ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀՐԵԱՆ
Բոլոր քրիստոնեական երկրներում գոյություն ունի Հավերժական Հրեայի մասին լեգենդը: Իտալիան, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Իսպանիան` չկա, թերեւս, որեւէ երկիր, ում չի հասել այդ ավանդությունը: Եվ, անշուշտ, Հավերժական Հրեայի թեման վաղնջական ժամանակներից ամենատարածվածներից մեկն է արվեստում: Բավ է հիշատակել Գյուստավ Դորեի փորագրանկարները, Էժեն Սյուի եւ դոկտոր Կրոուլիի վեպերը: Ես հիշում եմ, որ Մոնք Լյուիսի հանրահայտ վեպում Լյուցիֆերի եւ արնաշաղախ միանձնուհու կողքին գործում է Հավերժական Հրեան: Իսկ բոլորովին վերջերս այդ թեմայով գրել էր Ուիլյամ Շարփը, ով իրեն Ֆեոն Մաքլեոդ է կոչում, վերնագիրը ես, ցավոք, չեմ հիշում:
Սակայն ո՞վ է նա, այդ Հավերժական Հրեան: Սովորաբար այդպես են կոչում այն հրեային, ով, արժանանալով Հիսուս Քրիստոսի անեծքին, դատապարտված է հավերժորեն հածելու աշխարհով մեկ` Ահեղ դատաստանի սպասման մեջ: Տարբեր լեգենդներում նա տարբեր անուններով է ի հայտ գալիս: Մեկ նրան անվանում են Կարթաֆիլոս, մեկ Ագասֆերոս, մեկ Բութադեուս, մեկ Իսահակ Լակեդեմ: Դե, նրա արած գործերի մասին էլ միակարծիք չեն: Ոմանք պնդում են, թե նա Երուսաղեմում պրետորի պահակ էր, մյուսները նրան համարում են Պիղատոսի ծառան: Այլք նրան կոշկակար են համարում: Իսկ հենց նզովքի հետ կապված հանգամանքները բոլոր տարբերակներում համարյա նույնկերպ են նկարագրվում: Երբ Գողգոթա տարվող Քրիստոս, կամելով շունչ քաշել, մի պահ կանգ առավ այս մարդու տան մոտ, նա ոչ միայն նրա գլխին հիշոցներ թափեց, այլ նաեւ խփեց: Իսկ նզովքը հնչում էր հետեւյալ կերպ` «Դու Ինձ քշում ես, եւ Ես կգնամ, բայց դրա փոխարեն դու կտեսնես իմ վերադարձը»: Ավելի ուշ այդ մարդը, Պողոսի հանգույն, կնքվեց Անանիայի ձեռքով եւ սկսեց Հովսեփ կոչվել: Բայց նրա վրա ծանրացած անեծքը կարող էր հանվել միայն Երկրորդ գալստյան օրը: Դիցուք, 1721 թվականի հունիսի 22-ին նրան տեսել են Մյունհենի փողոցներում, ինչի մասին հիշատակում է Խորկմայերն իր «Նոթատետրերում»։
Ի դեպ, համեմատաբար ոչ վաղ անցյալի այդ իրադարձությունից բացի, Հավերժական Հրեայի մասին հիշատակություններ կարելի է հայտնաբերել եւ ավելի հինավուրց գրքերում: Ամենավաղ հիշատակումներից մեկը, հավանաբար, Սանտ-Ալբանց Եկեղեցու Մատթեոս Փարիզեցու կազմած տարեգրությունն է: Այդ տարեգրության մեջ կա մի գրառում այդ եկեղեցի Մեծ Հայաստանի արքեպիսկոպոսի այցի մասին, եւ մեջբերված են ոմն ասպետի` նրա թարգմանչի խոսքերն առ այն, որ Հայաստանում արքեպիսկոպոսն, իբրեւ թե, քանիցս նստել է Հավերժական Հրեայի հետ միեւնույն սեղանի շուրջ: Համանման մի վկայություն հայտնաբերվել է տարեգրության չափածո տարբերակում, որը գրել է պատմիչ Ֆիլիպ Մուսքը Ֆլանդրիայից 1242 թվականին: Դրանից կարելի է հետեւություն անել, որ մինչեւ 13-րդ դարը Հավերժական Հրեան Եվրոպայում չի հայտնվել, իսկ եթե հայտնվել էլ է, ապա աննկատ է մնացել: Սակայն արդեն 1505 թվականին նա օգնել է Կոկոտո անվամբ բոհեմացի ջուլհակին գտնել այն գանձը, որը դրանից 60 տարի առաջ թաղել էր նրա պապը: Կան նաեւ այլ վկայություններ: 1547 թվականին Պաուլ ֆոն Այցենը, Շլեզվիգի եկեղեցու ավագերեցը, տեսել է նրան համբուրգյան տաճարներից մեկում աղոթելիս: Հիշատակումներ այն մասին, որ նրան «տեսել են» Եվրոպայի մեկ հարավում, մեկ հյուսիսում, շարունակվում են հայտնվել ընդհուպ մինչեւ
18-րդ դարի սկիզբը: Նույնիսկ, եթե կողմնորոշվես ամենաարժանահավատների վրա, կստացվի, որ 1575 թվականին նրան տեսել են Մադրիդում, 1599-ին` Վիեննայում, իսկ 1601-ին՝ միանգամից երեք վայրերում` Լյուբեկում, Ռեւելում եւ Կրակովում: Եթե հավատանք Ռուդոլֆ Բոտլեուսին, ապա 1604-ին նա հայտնվել է նաեւ Փարիզում: Այնուհետեւ ընդմեջ Նաումբուրգի եւ Բրյուսելի, հավանաբար, հասել է Լայպցիգ, իսկ 1658-ին հանձնել է բուժից դարմանի պատրաստման գաղտնիքը (եղեսպակի երկու տերեւուկը եւ թրթնջուկ մեկ տերեւուկը խառնել գարեջրին ու խմել) ոմն Սամյուել Ուոլեսի, ով տառապում էր թոքերի հիվանդությամբ: Այնուհետեւ, լինելով, ինչպես դուք արդեն գիտեք, Մյունհենում, նա մեկ անգամ եւս այցելեց Անգլիա, որտեղ հանդիպեց Քեմբրիջի եւ Օքսֆորդի պրոֆեսորներին, որից հետո նրան տեսել են Դանիայում եւ Շվեդիայում, հետո նրա հետքը կորչում է, եւ նրան հետեւելու բոլոր փորձերն ապարդյուն են:
Համարձակվում եմ հուսալ, որ ողջ վերը ասվածը թույլ կտա ընթերցողին, դե, թեկուզ ընդհանուր գծերով, պարզել, ում են կոչում Հավերժական Հրեա, եւ ինչպիսին է նրա պատմությունը հին ժամանակներում: Բայց բոլոր այս փաստերի շարադրանքը ոչ մի դեպքում իմ նպատակը չէ: Ես կուզենայի պատմել ձեզ ինձ տանջող երկու հարցերի մասին, որոնք ծագում էին ամեն անգամ, երբ ես մտածում էի այդ լեգենդար անձնավորության մասին, ու որոնց պատասխանը ես գտա բոլորովին վերջերս հինավուրց մի մագաղաթում, որը միանգամայն պատահաբար ինքս էլ հայտնաբերել էի: Միաժամանակ խոսք կլինի նաեւ հենց մագաղաթի մասին:
Դրանցից առաջինը` զուտ փաստագրական կարգի է: Հայտնի է, որ Հավերժական Հրեան հայտնվում է քրիստոնեական աշխարհի համարյա բոլոր երկրներում: Իսկ եթե այդպես է, ապա մի՞թե նա չի եղել Ճապոնիայում: Ես այստեղ չեմ ուզում անդրադառնալ ժամանակակից Ճապոնիային, բայց չէ՞ որ դեռեւս 14-րդ դարի երկրորդ կեսին երկրի հարավ-արեւմտյան մասում քրիստոնեական ուսմունքը լայն տրածում է գտել: Եթե մենք դիմենք Դե Էրբլյուի «Արեւելյան Գրադարանին», ապա կիմանանք, որ, երբ 16-րդ դարի սկզբին Ֆադեյրայի արաբական հեծելազորը գրավել էր Ելվենը, Հավերժական Հրեային տեսել էին արաբ մարտիկների մեջ, ասում են, որ Ֆադեյրայի հետ նա փառաբանում էր Ալլահին` «Ալլահ աքբար» («Ալլահը մեծ է»): Այնպես որ, այդ ընթացքում նա հասցրել էր լինել Արեւելքում, եւ դժվար է պատկերացնել, թե նա չի այցելել Ճապոնիա, որտեղ դայմոները` ֆեոդալիզմի դարաշրջանի ազնվականները, վզներից ոսկյա խաչերը կախած, շարունակ կրկնում էին «Հայր մերը», իսկ նրանց կանայք, մատներով տարուբերելով մարջանե տերողորմյաները, ծնկի էին գալիս Աստվածամոր առջեւ: Կարճ ասած. մի՞թե լեգենդը Հավերժական Հրեայի մասին արդեն այն ժամանակ չէր ներթափանցել Ճապոնիա, ճիշտ նույնպես, ինչպես ներթափանցել էին սեղանի ապակին եւ ռեբեկը1: Ահա ինձ հուզող հարցերից առաջինը:
Երկրորդ հարցը միանգամայն այլ բնույթի է: Հավերժական Հրեան դատապարտված էր հածելու աշխարհով մեկ այն բանի համար, որ իրեն Հիսուս Քրիստոսի հանդեպ անհարգալից էր պահել: Բայց չէ՞ որ, երբ Քրիստոսին խաչում էին, ապա նրան ծանակում էր ոչ միայն այդ հրեան: Ինչ-որ մեկը նրա գլխին փշեպսակ էր դրել, ինչ-որ մեկը ուսերին ծիրանի էր գցել: Ինչ-որ մեկը նրա խաչի վերնամասում L.N.R.I մակագրությամբ տախտակ էր փակցրել: Դե, իսկ նրանց, որ քարկոծում էին նրան, որ թքում էին, համրելն իսկ անհնար է: Դե, ուրեմն, ինչո՞ւ հենց այդ հրեան արժանացավ Քրիստոսի նզովքին: Կամ գոնե այդ առթիվ ի՞նչ մեկնություններ են տրվում: Ահա երկրորդ հարցը, որ երկար ժամանակ տանջում էր ինձ:
Տարիներ շարունակ ես ապարդյուն քրքրում էի հինավուրց մագաղաթները, ինչպես արեւելյան, այնպես էլ արեւմտյան, ոչ մի կառչելու բան չգտնելով: Սակայն հարկ է ասել, որ այս կամ այն չափով Հավերժական Հրեայի թեման շոշափող գրական ստեղծագործությունների թիվը չափազանց մեծ է: Ամբողջը կարդալը միանգամայն անհնար է, հատկապես, եթե Ճապոնիայից դուրս չգաս: Եվ ես հետզհետե համակերպվեցի այն մտքին, որ ինձ երբեք չի հաջողվի գտնել իմ հարցերի պատասխանը: Բայց ահա թե ինչ պատահեց անցյալ տարվա աշնանը, երբ ես արդեն հուսահատության շեմին էի: Որոշելով, որ դա իմ վերջին փորձն է լինելու, ես ոտնատակ տվեցի Հիգո եւ Հիձոն գավառները, եղա Հիրատո եւ Ամակուսա կղզիներում, երկար փորփրում էի անհամար հինավուրց ձեռագրերը եւ հանկարծ դեմ առա Բունրուկու դարաշրջանի մի մագաղաթի, որում էլ վերջապես գտա մի հիշատակություն Հավերժական Հրեայի մասին: Ինչ վերաբերում է հենց մագաղաթին, ապա ես հիմա չէի կամենա ժամանակ վատնել նրա արժանիքների ու թերությունների նկարագրության վրա: Բավական է ասել, որ դրանք այն ժամանակվա քրիստոնյաներից մեկի խոսքերից արված ինչ-որ մեկի հույժ անպաճույճ գրառումներ էին:
Այդ գրառումների համաձայն, Հավերժական Հրեան Հիրատոյից Կյուսյու ընթացող նավի վրա հանկարծակի պատահեց Ֆրանցիսկ Կսավիեին: Ֆրանցիսկ Կսավիեին այն ճամփորդության ընթացքում «ուղեկցում էր քարոզիչ Սիմեոնը», եւ հենց այդ Սիմեոնի շնորհիվ լուրն այն մասին, թե ինչ պատահել էր նավի վրա, հասավ սկզբում տեղի քրիստոնյաներին, իսկ հետո տարածվելով ողջ երկրով մեկ, ի վերջո, տասնյակ տարիներ անց, հասել էր, հավանաբար, հիշյալ գրառումների հեղինակին: Եթե հավատանք նրա խոսքերին, պատմությունն այն մասին, թե ինչպես էր սուրբ Ֆրանցիսկը հանդիպել Հավերժական Հրեային, այն ժամանակ շատ հանրահայտ էր ճապոնացի քրիստոնյաների շրջանում եւ բավական հաճախ դառնում էր քարոզների թեման: Ես ուզում եմ ընթերցողներին ծանոթացնել այդ գրառումների մոտավոր բովանդակությանը եւ, մի քանի մեջբերում անելով բնագրից, նրանց հետ կիսել այն ուրախությունը, որ ապրել եմ, վերջապես գտնելով ինձ երկար տանջող հարցերի պատասխանը:
Ամենից առաջ գրառումներում խոսվում է այն մասին, որ նավը, որի վրա տեղի է ունեցել հանրահայտ հանդիպումը, բեռնված էր «բազմազան պտուղներով եւ տարբեր տեղական արտասովոր բաներով»: Դրանից հետեւում է, որ այդ ամենը կատարվել է հավանաբար աշնանը: Դա հաստատվում էր նաեւ պտուղների հետեւյալ թվարկմամբ` թուզ եւ այլն: Ուրիշ ուղեկիցներ, ոնց որ թե, չեն եղել: Գործողության ժամանակը կեսօրն է: Սահմանափակվելով մի քանի ներածական նախադասություններով, հեղինակը միանգամից անցնում է էությանը, այդ պատճառով, եթե ընթերցողին հետաքրքրում են մանրամասները, նրան մնում է լոկ, օգնության կանչելով անձնական երեւակայությունը, պատկերացնել շողացող կուրացուցիչ արեւի տակ ձկան թեփուկի պես փողփողացող ծովային հարթությունը, նռան ու թզի սարերն ու երեք «շիկահերներին», որոնք այդ շքեղության մեջ նստած, հափշտակված զրուցում են: Քանի որ այդ ամենը պայծառ եւ հանգամանալից պատկերելը սովորական գիտնականի, ինչպիսին ես եմ, ուժերից վեր է:
Դրա հետ մեկտեղ, ենթադրելով, որ ընթերցողը չի կամենա չափազանց ծանրաբեռնել իրեն, ես մտածեցի, որ ավելի լավ կլինի, եթե ես ամեն դեպքում օգնության հասնեմ նրա երեւակայությանը եւ ծանոթացնեմ գոնե Հավերժական Հրեայի արտաքինի նկարագրությանը, որը ես հայտնաբերեցի Պեկի «Ստանֆորդի պատմությունը» ստեղծագործության մեջ: Ահա թե ինչ է գրում Պեկը. «Նրա հագին մինչեւ գոտկատեղը կոճակներով մանուշակագույն բաճկոն էր: Նույն գույնի, բավական նոր, անդրավարտիք: Ոտքերին՝ ձյունաճերմակ գուլպաներ, ոչ այն է՝ քաթանե, ոչ այն է՝ բրդից գործած, լավ չտեսա: Եվ մազերը, եւ մորուքը` ճերմակ: Ձեռքին սպիտակ գավազան»: Այդ ամենը Պեկը գրառել է Սամյուել Ուոլեսի խոսքերից, թոքերի հիվանդությամբ տառապող մարդու, ում մասին ես արդեն պատմել եմ: Բնական է ենթադրել, որ երբ Հավերժական Հրեային հանդիպեց Ֆրանցիսկ Կսավիեն, նա մոտավորապես այդպիսի տեսք ուներ:
Բայց ինչպե՞ս էին գլխի ընկել, որ դա հենց Հավերժական Հրեան էր: Գրառումներում ասվում է, որ երբ «սուրբ հայրը սկսեց աղոթք անել, այդ մարդը նույնպես սկսեց եռանդագին աղոթել», այնպես որ, սուրբ Ֆրանցիսկը առաջինը խոսեց նրա հետ: Իսկ խոսելով, մեկեն հասկացավ, որ իր առջեւ սովորական մարդ չէ: Եվ այն, թե ինչպես էր նա խոսում, եւ հենց զրույցը վարելու իր եղանակով անծանոթն ամենեւին նման չէր ինչ-որ խարդախի կամ ճանապարհորդի, որոնց այն ժամանակներում ճակատագիրը հաճախ էր նետում արեւելք: Բացի այդ, նա այնպիսի անսովոր կենդանությամբ էր նկարագրում, ասես ամեն ինչ իր աչքերով էր տեսել. ինչպես վերջերս, այնպես էլ վաղուց եղած իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել Հնդկաց աշխարհում եւ հարավային բարբարոսների երկրներում», որ «ոչ միայն Սիմեոնը, այլ նույնիսկ ինքը՝ սուրբ հայրը, չափազանց ապշանքի մեջ ընկնելով, պապանձվեցին»: «Որտեղի՞ց ես դու, անծանոթ»,- հարցրեց սուրբ հայրը, եւ նա պատասխանեց՝ «Աշխարհում մշտական կացարան չունեցող հրեա եմ»: Ենթադրում եմ, որ նույնիսկ սուրբ Ֆրանցիսկը սկզբում կասկածեց եւ չհավատաց այդ մարդուն: Այնուամենայնիվ, նա պահանջեց` «Երդվիր երանյալների կացարան Պարայսոյով, որ ճիշտ ես ասում», ինչին անծանոթն իբր պատասխանեց` «Երդվում եմ»: Եվ այդժամ սուրբ հայրը, այլեւս չկարկամելով, նրա հետ զրույցի բռնվեց, եւ բավական երկար նրանք դեսից դենից խոսում էին»: Այնուհետեւ պարզվում է, որ նրանք խոսել են, համենայն դեպս զրույցի սկզբում, վաղուց անցյալի գիրկն անցած բաների մասին, իսկ կրոնական հարցերին բնավ չեն անդրադարձել:
Սկզբում խոսքը սուրբ Ուրսուլայի մասին էր, այն մասին, թե ինչպես նա եւ, նրա հետ մեկտեղ՝ 11.000 կույսեր ընդունեցին մարտիրոսական մահը, հետո սուրբ Պատրիկի քավարանի մասին, որից հետո, քննարկելով սուրբ առաքյալների գործերը, զրուցակիցները խոսեցին այն մասին, թե ինչպես Տեր Հիսուս Քրիստոս խաչվեց Գողգոթայի վրա:
Ընդ որում, մինչեւ այդ թեմային անցնելը, սուրբ Ֆրանցիսկը նավաստուց խնդրեց մի քանի թուզ, որոնցով բեռնված էր նավը, եւ դրանցով հյուրասիրեց Հավերժական Հրեային: Ես հիշատակում եմ այդ մասին, միայն այն բանի համար, որ նախկինում գրել էի այդ թզերի մասին: Դե ուրեմն վերադառնանք զրույցին:
Սուրբ Ֆրանցիսկ.
– Արդյո՞ք դուք եղել եք Երուսաղեմում, երբ Տերը մահացու տանջանքներ էր կրում:
Հավերժական Հրեա.
– Անշուշտ, ես տեսել եմ դրանք իմ իսկ աչքերով: Այն ժամանակներում ինձ Հովսեփ էին կոչում, ես կոշկակար էի եւ ապրում էի Երուսաղեմում:
Հենց որ մեր տիրակալ Պիղատոսը դավաճանեց Տիրոջն ու խաչվելու ուղարկեց, ես, ժողվելով իմ տնեցիներին, ամոթալիորեն ծանակեցի Տիրոջն ու Նրա տառապանքները:
Գրառումներում պատմվում է այն մասին, թե ինչպես Հիսուս Քրիստոս, ում հսկում էին փարիսեցիներն ու քահանայապետերը, գնում էր անհաստատ քայլքով «դիվոտած ամբոխի միջով» գյուղացու ետքից, որ ուսի վրա տանում էր Նրա խաչը: Ծիրանին ծածկում էր նրա աջը: Գլուխը պատված էր փշեպսակով: Ձեռքերի ու ոտքերի վրա, հանց վարդեր, կարմրին էին տալիս վերքերն ու մտրակի հարվածների սպիները: Եվ միայն աչքերը Նրա ամենեւին չէին փոխվել: Այդ աչքերի խորքում, «շիտակ, երկնագույն, միանգամայն այնպիսին, ինչպիսին վաղեմի օրերին, ինչ-որ տարօրինակ, վշտից ու բերկրանքից անդին մի արտահայտություն էր թանձրացել: Եվ աչքերն այդ անսովոր տպավորություն էին թողնում նույնիսկ այնպիսի մարդու վրա, ինչպիսին Հովսեփն էր, ով չէր հավատում «Նազարեթից հյուսնի որդու» ուսմունքին: Ահա թե ինչ էր նա ասում այդ առթիվ. «Ամեն անգամ, երբ ես նայում էի Տիրոջ աչքերին, սիրտն իմ ակամա կծկվում էր: Արդյո՞ք այն բանի համար չէ, որ Նրա աչքերը ինձ հիշեցնում էին Իմ մահացած եղբոր աչքերը»:
Եվ այնժամ, երբ Հիսուս Քրիստոս, ամբողջովին փոշով եւ քրտինքով պատված, հավանաբար կամենալով շունչ քաշել, կանգնել էր նրա տան շեմին, որի մոտով էլ հենց անցնում էր: Կողքին, երեւի թե, ամբոխվել էին կաշվե գոտիներով ագուցված. անչափ երկար եղունգներով փարիսեցիք, նարդոսի յուղով անուշաբույր եւ կապույտ դիմափոշով պատված պոռնիկները: Հնարավոր է, աջից եւ ձախից կիզիչ արեւի շողերի տակ փայլում էին հռոմեացի լեգեոներների վահանները: Ի դեպ, գրառումներում պարզապես միայն ասված է՝ «Շատ մարդ էր հավաքվել»: Իսկ Հովսեփը, նկատելով իր դռան մոտ կեցած Հիսուսին, «մտադրվեց հավաքվածներին ցույց տալ, թե ինչ մեծ է իր հավատարմությունը քահանայապետերին»: Մի ձեռքով բռնելով իր որդուն, մյուսով նա բռնեց «Մարդու որդու» ուսից եւ կոպտորեն հրեց նրան: «Խաչի վրա լիովին կհանգստանաս, քիչ մնաց»,- այսպես ասաց նա, այպանելով, հետո, Հիսուսի վրա հայհոյանքներ տեղալով, ձեռքը բարձրացրեց ու խփեց Նրա դեմքին:
Եվ այդժամ Հիսուս լռելյայն բարձրացրեց գլուխը եւ խիստ նայեց Հովսեփին: Հայացքը Նրա աչքերի, որոնք այնքան նման էին իր հանգուցյալ եղբոր աչքերին, զննողաբար խիստ էր: «Դու քշում ես Ինձ, եւ Ես կգնամ, բայց դրա փոխարեն դու կտեսնես իմ վերադարձը»: Այդ խոսքերը, ավելի սուր, քան անապատների հրակեզ քամին, ակնթարթաբար մրրկեցին Հովսեփի հոգին: Իրոք արդյո՞ք Հիսուս արտաբերեց դրանք, դա չհասկացավ նույնիսկ ինքը՝ Հովսեփը: Սակայն «նզովքն այնչափ ակնհայտորեն հնչեց նրա հոգում, որ նա ցնցվեց»: Բարձրացված ձեռքն ինքնաբերաբար իջավ, գլուխն ու սիրտը մշուշող ատելությունը անհետացավ, եւ նա, դեռեւս երեխային ձեռքով բռնած, իր համար անսպասելիորեն ծնկեց ճանապարհի վրա եւ փորձեց համբուրել խեղված, պոկոտած եղունգներով ոտքը: Սակայն ուշ էր: Լեգեոներներից քշված Հիսուս, արդեն հեռանում էր: Հովսեփը շվարած հայացքով հետեւում էր ամբոխի մեջ պեծկլտացող ծիրանուն: Եվ հենց նույն պահին խորունկ զղջանքը շամփրեց նրա հոգին: Բայց կողքին ոչ ոք չկար, ով կարող էր հասկանալ նրան: Նույնիսկ իր սեփական կինն ու երեխաները նրա մղումը մեկնաբանեցին՝ որպես Քրիստոսի հերթական ծանակում, ինչպես՝ եթե նա Նրա գլխին դներ փշեպսակը: Եվ, իհարկե, անցորդները միայն ծիծաղում էին:
Հովսեփը չէր հիշում, թե երբ էր կինը երեխային վերցրել, երուսաղեմյան կատաղի արեւը, որից, թվում էր, հալվում էին քարերը, լուսավորում էր նրա մեջքը, ճանապարհից ելնող փոշին իջնում էր հագուստի վրա, այտերի վրայից կաթում էին տաք արցունքները, իսկ նա դեռ ծնկաչոք կեցած էր, առանց տեղից շարժվելու ուժ ունենալու:
«Մեծ է Երուսաղեմ քաղաքը, եւ շատերն էին ծանակում Տիրոջը, սակայն միայն ես էի հասկացել, որ դա մեղք էր: Եվ հենց որպես հասկացող էլ ես նզովքի արժանացա: Երկինքը չի պատժում նրան, ով մեղք է գործում, չիմանալով, թե ինչ է անում: Այլ կերպ ասած, ես միայնակ եմ կրում ինձ վրա մեղքի ծանրությունը, այն բանի համար, որ Տիրոջը խաչի վրա տառապալից մահվան ենթարկեցին: Բայց քանի որ հենց պատիժն է իր ետքից բերում քավությունը, Տերը միայն ինձ էլ կփրկի: Քանզի նա, ով, մեղք գործելով, հասկացել է, թե ինչ է հենց նա գործել, Երկինքը ուղարկում է միաժամանակ եւ պատիժ, եւ քավություն»: Գրառումների վերջում ահա այսպես է Հավերժական Հրեան պատասխանում իմ երկրորդ հարցին: Եվ հազիվ թե հարկ կա ուժերը վատնել այն բանի վրա, որպեսզի ստուգես, թե պատասխանն այդ ճի՞շտ է, թե՞ սխալ: Ի վերջո, հարցի պատասխանը ստանալը` արդեն քիչ չէ: Իսկ եթե որեւէ մեկին կհաջողվի հայտնաբերել Արեւելքի կամ Արեւմուտքի հինավուրց գրքերում իմ հարցերի պատասխանը, հուսով եմ, որ դուք ավելորդ չեք համարի ինձ տեղյակ պահելը: Ես էլ իմ կողմից մտադիր էի ավելի շատ մեջբերումներ անել վերոհիշյալ գրառումներից, բայց, ավաղ, տեղս չբավեց: Այդ պատճառով կսահմանափակվեմ նրանով, որ ամփոփելով՝ հղում կանեմ Բերինգուսին, ով Հավերժական Հրեայի մասին լեգենդի ակունքները տեսնում է Մատթեոսի Ավետարանի 16-րդ գլխի 28-րդ հատվածում եւ Մարկոսի Ավետարանի 9-րդ գլխի 1-ին հատվածում:
————————
1. Ռեբեկ- արաբական լարային երաժշտական գործիք
ՄԵՆՈՒԹՅԱՆ ԴԺՈԽՔԸ
Այս պատմությունը ես մորիցս եմ լսել: Մայրս ասում էր, որ այն լսել է իր նախապապից: Թե որքանով է պատմությունն արժանահավատ, չգիտեմ: Բայց դատելով այն բանից, թե ինչպիսի մարդ էր եղել նախապապս, ես լիովին ընդունում եմ, համանման իրադարձությունը կարող էր տեղի ունենալ…
Նախապապս արվեստի եւ գրականության մոլի երկրպագու էր եւ Տոկուգավայի կառավարման վերջին տասնամյակի դերասանների ու գրողների շրջանում լայն ծանոթություններ ուներ: Դրանց մեջ կային այնպիսի մարդիկ, ինչպես Կավիտակե Մոկուամին, Րյուկա Տայտակոձուն, Ձիձայ Անոյկին, Տոեյը, Ձոնձորո-իններորդը, Ուձի Սիբունը, Միյակո Սինտյուն, Կենկոն Բորյուսայը եւ շատ այլք: Մակուամին, օրինակ, նախապապիցս էր ընդօրինակել Կինոկուպիա Բունձեմոնի կերպարն իր «Էդոձակուրա կիյոմիձու սեյգեն» պիեսում: Նա մահացել էր մի հիսուն տարի առաջ, բայց այն պատճառով, որ դեռ կենդանության օրոք նրան տվել էին Իմակիբուն մականունը («Այսօրվա Կինոկուպիա Բունձեմոնը»), հնարավոր է, որ այսօր էլ կան մարդիկ, ովքեր գիտեն նրա մասին, դե, թեկուզ լսելով: Նախապապիս ազգանունը Սայկի էր, անունը` Տոձիրո, գրական կեղծանունը, որով նա ստորագրում էր իր հոքքուները` Կոի էր, տոհմանունը` Յամասիրոգասիմո Ցուտո:
Եվ ահա այդ նույն Ցուտոն մի անգամ Յոսիվարայի Տամանոյա հասարակաց տանը ծանոթացավ մի վանականի հետ: Վանականը Խոնգոյից ոչ հեռու ձեն բուդդիստական տաճարի ավագերեցն էր, եւ անունը նրա Ձենտյո էր: Նա էլ մշտապես այցելում էր այդ հասարակաց տունը եւ մտերմացել էր Նիսիկիձյո անունով մի հայտնի կուրտիզանուհու հետ: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ վանականներին արգելված էր ոչ միայն ամուսնանալը, այլեւ մարմնական հաճույքներին տրվելը, այդ պատճառով նա այնպես էր հագնվում, որպեսզի գլխի չընկնեին, որ նա վանական է: Նա թանկարժեք մետաքսյա կիմոնո էր կրում, դեղին` բեժագույն շերտագծով, նրա վրա կարված սեւ գերբերով, եւ բոլորը նրան դոկտոր էին կոչում: Հենց նրա հետ էլ միանգամայն պատահաբար ծանոթացել էր մորս նախապապը:
Իսկապես, դա պատահաբար էր եղել, մի անգամ ուշ երեկոյան, ըստ լուսնային օրացույցի` հուլիսին, երբ, ըստ հինավուրց սովորույթի, Յոսիվարայի բոլոր թեյատներում լապտերներ են կախում, Ցուտոն քայլում էր երկրորդ հարկի պատշգամբասրահում, վերադառնալով զուգարանից, մեկ էլ հանկարծ տեսավ լուսնով դյութված ճաղաշարին հենված մի տղամարդու: Ճաղատ, ցածրահասակ, նիհար մի տղամարդու: Լուսնի լույսի տակ Ցուտոյին թվաց, որ մեջքով դեպի իրեն կանգնած տղամարդը Տիկենայն է, այս տան մշտական հաճախորդը, բժշկի հանդերձանքով կատակչին: Կողքով անցնելիս, Ցուտոն թեթեւակի քաշեց նրա ականջից: «Փոքր-ինչ կզվարճանամ, երբ նա վախեցած շրջվի»,- մտածեց Ցուտոն:
Բայց տեսնելով դեպ իրեն շրջված մարդուն, ինքը վախեցավ: Բացառությամբ սափրած գլխի, նա ամենեւին նման չէր Տիկենային: Մեծ ճակատը, խիտ, համարյա սերտաճած հոնքերը: Դեմքը շատ նիհար, եւ, հավանաբար, այդ պատճառով էլ աչքերը վիթխարի են թվում: Նույնիսկ կիսախավարում ձախ այտի վրա առանձնանում էր մեծ խալը: Եվ, վերջապես, ծանր կզակը: Այդպիսին էր այն դեմքը, որ տեսավ շվարած Ցուտոն:
– Ձեզ ի՞նչ է պետք,- զայրացկոտ հարցրեց սափրագլուխը:
Թվում էր՝ նրա քեֆը փոքր-ինչ լավ էր:
Ցուտոն մենակ չէր, ես մոռացա այդ մասին ասել, այլ երկու մտերիմների հետ` դրանց այն ժամանակ «հեյշա» էին կոչում: Նրանք, իհարկե, անմասն չմնացին, տեսնելով Ցուտոյի վրիպումը: Նրանցից մեկը ոտքը կախ գցեց, որպեսզի անծանոթից Ցուտոյի համար ներողություն խնդրի: Իսկ Ցուտոն երկրորդ մտերմուհու հետ վերադարձավ սենյակ, ուր նրանք սկսեցին զվարճանալ: Ինչպես տեսնում եք, արվեստի մոլի երկրպագուն էլ կարող է վրիպել: Եվ սափրագլուխը, Ցուտոյի մտերմուհուց իմանալով, թե ինչու էր պատահել այդ անախորժ սխալը, մեկից լավ տրամադրության մեջ ընկավ եւ զվարթ ծիծաղեց: Հարկ կա՞ ասելու, որ ճաղատը Ձենտյոն էր:
Այդ ողջ պատահածից հետո Ցուտոն պատվիրեց ճաղատի համար քաղցրավենիքով սկուտեղ տանել եւ մեկ անգամ եւս ներողություն խնդրել: Նա էլ, իր հերթին, կարեկցելով Ցուտոյին, եկավ նրանից շնորհակալություն հայտնելու: Այդպես նրանք ընկերացան: Թեպետ ես ասում եմ, թե ընկերացան, բայց տեսնվում էին նրանք այդ հաստատության միայն երկրորդ հարկում, եւ ոչ մի այլ տեղ չէին հանդիպում: Ցուտոն գեթ կաթիլ անգամ ոգելից խմիչք չէր օգտագործում, իսկ Ձենտյոն, ընդհակառակը, խմել սիրում էր: Եվ հագնվում էր, ի տարբերություն Ցուտոյի, շատ նրբաճաշակ: Եվ կանանց էլ շատ ավելի էր սիրում, քան Ցուտոն: Ցուտոն կատակով ասում էր, որ անհայտ է, թե իրականում նրանցից ով է վանական: Գեր, թարշամ, արտաքնապես անհրապույր Ցուտոն ամիսներով չէր խուզվում, նրա վզից արծաթե շղթայով փոքրիկ զանգուլակի տեսք ունեցող մի հմայիլ էր կախված, նա մի համեստ մետաքսե կտորի պրեգոտով կիմոնո էր կրում:
Մի անգամ Ցուտոն հանդիպեց Ձենտյոյին, երբ նա, ուսերին դիպակե թիկնոց գցած, սյամիսեն էր նվագում: Ձենտյոն երբեք դեմքի լավ գույնով չէր առանձնացել, բայց այդ օրն առանձնապես դժգունած էր: Աչքերը կարմիր, բորբոքված: Բերանի անկյունների թարշամած մաշկը ժամանակ առ ժամանակ ջղաձգորեն կծկվում էր: Ցուտոն մեկեն մտածեց, որ իր ընկերը ինչ-որ խիստ տագնապած է: Նա Ձենտյոյին հասկացրեց, որ սիրով նրան կունկնդրի, եթե նա իրեն արժանի զրուցակից համարի, բայց Ձենտյոն, հավանաբար, ոչ մի կերպ չէր համարձակվում անկեղծանալ: Ընդհակառակը, նա ավելի էր ինքնամփոփվել, իսկ երբեմն ընդհանրապես կորցնում էր զրույցի թելը: Ցուտոն այն է մտածեց, որ Ձենտյոյին մաշում է կարոտը, ինչն այնքան սովորական է հասարակաց տան հաճախորդների համար: Նա, ով կարոտից շվայտության է տրվում, չի կարող զեխությամբ կարոտը քշել: Ցուտոն եւ Ձենտյոն երկար զրուցում էին, եւ նրանց զրույցն ավելի ու ավելի անկեղծ էր դառնում: Հանկարծ Ձենտյոն, ասես ինչ-որ բան հիշելով, ասաց.
– Բուդդիստական հավատալիքների համաձայն, գոյություն ունեն դժոխքի զանազան պարունակներ: Բայց, ընդհանուր առմամբ, դժոխքը կարելի է բաժանել երեք պարունակի` հեռավոր դժոխք, մոտավոր դժոխք եւ մենության դժոխք: Հիշում եք խոսքերը. «Այն աշխարհի ներքո, ուր բնակվում է ամենայն կենդանին, հինգ հարյուր տարի երկարությամբ ձգվում է դժոխքը: Կնշանակի, որ հնուց անտի մարդիկ հավատում էին, որ դժոխքը` գեհենն է: Եվ միայն այդ դժոխքի պարունակներից մեկը` մենության դժոխքը` հանկարծ հայտնվում է օդային ոլորտներում լեռների, դաշտերի ու անտառների գլխավերեւում: Այլ կերպ ասած, այն, ինչը շրջապատում է մարդուն, կարող է մի ակնթարթում վերածվել նրա համար տառապանքների ու տանջանքների դժոխքի:
Մի քանի տարի առաջ ես ընկա այդպիսի դժոխք: Ոչինչ ինձ տեւաբար չի գրավում: Ահա թե ինչու ես մշտապես փոփուխությունների կարոտ եմ: Բայց միեւնույն է դժոխքից փրկություն չունեմ: Իսկ եթե չփոխեմ այն, ինչն ինձ շրջապատում է, ավելի դառը կլինի: Այդպես էլ ապրում եմ, ջանալով անվերջանալի փոփոխություններում մոռացության մատնել իրար հաջորդող օրերի դառնությունը: Իսկ եթե ուժերս չզորեն, մի բան է մնում` մահանալ: Նախկինում, թեպետ եւ ես ապրում էի այս դառնաղետ կյանքով, մահն ինձ համար ատելի էր: Իսկ այժմ…
Վերջին խոսքերը Ցուտոն չլսեց, Ձենտյոն դրանք արտաբերեց ցածր ձայնով, սյամիսենը լարելով… Այդ ժամանակից ի վեր Ձենտյոն այլեւս չէր լինում այդ հաստատությունում: Եվ ոչ ոք չգիտեր, թե ինչ պատահեց այդ մեղքի մեջ թաղված ձեն բուդդիստ վանականին: Այդ օրը Ձենտյոն, հեռանալով, մոռացել էր «Կոգո» սուտրայի մեկնաբանված հրատարակությունը: Եվ երբ Ցուտոն օր ծերության սնանկացավ եւ գնաց Սամաուկավու գավառական քաղաքը, իր գրասենյակի սեղանի վրա ընկած գրքերի մեջ, նաեւ այն սուտրան էր: Կազմի ետնամասում Ցուտոն գրել էր իր հոքքուն. «Արդեն քառասուն տարի նայում եմ, դաշտը պատած մանուշակների վրայի ցողին»: Իսկ գիրքը չի պահպանվել: Եվ այժմ ոչ ոք չի մնացել, ով կհիշի մորս նախապապի եռատողը:
Պատմած պատմությունը վերաբերում է Անսեյի չորրորդ տարուն: Մայրս մտապահել էր դա, հավանաբար, «դժոխք» բառով տարված:
Օրերով իմ գրասենյակում նստած, ես ապրում եմ միանգամայն այլ աշխարհում, ոչ այն, որում ապրում էին մորս նախապապն ու ձեն բուդդիստ վանականը: Ինչ վերաբերում է իմ հետաքրքրություններին, ապա ինձ դույզն-ինչ չեն գրավում Տոկուգավա դարաշրջանի գրքերն ու փորագրանկարները: Դրա հետ մեկտեղ՝ իմ ներքին վիճակն այնպիսին է, որ «մենության դժոխքը» բառերն իմ մեջ կարեկցանք են ծնում այն դարաշրջանի մարդկանց հանդեպ: Ես չեմ պատրաստվում դա ժխտել: Ինչո՞ւ է դա այդպես: Որովհետեւ ինչ-որ իմաստով ես ինքս մենության դժոխքի զոհն եմ: