Պաշտոնական վիճակագրությունը երեկ ամփոփել է այս տարվա առաջին 10 ամիսների՝ օրեր առաջ հրապարակված նախնական տվյալները՝ վերստին հաստատելով, որ Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 17.5%-ով։
Ինչպես արդեն գրել ենք՝ անկում է արձանագրվել բոլոր ոլորտներում, եւ ամենից շատ՝ շինարարության մեջ՝ 41.6%-ով։ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակման համաձայն, չնայած զգալի անկմանը, շինարարությունը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 1/5 մասը։
ԱՎԾ-ի հրապարակումը տվյալներ է պարունակում նաեւ արտաքին առեւտրի հետ կապված։ Արտահանման ծավալները անկում են ապրել 40.7%-ով, իսկ ներմուծումը՝ 28.5%-ով։ Սակայն պակաս հետաքրքիր չէ նաեւ արտահանման կառուցվածքը՝ ըստ առանձին ապրանքատեսակների։ ԱՎԾ պաշտոնական տվյալների հիման վրա կազմված աղյուսակից ակնհայտորեն երեւում է, թե ինչ ողորմելի վիճակ է արձանագրված այս ոլորտում։
Օրինակ՝ ոչ թանկարժեք մետաղները եւ դրանցից պատրաստված իրերը կազմում են մեր արտահանման առյուծի բաժինը՝ 33.64%-ը։ Հանքահումքային արտադրանքի տեսակարար կշիռը նույնպես քիչ չէ՝ ավելի քան 18%։ Փաստորեն, միայն այս երկու հոդվածները կազմում են Հայաստանի արտահանման կառուցվածքի կեսից ավելին։ Եվ դա՝ այն դեպքում, երբ առաջինի մասով անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 42.1%, իսկ երկրորդի՝ հանքահումքայինի մասով՝ 33.5%։ Մնացած դեպքերում, ինչպես տեսնում եք, գործ ունենք ծիծաղելի փոքր թվերի հետ։
Շինարարության տեսակարար կշիռը եւ արտահանման այսպիսի կառուցվածքը լավագույնս են արտացոլում մեր տնտեսության դիվերսիֆիկացվածության մակարդակը։ Կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Իշխանությունները վերջին շրջանում սկսել են այս խնդրի մասին ավելի ու ավելի շատ խոսել։ Իսկ օրեր առաջ «Ազատություն» ռկ-ին տված հարցազրույցում խնդրին անդրադարձել է նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։ Նրա խոսքերով, ճգնաժամից Հայաստանի քաղած հիմնական դասն այն է, որ կայուն տնտեսական աճի ապահովման եւ աղքատության հաղթահարման համար տնտեսությունը չպետք է ապավինի ընդամենը մեկ ճյուղի զարգացմանը։ «Երբ տնտեսության եկամուտների 30 տոկոսը ստացվում է 1 ճյուղից` շինարարությունից, իսկ արտահանման ծավալների 40 տոկոսը հանքարդյունաբերությունն է, տնտեսությունը վտանգված է։ Եթե Հայաստանը ցանկանում է վերադառնալ նախկինում արձանագրված աճին, պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը։ Դա մեխանիկորեն չի արվում եւ պահանջում է բիզնես միջավայրի բարելավում ու լրջագույն ներդրումներ տրանսպորտային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ որակյալ աշխատուժ»,- ասել է Վարուդակիսը։ Իհարկե, նրա տվյալները տարբերվում են ԱՎԾ ցուցանիշներից, ինչը կարելի է բացատրել մեթոդաբանության տարբերություններով։ Էականն այն է, որ իմաստը նույնն է՝ պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը։ Դժվար է չհամաձայնել նաեւ այն մտքի հետ, որ դա մեխանիկորեն կամ միայն խոսքերով հնարավոր է անել։ Բայց, կա մի քանի բայցգ
Թե՛ ՀԲ-ն, թե՛ միջազգային մյուս ֆինանսական կազմակերպությունները մեր կառավարության հետ հավասար պատասխանատվություն են կրում ոչ մեր տնտեսության խղճուկ պատկերի համար, քանի որ նրանց աչալուրջ հայացքի եւ խորհուրդների ներքո է իրականացվել տնտեսությանը այս օրը գցած քաղաքականությունը։ Կարելի էր մտածել՝ ինչ եղել՝ եղել է, կարեւորը` ՀԲ-ն, ԱՄՀ-ն ու մյուսները որոշել են շտկել իրենց սխալը։ Սակայն Վարուդակիսի ձեւակերպումը՝ «Եթե Հայաստանը ցանկանում է վերադառնալ նախկինում արձանագրված աճին», այդպես մտածելու ոչ մի տեղ չի թողնում։ Այն պարզ պատճառով, որ եթե «նախկինում արձանագրվածը» դեռ համարվում է «աճ», ուրեմն աճի չափանիշները չեն փոխվել։ Ասել է թե՝ առաջին տեղում շարունակելու են մնալ ցուցանիշները, թեկուզ, եթե դրանք գրանցվեն պատիվ տալու տեղերը շատացնելու հաշվին։ Իսկ ճգնաժամի դասը սովորելուց՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելուց առաջ, հարկավոր է մի շատ կարեւոր բան անել՝ սխալների ուղղում։ Այդ թվում՝ ձեւակերպումների ու չափանիշների ճշգրտում, ինչը, ցավոք սրտի, կարծես այդքան էլ չի կարեւորվում։