Հմայակը փնտրում է իր Ժոզեֆինային

27/08/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

– Ասում են՝ դուք հետաքրքիր համեմատություններ եք անում քաղաքական
գործիչների վարքագծի տարբեր դրսեւորումների հետ կապված: Ձեր անձի հետ
կապված համեմատություններ ձեր մտքով չե՞ն անցնում:

– Դուք երեւի նկատի ունեք այն, որ յուրաքանչյուր մարդ կենդանական աշխարհի
ինչ-որ ներկայացուցչի է հիշեցնում, բայց վախենում եք ուղիղ ասեք…

– Անկեղծ ասած՝ ես բոլորովին դա նկատի չունեի, բայց եթե դուք ուզենաք հենց այդպիսի համեմատություն անել, ես դեմ չեմ:

– Իմ այս համեմատությունը գուցե անհամեստ հնչի, սակայն եթե հաշվի առնենք,
որ ես միշտ երամի մեջ չեմ կարողացել լիարժեքորեն ընդգրկվել, ապա ես ինձ
կարող եմ համեմատել միայն արծվի հետ: Միայն արծիվն է, որ միշտ մենակ է
ինչ-որ բարձունքի հասնում: Ինձ հաճախ է պատահել տեսնել մարդկանց, ովքեր
երամային, ոհմակային վարքագիծ ցուցաբերելով հասել են ինչ-ինչ
բարձունքների: Այդպիսի մարդկանց ես միշտ ասում եմ՝ սողալով եք հասել այդ
կետին: Մեզանում ոհմակային գործելակերպն է երաշխավորում մարդկանց
առաջխաղացումը եւ կարիերայի առումով, եւ սոցիալական ասպարեզում: Ընդունված
է համարել, որ միայնակ գործունեությունը դատապարտված է ձախողման: Այդ իսկ
պատճառով ամենահաճախ հանդիմանությունը, որ ես լսում եմ նույնիսկ փողոցում
պատահական մարդկանցից, հենց դա է՝ որ պետք է մենակ չլինել, մենակ չգործել:
Իսկ նման իրավիճակում, երբ բոլորը ոհմակների են բաժանվել, գուցե մենակ
գործե՞լն է ճիշտ՝ թեկուզ օրինակի, սկզբունքի դրսեւորման առումով: Ինչ
վերաբերում է քաղաքական դաշտում համեմատություններին, պատկերավոր
բնութագրումներն եմ ես շատ արժեւորում, որովհետեւ երեւույթների դիսկուսիվ
գնահատականները կամ չոր մասնագիտական բնութագրումներն այնքան ազդեցիկ չեն
հասարակական գիտակցության ընկալման առումով, իսկ պատկերավոր
բնութագրումները շատ ավելի տպավորիչ են: Իսկ քանի որ քաղաքական գործիչը
միշտ մի խնդիր ունի՝ մեծ թվով մարդկանց հետ փոխըմբռնման հասնելու, ազդելու
նրանց բանականության վրա, ապա, ես կարծում եմ, ամենաազդեցիկ ճանապարհը
պատկերավոր համեմատությունների օգտագործումն է:

– Ձեր վերջին հաջողված համեմատությունը ո՞րն է:

– Վերջերս ես սահմանադրական գործընթացը մեր երկրում, եւ ընդհանրապես
սահմանադրության ճակատագիրը, նմանեցրեցի «Կովկասի գերուհին» ֆիլմի
հերոսուհու՝ Նինայի ճակատագրի հետ: Կարծում եմ, որ այս համեմատությունը
հասարակ մարդու համար, ով ծանրաբեռնված է այլեւայլ կենցաղային խնդիրներով,
շատ ավելի խոսուն է, քան տեսական այն դատողությունները, որ ես կարող էի
անել, բայց այդ դեպքում ինձ չէր հաջողվի յուրաքանչյուրին հասցնել
ճշմարտությունը: Հիմա մեր բազմաչարչար սահմանադրությանը գանք, որի վրա
փորձում են բարդել տարբեր կարգի պետական սրիկաների մեղքերը, որ գործեցին
այս տարիների ընթացքում, ինչի հետեւանքով այս սահմանադրությունն իր
հմայքով, իր դրական կողմերով հանդիսանում էր քավության նոխազ: Մարդիկ չէին
կատարում սահմանադրությունը, անտեսում էին, որովհետեւ սեւով սպիտակի վրա
գրված էր, որ պետությունը պետք է սոցիալական կողմնորոշում ունենա, իսկ մեր
հասարակական կյանքում սերմանվում էր սոցիալական բեւեռացում, մրցակցության
անհավասար պայմաններ, ասիական բարքեր: Իսկ հիմա որոշեցին առեւանգել
սահմանադրությունը, ինչպես Նինային առեւանգեցին «Կովկասի գերուհին»
ֆիլմում: Եվ, ինչպես հիշում եք, որպեսզի Նինային առեւանգեին, երեք
սրիկաները գտան Շուրիկին՝ մի մարդու, ով ինձ հիշեցնում է մեր
ընդդիմությանը, ընդ որում՝ արտաքնապես Շավարշ Քոչարյանը շատ է նման
Շուրիկին…

– Բայց ֆիլմի վերջում Նինայի ու Շուրիկի բարեկամության մեջ սեպ չմնաց…

– Տա Աստված, որ այդպես լինի նաեւ ընդդիմության ու Սահմանադրության
դեպքում: Բայց, այնուամենայնիվ, Շուրիկն օգնեց, որպեսզի երեք սրիկաներն
առեւանգեն Նինային: Այդ երեք սրիկաները շատ նման են կոալիցիոն երեք
կուսակցությունների առաջնորդներին, թող ներեն ինձ, բայց իսկապես շատ նման
են: Հիշո՞ւմ եք Մարգունովին՝ համեմատեք Հանրապետական կուսակցության
առաջնորդի հետ, էն ցանցառ Վիցինը շատ նման է Արթուր Բաղդասարյանին, կամ՝
Արթուր Բաղդասարյանն է նրան նման, սպիրտի սիրահար Նիկուլինն էլ շատ նման է
Դաշնակցությանը: Ահա այս երեքը համոզում են Շուրիկին, որ Նինայի
առեւանգումը բխում է սահմանադրական գործընթացի շահերից: Սաախովը Ռոբերտ
Սեդրակիչն է, ում համար առեւանգում են սահմանադրությունը, որպեսզի սա
հնարավորություն ունենա, արդեն վարչապետի կագավիճակով, լինել պետության
առաջին իշխանավոր: Իսկ ո՞վ է այս պարագայում Մհեր Մկրտչյանին փոխարինում՝
միակ շահողը Սերժ Սարգսյանն է, ով ի վերջո դառնում է իրավիճակի տերը,
նախիրը իր ետեւից տանողը, եւ՝ ո՞ւմ միջոցով՝ այդ նախիրի տերերի միջոցով,
որոնք անասնագողեր են…

– Անասնագողության հետ կապված մի համեմատություն էլ ունեիք, չէ՞…

– Անասնագողությունը, իմիջիայլոց, շատ բնութագրական է: Նույնիսկ Գրողների
միությունը չխնայեցին: Ընդ որում, այդ համեմատությունն անելիս ես նկատի
ունեի Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» վեպը, մեր խորհրդարանում էլ այսօր
պարբերաբար նման իրավիճակներ են ստեղծվում, երբ անասունները հավաքվում են,
ինչպես Օրուելի վեպում, եւ փորձում են միմյանց ներկայանալ ծանրակշիռ
փաստարկներով: Մեր աչքի առջեւ ամբողջական կուսակցություններ ստեղծվում են
անասնագողության մեխանիզմով: Կուսակցությունները նման են գոմերի, որտեղ
կան ախոռապաններ, եւ որոնց կամքով այդ անասունները պարբերաբար իրենց տեղը
փոխում են գոմի մեջ, եւ Արթուր Բաղդասարյանն ամենահաջողակ ախոռապանն է մեր
իրականության մեջ…

– Պրն Հովհաննիսյան, ձեր առօրյան միայն քաղաքականության հետ կապված
խոհերո՞վ է լցված, հիմա ամառ է, շոգ, չե՞ք ուզում մի քիչ հանգստանալ…

– Հետաքրքիր հարց է: Գիտե՞ք, իմ հոդվածները, ելույթները սկզբում ծնվում են
իմ գլխում, եւ դա կարող է լինել լողավազանում, հետաքրքիր ֆիլմ նայելիս,
համերգի ժամանակ…

– Լավ, մի պահ գոնե չե՞ք ձերբազատվում նման մտքերից:

– Չէ, իմ գլխում միշտ նման մտքեր են: Իմ ասելիքը սկզբում, ոնց որ
համակարգչի մեջ, նախ իմ գլխում է տպվում, հետո նոր թղթին եմ հանձնում կամ
բարձրաձայնում եմ: Միշտ այդպես է: Լինում է, որ գիշերը կամ առավոտյան հենց
արթնանում եմ, նոր մտքեր են ծագում, նոր ծրագրեր են առաջանում:

– Քաղաքականությունից դուրս ոչ մի միտք չի՞ առաջանում:

– Իմիջիայլոց, ժամանակին Տիգրան Պետրոսյանն ինձ ասում էր՝ այդպես
շախմատիստների մոտ է լինում՝ երբ պարտիան հետաձգվում է, շախմատային հետագա
քայլերը քնի մեջ ուրվագծվում են ուղեղում, եւ, առավոտյան զարթնելով,
խաղացողն արդեն գիտի ինչպես շարունակել պարտիան: Իսկ շախմատն ու
քաղաքականությունը շատ ընդհանրություններ ունեն, թեեւ մեզանում շատերին
թվում է, թե քաղաքականությունը նարդու հետ ընդհանրություններ ունի, ինչի
հետեւանքով էլ մենք այսպիսի արդյունքներ ենք ունենում:

– Լավ, կենցաղում, ընտանիքում, ընկերական շրջապատո՞ւմ էլ եք քաղաքականացված:

– Ի դեպ, ես շատ ընկերասեր եմ: Քանի որ քույր ու եղբայր չունեմ, այն, ինչ
բնությունն ինձ չի տվել, ես փորձում եմ գտնել իմ ընկերական շրջապատում:
Ինձ համար ընկերը դա նույն եղբայրն է, որին, սակայն, ինքդ ես ընտրում:

– Ընկերների հետ է՞լ եք քաղաքականությամբ կապված, թե՞ կան նաեւ այլ բնագավառի մարդիկ:

– Ես շատ սիրում եմ շփվել նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ…

– Բայց, կարծեմ, ամուսնացած չեք, ինչո՞ւ, պատճառը «քաղաքակա՞ն» է…

– Քաղաքականության մեջ լինելը՝ մեկ, եւ հետո՝ ես պարբերաբար սիրում եմ
մենակ լինել իմ մտքերի հետ: Շփվել սիրում եմ, բայց օրվա ընթացքում ինձ
անհրաժեշտ է մի քանի ժամով մեկուսանալ. ընտանիքը դրան խանգարելու է…

– Դա համոզիչ պատճառաբանություն չի…

– Քաղաքական գործիչն ու հոգեւորականը պարտավոր են իրենց զրկել այդ բնական
ձգտումից, հոգեւորականը պետք է ամբողջությամբ նվիրվի Աստծուն, քաղաքական
գործիչը՝ ժողովրդին, այսինքն՝ հոգեւորականը պետք է սիրի երեխաներին՝ ոչ թե
ի դեմս իր երեխայի, կանանց՝ ոչ թե ի դեմս իր կնոջ, այլ ընդհանրապես նվիրվի
նրանց՝ նվիրվելով Աստծուն եւ Աստծո խոսքը նրանց հասցնելով: Նույնն է նաեւ
քաղաքական գործչի խաչը, ինչը մեր իրականության մեջ խորթ է հնչում,
որովհետեւ յուրաքանչյուրի համար իր ընտանիքն իր ամրոցն է:

– Բացասական բա՞ն եք տեսնում այդ ամրոցի մեջ:

– Գիտե՞ք ինչու՝ տուն պահելը դարձել է համար առաջին խնդիր, բայց քաղաքական
գործիչը միայն իր տունը չպետք է պահի, բոլորի տան մասին էլ պետք է մտածի,
դրանով է նա տարբերվում հասարակ մահկանացուից:

– Լավ, սերունդ շարունակելու խնդիր գոնե չունե՞ք:

– Այ, դա միակ պատճառն է, որ կարող է ինձ ստիպել ամուսնանալ: Նապոլեոնը,
գիտեք, սիրային բազմաթիվ կապեր է ունեցել, բայց ինչո՞ւ նա ընտրեց
Ժոզեֆինային: Որովհետեւ միակ կինն էր, ով կարողանում էր ձեւացնել, թե
իսկապես խորամուխ է Նապոլեոնին հուզող գաղափարների մեջ, թեեւ իրականում
ոչինչ էլ չէր հասկանում: Նապոլեոնը հետագայում ամուսնացավ ուրիշի հետ՝
ժառանգ ունենալու համար, որովհետեւ Ժոզեֆինան չբեր էր, սակայն Ժոզեֆինան
նրա համար մնաց միակը, որովհետեւ այս կինն այնքան խորամանկություն ու
հմտություն ուներ, որ կարողանում էր ձեւացնել, թե հասկանում է Նապոլեոնին:
Եվ ես հույս ունեմ, որ երբեւէ կգտնեմ իմ Ժոզեֆինային, եւ նա չի լինի չբեր:

– Իսկ ձեր մայրը չի՞ բողոքում ձեր այս վարքագծից: Թե՞ ձեւացնում է, թե հասկանում է…

– Սուտ կլինի, եթե ասեմ՝ չի բողոքում: Հասկանում է, բայց չի համակերպվում:
Չհասկանալ չի կարող, որովհետեւ իրականում դա այդպես է: Քաղաքական գործիչն
իսկապես անմնացորդ պետք է նվիրվի իր ժողովրդին եւ մտածի ոչ թե տուն, կին,
երեխա պահելու մասին, այլ ազգ ու երկիր պահելու մասին: Քաղաքական գործիչը
պարտավոր է անձնականը ստորադասել ժողովրդի շահերից: Եվ եթե սա
բնութագրական է քաղաքական գործչի համար, ուրեմն կանանց պետք է հեռու պահել
այդ բնագավառից, որպեսզի կանանց միջոցով հնարավոր լինի իրականացնել այն
ֆունկցիան, որն անհրաժեշտություն է՝ դա երեխա ծնելն է, առանց որոնց եւ
քաղաքականությունը, եւ առհասարակ ամեն ինչ կորցնում է իմաստը: