«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում Սերժ Սարգսյանն իր ելույթով արձագանքել է առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որի առնչությամբ, ինչպես հաջորդ օրը` նոյեմբերի 12-ին, ասել էր Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը` Կոնգրեսը պատրաստ է «հանուն մեծ գաղափարի»՝ համագործակցության ձեռք մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Այդ իմպուլսները այս վերջին ելույթում չէ, որ ի հայտ եկան,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ն. Զոհրաբյանը` ավելացնելով,- Եթե հիշում եք` նախագահական ընտրություններից հետո Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքում նախագահն ինքը կոչ արեց բոլորին միասնական խնդիրների շուրջ նստել երկխոսության, եւ այդ առաջարկը քաղաքական բոլոր ուժերին` այդ թվում նաեւ արմատական ընդդիմությանը, միշտ եղել է ուժի մեջ»: Ասելով, թե քաղաքականությունը դինամիկ երեւույթ է, Ն. Զոհրաբյանը նշել է, թե ինքը չի կարող բացառել Հանրապետական-Հայ Ազգային կոնգրես համագործակցությունը: «Որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցություն, եթե այն միտված է մեր երկրի բարգավաճմանը, դեպի դրական իմպուլս իր մեջ պարունակող որեւէ դրական համագործակցություն, որեւէ ուժի հետ կոնստրուկտիվ համագործակցություն, ես չեմ կարող բացառել»,- ասել է նա: ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Կարեն Ավագյանը թեեւ չի կարծում, որ Ս. Սարգսյանն իր ելույթով նպատակ է ունեցել պատասխանել Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն ինքը նույնպես առաջիկայում չի բացառում նման համագործակցությունը: «Հանրապետական կուսակցությունը շատ հստակ իրականացնում է իր քաղաքականությունը, եւ այդ քաղաքականությունը իրականացնելիս ով կփորձի միանալ այդ ծրագրի իրականացմանը, որը կհեշտացնի այդ ճանապարհը, ես գտնում եմ, որ որեւէ խնդիր չկա»,- ասել է նա: Իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը գրեթե բացառում է նման հնարավորությունը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի ելույթում Մարտի 1-ի վերաբերյալ հնչած գնահատականը առաջին հերթին խոսում է դրա մասին։ «Սերժ Սարգսյանի ելույթում հետեւյալ թեզն է անցնում, որ ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, մամուլի, հավաքների ազատության եւ այլ ինստիտուտների չկայացվածությունը թույլ չտվեցին, որպեսզի նրանք դուրս գան սանձազերծված սադրանքների որոգայթից»,- ասել է Ս. Սաֆարյանը: