսնեք, որ
գյուղատնտեսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա: Օրինակ,
Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, Շվեյցարիան, Հոլանդիան ունեն շատ լավ
զարգացած գյուղատնտեսություն: Կամ վերցնենք Ամերիկան, փայլուն զարգացած
գյուղատնտեսություն ունի»:
Հայաստանը հաճախ համեմատվում է Շվեյցարիայի հետ, եւ դա որոշ հիմքեր ունի:
Մասնագետները պնդում են, որ հայկական լեռնաշխարհի կլիման եւ ալպիական
արոտները կաթնամթերքին ու մսամթերքին կարող են տալ նույն որակը, ինչ
շվեյցարական մարգագետինները: Այսինքն, Հայաստանի գյուղատնտեսությունն էլ
ունի այդ երկրի գյուղատնտեսության մակարդակին հասնելու բոլոր հիմքերը:
Պարզապես Հայաստանը Շվեյցարիայի նման երկիր դառնալու համար պիտի
արտասահմանյան երկրներում իր արտադրանքի սպառման մեծ շուկա ստեղծի եւ իր
գյուղմթերքն արտահանի: Իրացման ներքին շուկան շատ փոքր է եւ չի
համապատասխանում արտադրության ներուժին: Գյուղատնտեսությամբ զբաղվողները
հավատացնում են, որ արտադրելը սպառման շուկա գտնելուց շատ ավելի հեշտ է:
Այս դեպքում սպառման շուկա գտնելու համար շատ կարեւոր է ունենալ զարգացած
կենցաղ:
«Մեր շուկայում վաճառվող մթերքն անվերահսկելի է,- ասում է պարոն
Վարդապետյանը: -Մեր աչքը մեր շուկաների փնթիությանը սովորել է, բայց օտարի
համար դա անսովոր երեւույթ է: Այսքան դեսպանատներ ունենք, արտասահմանյան
կազմակերպություններ, որոնց աշխատողների մի մասն իրենց երկրներից են, կամ
էլ զբոսաշրջիկներ են գալիս, նրանք երբեք այդպիսի պայմաններում սննդամթերք
չեն գնի: Բավական է մի հայացք գցեն, արդեն գիտեն ինչն ինչոց է:
Տնտեսություն զարգացնելու հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ
ազգի կուլտուրան բարձրանա»:
Ասում են, բնակավայրի մաքրության ցուցանիշները որոշելու համար հաշվի են
առնում նաեւ, թե տվյալ տարածաշրջանի բնակչությունը մեկ շնչի հաշվով քանի
խմ ջուր է սպառել եւ ինչքան օճառ է օգտագործել: Իսկ Հայաստանի գյուղական
համայնքների հիմնական մասը նորմալ ջրամատակարարում չունի, որոշ գյուղերում
խմելու ջրի ընդամենը մի քանի ծորակ կա, այն էլ՝ գյուղամիջում: Կարելի է
վստահ ասել, որ նույնիսկ օրինակի համար չկա մի գյուղ, որի բոլոր տներում
խմելու ջրի ծորակ լինի: Ոռոգման համակարգի մասին էլ չենք խոսում:
Գյուղացիները քիչ չեն բողոքել իրենց ծորակներից հոսող կեղտաջրերից եւ
անջուր, չորացող ցանքատարածությունների վիճակից: Վիճակը նույնն էր նաեւ
խորհրդային տարիներին: Միամիտ չլինենք՝ մտածելու համար, որ մեր խնդիրները
կամ թերությունները հայտնի են միայն մեզ: Համաշխարհային բանկը կամ
միջազգային վարկատու այլ կազմակերպությունները՝ ֆինանսավորելով մեր
գյուղատնտեսությունը՝ լավ ծանոթ են իրավիճակին: Բայց դա մեր
իշխանությունների վրա չի ազդում. օտար վարկատու կազմակերպությունները
«պոլիտբյուրո» չեն եւ իրենց տված գումարները յուրացնելու համար չեն
պատժում: Միեւնույն է, դրանք հետ են վերադարձվելու կամ փոխհատուցվելու են
այլ կերպ: Պարզապես մեր տնտեսությունը, այս դեպքում՝ գյուղատնտեսությունը,
Շվեյցարիայի գյուղատնտեսությանը կնայի շատ հեռվից:
«Օրինակ, Տաշիրի պանրի գործարանը հոլանդական տեխնոլոգիաներով պանիր է
արտադրում եւ ոչ մի բանով չի զիջում հոլանդականին,- բացատրում է պարոն
Վարդապետյանը: -Հայաստանում քիչ է վաճառվում, որովհետեւ թանկ է. չես կարող
ինքնարժեքով կամ ավելի էժան վաճառել: Դրսում էլ մեծ շուկա չունի, դրա
համար արտադրող երկրի անունը պիտի բարձր լինի, թե չէ՝ ինչքան ուզում ես
որակյալ արտադրի»:
«Արտադրողը Հայաստանում կամ դրսում ինչքան էլ Էքսպո-ցուցահանդեսների
մասնակցի, ներկայացնի իր ապրանքը, փորձի շուկա գտնել, միեւնույն է, առաջին
հերթին գործարարին իր երկրի իշխանությունները կամ երկրի բարձր պատիվն են
օգնում,- խոստովանեց գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող գործարաններից մեկի
տնօրենը, որը չցանկացավ ներկայանալ: -«Երեւանի կոնյակի գործարանի» կոնյակը
ֆրանսիական կոնյակից վատը չէ, բայց փորձիր համեմատել: Կտեսնես, թե
եվրոպացիներն ինչ քամահրանքով կնայեն»:
Ի տարբերություն բուսաբուծությանը, անասնապահության վրա բնական աղետները
մեծ ազդեցություն չեն ունենում: Անասնապահը, ճիշտ է, հարուստ չի ապրի,
բայց կովին կպահի: Հայաստանում տավարաբուծությունը զարգացնելու համար
երկու տարածաշրջան կա՝ Սիսիանը եւ Ստեփանավան-Տաշիր-Աշոցք-Ամասիա հատվածը:
Մասնագետները հավատացնում են, որ այդ երկու հատվածները կաթնամթերքով եւ
մսով մի ամբողջ Կովկաս կարող են ապահովել: Խորհրդային տարիներին Վրաստանին
ու Ադրբեջանին պանիր մատակարարել է Հայաստանը: Այսօր էլ Վրաստանում
հայկական պանիր են ուտում:
Ըստ Վիճծառայության՝ Հայաստանի ֆերմերային տնտեսությունները մենատնտեսների
հետ միասին պահում են մոտ 575.000 խոշոր եղջերավոր անասուն եւ դրանից մի
փոքր ավելի՝ ոչխար ու այծ, մոտ 80.000 խոզ: Պարոն Վարդապետյանը
հավատացնում է, որ այդ թվերն իրական պատկերը չեն ներկայացնում. իրականում
խոշոր եւ մանր եղջերավոր անասունների թվաքանակը կիսով չափ ավելի է:
Ուղղակի մեր գյուղացիները սիրում են իրենց ունեցվածքը քիչ ներկայացնել,
որպեսզի նպաստ ստանան: Պետությունն, ի դեմս Գյուղատնտեսության
նախարարության, անվճար պետք է իրականացնի սիբիրախտ, խշխշան պալար, դաբաղ,
խոզերի ժանտախտ եւ մի քանի այլ հիվանդությունների դեմ պատվաստումը։
Գյուղնախարարության Անասնաբուժական տեսչության պետ Գրիշա Բաղյանը
հավատացնում է, որ իրենք պարտքը կատարում են եւ այդ նպատակով հատկացվում է
տարեկան մոտ 700 մլն դրամ։ Ուղղակի մի անգամ այդ պարտքը կատարելուց հետո
Շիրակի մարզի Այգեձոր գյուղում սիբիրախտից 73 կով սատկեց: Բնական
պայմաններում այդպիսի տարածում չի լինում, որովհետեւ սիբիրախտը ոչ թե
վարակիչ, այլ հողածին հիվանդություն է: Բանն այն է, որ պատրաստուկը մեր
Գյուղատնտեսական ակադեմիայի «գյուտն» էր, եւ, սիբիրախտի դեմ պայքարելու
փոխարեն, ծնել էր այդ հիվանդությունն առաջացնող վիրուսներ: Վնասը
փոխհատուցել է մի մասնավոր ընկերություն: Պարոն Վարդապետյանի ասելով՝
վերջերս կատարած ուսումնասիրությունների արդյունքում մոտ 1000 գլուխ
հիվանդ անասուն են հայտնաբերել եւ վերցրել հսկողության տակ: Դա մեծ թիվ
չէ, սակայն անտարբերության պայմաններում հիվանդության տարածվելու համար
բավարար է: