Շաբաթ օրը վաղ առավոտից Երեւանի տարբեր ծայրերից հոսք էր նկատվում դեպի «Մարզահամերգային համալիր»: Եթե որեւէ մեկը լսած չլիներ, որ այդ օրը Համալիրում տեղի է ունենալու «Հանրապետական» կուսակցության 12-րդ համագումարը, միայն այդ հոսքը բավական էր հասկանալու համար, որ քաղաքում ինչ-որ բան է տեղի ունենալու:
Նախ՝ ոչ աշխատանքային օրվա համար անսովոր էր վաղ առավոտից մայրաքաղաքի փողոցներում տեսնել պետական գոլդ պետհամարանիշերով սուրացող շքեղ մեքենաներ: Տաքսի-ծառայությունների վարորդները կամ գիտեին, կամ գլխի էին ընկել, թե այդ առավոտ իրենց պատվերների մեծ մասի ուղղությունն ինչու է դեպի Համալիր, եւ հաճախորդներին բացատրում էին, որ այդ հատվածում խցանում է, ուստի չեն կարող ժամանակին հասնել հաջորդ պատվիրատուի մոտ: Երթուղային տաքսու մեջ հեռուստատեսության օպերատորն իր գործընկերոջ հետ հեռախոսով պայմանավորվում էր օրվա աշխատանքը բաժանել երկու մասի` «նախագահի ելույթն ու մնացած մասը»: Իսկ օրվա հանդիսավորությունն ավելի տպավորիչ էին դարձնում «Համալիրի» հարակից տարածքներում կուտակված շքեղ մեքենաները: Այդքան «Համմերներ», «Բրաբուսներ» ու արտասահմանյան հարյուրավոր այլ շքեղ մեքենաներ, ՀՀԿ-ի համագումարից բացի, հավանաբար այլ առիթով հնարավոր չէ տեսնել:
Համալիրի ներսում արդեն համագումարի մասնակիցներին սպասում էր ծաղիկներով եւ ֆուրշեթների սեղաններով զարդարված նախասրահը: Ու թեեւ համագումարը պետք է սկսվեր ժամը 11-ին, սակայն պատվիրակներին կանչել էին 9:30-ին: Պարտաճանաչ կերպով այդ ժամին ներկայացել էին մարզերից եկած բոլոր պատվիրակները: Երեւի նրանց հայրենասիրական ոգին ու օրվա խորհրդի զգացողությունը բարձր պահելու համար այդ ընթացքում հնչում էին «Երեւան դարձած իմ Էրեբունի», «Երեւան, Երեւան» երգերը, որոնք երբեմն ընդմիջվում էին որեւէ պարեղանակով: Ավելի ուշ` համագումարի սկսվելուց րոպեներ առաջ սկսեցին ժամանել արդեն ՀՀԿ-ի` պաշտոնյա անդամները` պատգամավորները, մարզպետները, քաղաքապետերը, նախարարները: Նրանք մենակ չէին գալիս, այլ շքախմբերով շրջապատված ներս մտնում ու այդպես էլ շրջում էին սրահում: ՀՀԿ մոտ 1800 պատվիրակներից բացի, հրավիրվել էին մոտ 200 հյուրեր` քաղաքական ուժերի նախագահները` Վազգեն Մանուկյան, Արթուր Բաղդասարյան, Արտաշես Գեղամյան, Գուրգեն Արսենյան եւ այլք: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր եկել, նա ԱՄՆ-ում էր: Հրավիրվել էին արվեստագետներ, որոնք հիմնականում Հանրային խորհրդի ու Երեւանի ավագանու` բոլորին արդեն հայտնի անդամներն էին: Այսինքն՝ ներկա էին իշխանությունների բոլոր «հաճախորդները»: Հյուր կար նաեւ Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից` հայազգի Արթուր Չիլինգարովը, ով ընթերցեց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ուղերձը: ՀՀԿ-ի համագումարին չէին հրավիրել ընդդիմությանը` ՀԱԿ-ին ու «Ժառանգություն» կուսակցությանը: ՀՅԴ-ից եկել էին Հրանտ Մարգարյանն ու Արտյուշա Շահբազյանը, ովքեր Ս.Սարգսյանի ելույթից հետո լքեցին դահլիճը: Համագումարին, բնականաբար, կամ ի հեճուկս ակնկալիքների, չէր մասնակցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Համագումարն իր ողջ հանդիսավորությամբ ներկայացնելու համար նախագահականից յուրաքանչյուր հեռուստատեսությունից երկուական նկարահանող խումբ էին պահանջել` «մեկը՝ ներսի, մյուսը` դրսի» համար: Եվ անցած երեք օրերին ողջ եթերը ողողված էր ՀՀԿ-ի համագումարով:
Իսկ դահլիճում` բեմի վրա երկարությամբ դրված էին սեղաններ ու 14 աթոռներ, որոնց վրա պետք է նստեին ՀՀԿ գործադիր մարմնի 12 անդամները: Վերջին երկու աթոռները նախատեսված էին գործադիրում ընդգրկվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համար: Այդ երկու աթոռները, սակայն, թափուր էին մինչեւ կուսակցական ընտրության ավարտը: Բայց Տ.Սարգսյանը չէր համբերել ու համագումարը դեռ չսկսված՝ միայնակ նստել էր 13-րդ աթոռի վրա: Նա գիտեր, որ ինքը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է դառնալու, բայց չգիտեր, որ մինչեւ դառնալը նախ պետք է ընտրվեր` անցներ այդ ձեւական ընտրության փուլը: Ինչ-որ մեկը վարչապետին զգուշացրեց, որ դեռ վաղ է բեմում նստելը: Վարչապետն իջավ ու տեղ զբաղեցրեց «ներքեւում»: Եկան նաեւ վարչապետի հետ հանրապետական դարձած Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրանցից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, թե ինչո՞ւ անդամակցեցին ՀՀԿ-ին: «Ես վաղուց էի որոշել դառնալ ՀՀԿ անդամ, երբ որ նախարար էի դարձել: Հիմա ուղղակի հասունացել էր պահը, որ ես որոշումս պիտի ֆորմալացնեի: Միանալով նախագահի քաղաքական թիմին` արդեն ես իմ որոշումը կայացրել էի»,- ասաց Ն.Երիցյանը:
Դահլիճում նստած Քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը գրպանից հանեց ՀՀԿ-ի մի կրծքանշան ու տվեց Ն.Երիցյանին. «Խփի դոշիդ, թող տեսնեն»:
Տ.Դավթյանն ասաց, որ նախարար ու փոխնախարար աշխատած 10 տարիներին ինքն արդեն եղել է այդ կուսակցության թիմում: «Այնպես որ, ինձ հետ կապված դա անակնկալ չէր, հակառակը` տրամաբանական էր»,- ասաց նա: Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը չցանկացավ մեկնաբանել իր ՀՀԿ-ականացումը: «Չեմ ուզում պատասխանել, այսօր տոն է, տրամադրությունս բարձր է»,- ասաց նա: Իր հանրապետականացման դրդապատճառների մասին հարցերին չպատասխանեց նաեւ վարչապետն` ինքը, ասաց, որ ասուլիս կհրավիրի ու կպատասխանի բոլոր հարցերին:
Իսկ համագումարի սկզբում նախ բեմ բարձրացավ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանն ու հանդես եկավ աղոթքով: «Ապրես»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա առաջարկով միաձայն հաստատեցին համագումարի օրակարգն ու անցան ելույթներին: Ի դեպ, թե՛ օրակարգի, թե՛ կուսակցության կանոնադրության փոփոխությունների, թե՛ այլ հարցերին վերաբերող բոլոր առաջարկություններն ընդունվում էին միաձայն: Ոչ միայն դեմ, այլ նույնիսկ ձեռնպահ գոնե մեկ քվեարկող չկար: Եվ այս հանգամանքն ու նաեւ համագումարի ողջ ընթացքը հիշեցնում էին կոմունիստական ժամանակների նմանատիպ միջոցառումների ոգին: Ծավալուն ելույթ ունեցավ Ս.Սարգսյանը, ով տեքստը կարդում էր ամբիոնի դիմաց դրված ապակյա երեք սուֆլյորներից: Նրա խոսքն ավելի շուտ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ էր, եւ նա այս համատեքստում անդրադարձավ ՀՀ ներքին ու արտաքին խնդիրներին` ֆինանսական ճգնաժամին, ներքաղաքական իրավիճակին, հայ-թուրքական հարաբերություններին ու ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը: «ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերների հետ ստանձնել է պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի առջեւ։ Նկատի առնելով այն բարդ գործընթացները, որ այսօր առկա են աշխարհում եւ մանավանդ մեր տարածաշրջանում՝ կարող ենք ասել, որ այդ պատասխանատվությունը պատմական է։ Մենք կամավոր ստանձնել ենք պարտավորություններ մեր ժողովրդի առջեւ։ Եվ մինչեւ օրս չենք կատարել որեւէ քայլ, որ հակասեր մեր խոստումներին ու ծրագրերին։ Մենք քայլ առ քայլ իրականացնում ենք դրանք թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքին հարթակներումգ Մենք քաղաքական ուժ ենք, որը հեռու է շաբաթը մեկ տեսակետ ու դիրքորոշում փոխելու` հաճախ առկա գործելաոճից։ Մեր «այո»-ն «այո» է, եւ «ոչ»-ը` «ոչ»,- հայտարարեց ՀՀ նախագահը։
Ս.Սարգսյանը նաեւ անուղղակի պատասխանեց այն կարծիքներին, թե ինքը ՀՀԿ-ում միանձնյա է որոշումներ կայացնում: «ՀՀԿ-ն առաջնորդի կուսակցություն չէ: Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ, Սերժ Սարգսյանը պարզապես հանրապետական էգ,- մատը թափ տալով` հայտարարեց Ս.Սարգսյանն ու շարունակեց,- Դուք գիտեք, որ բոլոր կարեւորագույն որոշումներն ու նախագծերը ես նախ եւ առաջ կուսակցության քննարկմանն եմ ներկայացրել: Համոզված կողմնակիցը լինելով ամենալայն շրջանակների կարծիքը հաշվի առնելու գործելաոճին եւ այդ ոճով էլ գործելով` կարեւորագույն հարցերի ողջ շրջանակը, հակաճգնաժամային ծրագրերից մինչեւ հայ-թուրքական արձանագրություններ, անհրաժեշտաբար նախ քննարկման եմ դրել կուսակցությունում»:
Ս. Սարգսյանն իր ելույթում պատասխանեց նաեւ հնչող այն կարծիքներին, թե ինքը սխալ քաղաքականություն է վարում. «Եկել է մարտահրավերների առջեւ արագ կողմնորոշվելու ժամանակը: Ո՞րն է երաշխիքը, որ ամենախելոք, ամենաուժեղ, ամենավստահելի ու ամենամիասնական իշխանությունը սխալներ չի գործի այդ մարտահրավերներին դիմակայելու որոշումներ կայացնելիս: Իսկ սխալվելիս էլ ժամանակին կհասկանա, կընդունի ու կփորձի ուղղել սխալը, որովհետեւ սխալներն անխուսափելի են: Չսխալվելու երաշխիքն ու հոմանիշը դեռ երեկ ոչինչ չանելն էր: Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն: Եվ այդ սխալին, ցավոք սրտի, շատերը սպասում են շունչները պահած: Ուրեմն մենք պետք է քայլեր անենք՝ սխալվելու վտանգն աչքի առաջ ունենալով: Համոզված եղեք` մեր ժողովուրդը կների՛ սխալները, չի՛ ների անգործությունը: Սխալներից հեռու մնալու դեղատոմս չկա: Բայց կան սխալվելուց խուսափելու հնարավորություններ: Առաջինն, անշուշտ, ճկունությունն է՝ որոշումներ կայացնելիս ու դրանք փոխելիս»,- հայտարարեց նա:
Հայ-թուրքական հարաբերություններին ու ստորագրված արձանագրություններին անդրադառնալով` Ս. Սարգսյանն ասաց. «Կցանկանայի շեշտել, որ այստեղ գործում է «խելամիտ ժամկետներում» կոչվող սկզբունքը: Եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը, ապա, ինչպես արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, ՀՀ-ն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր: Նույնը վերաբերում է ԼՂՀ հակամարտության կարգավորմանը եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին: ՀՀ-ն կողմնակից է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն ԼՂ նկատմամբ որեւէ ոտնձգություն մենք թույլ չենք տա եւ ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով»:
Խոսեց նաեւ քաղաքացիական ինստիտուտների, ազատ մամուլի ու ընտրական համակարգի կայացման մասին: Այս ելույթից ընդամենը մեկ ժամ հետո, սակայն, դեռեւս կուսակցության նախագահ ու գործադիր մարմինների անդամների թեկնածությունները չառաջադրած` հանրապետականները ընտրություն էին կատարում: Մինչեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կազդարարեր ընտրության սկիզբը` քվեատուփերում 100-ից ավելի քվեաթերթիկ կար: Ու թեեւ այս ընտրություններում Ս.Սարգսյանը, Տ.Սարգսյանն ու Գ.Բեգլարյանը մրցակիցներ ու չընտրվելու վտանգ չունեին, բայց ընտրությունները կրկին անցան խախտումներով: ՀՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հետո ասաց, որ այդ քվեաթերթիկները անվավեր են ճանաչվել: Այնուամենայնիվ, Ս.Սարգսյանը միաձայն վերընտրվեց ՀՀԿ նախագահ, իսկ Տ.Սարգսյանն ու Գ.Բեգլարյանը` գործադիր մարմնի անդամներ:
Հ.Աբրահամյանն իր ելույթում հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն: Նրա խոսքով՝ կուսակցությանը ձայն կտան, եթե համոզվեն, որ այն հզոր է ու կատարում է իր խոստումները: «Կուսակցությանը պետք են կադրային համալրումներ, պետք են անձինք, ովքեր խելոք են ու ազնիվ, ում հասարակությունը հավատում է: Կուսակցությունը պետք է զերծ մնա այն անձանցից, ովքեր հետապնդում են անձնական նպատակներգ Մենք ունեն հավակնոտ նպատակներ, մեզ փորձելու են խոչընդոտել: Սակայն դիմագրավելու ենք մտածված ու հետեւողական աշխատանքով»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Հյուրերից ելույթի խոսք տվեցին միայն ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանին, Ա.Բաղդասարյանին եւ Արտաշես Գեղամյանին: Ա.Սաֆարյանը բավականին չեզոք խոսեց ու իր ելույթը եզրափակեց «Առաջ Հայաստան, միասին կառուցենք բարգավաճ Հայաստան» խոսքով: Ա.Բաղդասարյանը ավելի շատ խոսեց իր կուսակցության, քան թե ՀՀԿ-ի մասին: Ասաց, որ 12 տարի «առողջ համագործակցություն ունեն ՀՀԿ-ի հետ, թե ընդդիմություն, թե կոալիցիայի անդամ եղած ժամանակ»: Անդրադարձավ 2008 թ. հետընտրական ժամանակաշրջանին: «ՕԵԿ-ն իր խոհեմ պահվածքով, պայմանագիր ստորագրելով ՀՀԿ-ի հետ` կանխեց էլ ավելի վտանգավոր զարգացումները, ավելի շատ արյունը»,- ասաց Ա.Բաղդասարյանը` կարծես փորձելով արդարանալ ժողովրդի նկատմամբ դավաճանություն որակված իր այդ քայլի համար:
Դրանից անմիջապես հետո բեմ բարձրացավ Ա.Գեղամյանը: Նա հուզվել էր, որ իրեն խոսք ասելու հնարավորություն էին տվել: Առաջին պահին հուզմունքից խոսքը չէր ստացվում: Բայց ի վերջո սկսեց սահուն խոսել: Ասաց, թե Ս.Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում: Նրա խոսքերով՝ մինչ այդ մեր երկրին հիշել են ցեղասպանության պատճառով: Ակնարկելով Ա.Բաղդասարյանին` ասաց. «Ազգային Միաբանությունը» 12 տարի ոչ մի թուղթ չի ստորագրել իշխանության հետ, բայց ունի մի հիմնական թուղթ` այնքան կլինենք իշխանության հետ, քանի դեռ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ»: «Բայց Գեղամյանը Գեղամյան չի լինի, եթե մի դառը բան չասի` կուզեի, որ այս համագումարին ներկա լինեին Հայաստանի առաջին ու երկրորդ նախագահները` Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը»։ Գեղամյանն իր խոսքն ավարտեց Ս.Սարգսյանի նախընտրական քարոզարշավի «Առաջ, Հայաստան» կարգախոսով:
Ավելացնենք, որ իր պատվիրակների ու հյուրերի համար ՀՀԿ-ն բավականին ճոխ ընդունելություն էր կազմակերպել: «Արիես» ընկերության գլխավոր խոհարար Արմեն Աշոտյանը չասաց, թե որքան գումար են ստացել հյուրասիրությունը կազմակերպելու համար, բայց ավելացրեց, որ յուրաքանչյուր կերակրատեսակից պատվիրված է եղել 1000 հատ: