Այսօր Աթենքում կայանալիք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Հունաստան: Երեկ երկոյան կայացել է նրա հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, ըստ կողմերի միջեւ պայմանավորվածության, այս աշխատանքային հանդիպումից հետո չեն արվել հայտարարություններ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Նշենք, որ այսօր մեկնարկող նիստից առաջ երկրի վարչապետ եւ արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիոս Պապանդրեուն այդ պաշտոնում իր վերջին գրավոր ուղերձում` ուղղված կազմակերպության անդամ երկրներին, երախտագիտություն է հայտնել Մինսկի խմբի երեք համանախագահողներին, ինչպես նաեւ՝ դեսպան Անջեյ Կասպրչիկին` «Ղարաբաղի հակամարտության հարցում փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելուն ուղղված ջանքերի համար»: ԵԱՀԿ-ի գործող նախագահը նաեւ նշել է, թե դրական սպասելիքներ կան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` վերջին շրջանի հաճախակի հանդիպումների առնչությամբ: Ի դեպ, երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ Ազգային ժողովի` նոյեմբերի 25-ին ընդունած հայտարարության տեքստը` ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-2-ը Աթենքում նախատեսված նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար: Համապատասխան նամակ է ուղարկվել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիոս Պապանդրեուին, իսկ պատճենը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին: ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարությունն ընդունել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականության կապակցությամբ: Նշենք, որ ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնում է Ղազախստանը, որի պետքարտուղար եւ արտգործնախարար Պանաթ Սաուդաբաեւը արդեն իսկ հայտարարել է, որ ծրագրում է ունենալ իր անձնական ներկայացուցիչը հակամարտությունների հարցերով: