Այսօր կխոսենք մի հիվանդության մասին, որով տառապող մարդկանց քանակն օր օրի ավելանում է: Դա Բազեդովյան հիվանդությունն է, որն անվանվել է գերմանացի բժիշկ Բազեդովի անունով:
Հիվանդության պատճառը վահանագեղձի հիպերֆունկցիան է, որն ուղեկցվում է դրա չափերի մեծացմամբ, իսկ հետեւանքը օրգանիզմում տեղի ունեցող աուտոիմունային պրոցեսներն են: Որպես կանոն, այս դեպքում մեծացած է գեղձի հորմոնային ակտիվ հյուսվածքը, բայց ավելի փափուկ է, քան թունավոր խպիպի ժամանակ:
Բազեդովյան հիվանդության առաջացման պատճառներն են ժառանգական նախատրամադրվածությունը եւ օրգանիզմում գոյություն ունեցող քրոնիկական երկարատեւ վարակի օջախները: Հիվանդության զարգացմանը հատկապես նպաստում են քրոնիկական անգինաները: Այլ աուտոիմունային պրոցեսները (շաքարային դիաբետ, վիտիլիգո եւ այլն) եւս կարող են նպաստել հիվանդության զարգացմանը: Այդ հիվանդության ռիսկային խումբ կարող են համարվել բոլորը, սակայն ավելի շատ հիվանդանում են երիտասարդ ու միջին տարիքի կանայք:
Հիվանդության ընթացքը վաղ շրջանում կարող է աննկատ լինել: Բացի այդ, այս հիվանդության զարգացման ընթացքն այնքան տարբեր է լինում, որ երբեմն դժվար է լինում նույնիսկ ախտորոշել: Սկզբում հիվանդը կարող է բողոքել անքնությունից, զգալ հոգնածություն, տրամադրության անկում, բարձր քրտնարտադրություն, սրտխփոցի նոպաներ եւ ձեռքի մատների դող: Ավելի բնորոշ ախտանշաններ են քաշի պակասելը լավ ախորժակի դեպքում եւ տաք միջավայրին չդիմանալը: Հիվանդը շոգի զգացում ունի նույնիսկ ցուրտ եղանակին: Աստիճանաբար դողն ավելի արտահայտված է դառնում, կարող է դողալ ամբողջ մարմինը: Հիվանդի մոտ նկատվում է մաշկի թխացում ամբողջ մարմնով մեկ, հատկապես աչքի կոպերի շրջանում: Վահանագեղձը տեսանելիորեն մեծանում է: Շոշափելիս այն կոշտ է, բայց ցավի զգացում չի լինում: Իսկ այս հիվանդության ամենաբնորոշ հատկանիշը աչքերի ձեւի փոփոխությունն է: Աչքերը կարծես լայն բացված լինեն ու մի տեսակ անբնական փայլում են, թարթելու հաճախականությունը քիչ է: Աչքը բաց վիճակում հայացքը ներքեւ գցելիս, բիբի վերեւում հայտնվում է սպիտակ զոլավոր հատված, չնայած, որ նորմայում աչքի կոպն իջնում է ակնագնդի հետ մեկտեղ: Ակնագունդը երեւում է մեծացած ու դուրս ցցված: Կոպերը կարող են այտուցվել: Ակնագնդի սնուցման խանգարման հետեւանքով կարող են ի հայտ գալ վարակի տարբեր տեսակներ, օրինակ` կոնյուկտիվիդ եւ այլն, կարող է առաջանալ տեսողական ներվի նեւրիտ: Վերջին հաշվով, այս բոլոր փոփոխությունները կարող են բերել կուրության:
Բազեդովյան հիվանդության ծանր արտահայտություններից մեկն էլ կարող է լինել սիրտ-անոթային համակարգի խանգարումները: Հիվանդին անհանգստացնում են արագ սրտխփոցները, նույնիսկ` քնած ժամանակ, առաջանում են սրտային ռիթմի խանգարումներ: Ավելի տարիքով հիվանդների մոտ կարող են ստենոկարդիայի նոպաներ լինել: Այս դեպքում բարձրանում է զարկերակային ճնշումը: Կյանքի համար վտանգավոր ընթացք կարող է ունենալ սրտային անբավարարությունը:
Վահանագեղձի հիպերֆունկցիայի պատճառով ուժեղանում է նաեւ աղեստամոքսային տրակտի աշխատանքը, առաջանում է սրտխառնոց, երբեմն` փսխում ու լուծ: Թիրոիդ հորմոնների (վահանագեղձի արտադրած հորմոնը) ավելցուկը լյարդի վրա կարող է ունենալ թունավոր ազդեցություն` առաջացնելով լյարդի ճարպային դիստրոֆիա: Կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդելով` այն կարող է առաջացնել հաճախակի գլխացավեր, անքնություն, գլխապտույտ, տագնապային վիճակ: Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումները սովորաբար օրգանիզմում հանգեցնում են այլ էնդոկրին օրգանների աշխատանքի խանգարման: Խանգարվում է սեռական գեղձերի աշխատանքը: Կանանց մոտ այն կարող է ուղեկցվել դաշտանային ցիկլի խանգարմամբ եւ անպտղությամբ: Տղամարդկանց մոտ կարող է նկատվել պոտենցիայի նվազում: Օրգանիզմում խանգարվում է գլյուկոզայի փոխանակումը, որի արդյունքում մեծանում է շաքարային դիաբետի զարգացման վտանգը:
Այս հիվանդությունը ընթանում է 3 աստիճանով` թեթեւ, միջին եւ ծանր: Թեթեւ ձեւի ժամանակ հիվանդի վիճակը բավարար է, սրտի զարկերի քանակը 1 րոպեում չի անցնում 100-ը, քաշը կարող է նվազել 10 տոկոսից ոչ ավելի: Հիվանդության միջին ձեւի դեպքում սրտի զարկերի հաճախականությունը լինում է 1 րոպեում 100-ից ավելի, բարձրանում է զարկերակային ճնշումը, քաշն իջնում է մոտ 20 տոկոսով: Հիվանդության ծանր ընթացքի դեպքում հիվանդի քաշն իջնում է ավելի, քան 20 տոկոսը, սրտի զարկերը հաճախանում են եւ նկատվում է այլ օրգանների եւ օրգան-համակարգերի ախտահարման երեւույթներ:
Բազեդովյան հիվանդության հիմնական բուժումը դեղորայքային է: Նշանակվում են պրեպարատներ, որոնք պասիվացնում են վահանագեղձի աշխատանքը: Նման հիվանդները մշտապես պետք է գտնվեն բուժող բժշկի հսկողության տակ, քանի որ այն երկար ու համբերատար բուժում է պահանջում: Դեղորայքային բուժման դրական արդյունք չնկատելու դեպքում, անհրաժեշտ է կատարել վիրահատական միջամտություն, որը, բնականաբար, չի վերացնում հիվանդության առաջացման պատճառը: