Գովազդում են չեղած բանը

02/12/2009

Բջջային կապի երրորդ օպերատորի՝ «Օրանջի» մուտքը հայաստանյան շուկա ուղեկցվեց բջջային կապի եւ ինտերնետի նոր ծառայությունների մասին լայնամասշտաբ գովազդով։

Խոսքն առաջին հերթին վերաբերում է անլար ինտերնետին, երբ ինտերնետ օգտագործողները կարող են ցանկացած տեղից բարձր արագությամբ մուտք գործել ցանց` օգտագործելով հատուկ USB մոդեմ։ Հիշողության կրիչ, կամ, ինչպես մեզանում ընդունված է ասել՝ «ֆլեշկա» հիշեցնող մոդեմը բավականին թանկ է՝ գինը տատանվում է 20-40 հազար դրամի սահմաններում։ «Օրանջը» մուտք գործելուն պես սկսեց առաջարկել իր ծառայություններն այս ոլորտում՝ տեղեկացնելով, որ մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «Ինտերնետ Հիմա» մոդեմը հնարավոր է ձեռք բերել խորհրդանշական գնով՝ 1 դրամով։ Դրան անմիջապես արձագանքեց «Վիվա Սելը», որն այդ ծառայությունը սկսել էր մատուցել դեռ մի քանի ամիս առաջ։ «Վիվա Սելի» գովազդները մեզ սկսեցին ավետել, որ այժմ հնարավոր է անսահմանափակ մուտք ունենալ ինտերնետ՝ ամսական վճարելով ընդամենը 8800 դրամ։ Իսկ «ՄՏՍ Կոննեկտ» մոդեմը մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում ընկերությունն առաջարկում է անվճար։

Թվում է՝ շատ լավ է։ Ինտերնետի այդ տարբերակն իրոք շատ հարմար է, արագ, եւ իր արագության ու այլ որակների հետ համեմատության մեջ՝ բավականին մատչելի։ Սակայն ոգեւորությունը մարում է, երբ գովազդից ոգեւորված սպառողը մտնում է այս երկու ընկերություններից որեւէ մեկի մոտակա գրասենյակ։ Բանից պարզվում է՝ վաճառքում մոդեմ չկա։ Սպառվել են։ Հարցին, թե երբ կլինի՝ աշխատակիցները մեղավոր ժպիտներով պատասխանում են. «Չենք կարող ասել։ Միգուցե այս շաբաթվա մեջ, միգուցե՝ հաջորդ»։ Իսկը «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսի նման՝ «ԾՏՋպՑ ջՈՉՑՐՈ, Ո ՎՏՋպՑ – տՏրսպջՈՉՑՐՈ»: «Վիվա Սելում», օրինակ, հաճախորդներին առաջարկում են հերթագրվել՝ ակամայից հիշեցնելով «ԱրմենՏելի» ժամանակները։ Խմբագրություն զանգահարող մարդիկ դժգոհում են, որ 10 օր է՝ սպասում են մոդեմին։ Ընդ որում, մարդկանց զայրույթն ավելացնում է այն հանգամանքը, որ մոդեմային դեֆիցիտի պայմաններում անգամ գովազդը չի դադարում՝ հորդորելով ձեռք բերել արագ եւ անսահմանափակ ինտերնետ։ Այս ամենից կարելի է մեկ եզրակացություն անել. հայ սպառողները բարձր տեխնոլոգիաների հարցում իրենց պահանջմունքներով առաջ են անցել այդ ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություններից։ Ինչ վերաբերում է «ԱրմենՏելին», ապա այն իր հերթին զգալիորեն հետ է մնացել վերը նշված երկու ընկերություններից։ «ԱրմենՏելի» առաջարկած միակ նորույթն այն է, որ ինտերնետին միանալու իր «Hi Line» ծառայությունն այժմ առաջարկում է առանց միացման վճարի։ «ԱրմենՏելը» նույնպես առաջարկում է USB մոդեմով ինտերնետ, սակայն, օրինակ, MF 100 USN մոդեմի համար այժմ պահանջում է «ընդամենը 18 հազար դրամ»։ Օրեր առաջ, երբ «Առավոտ» թերթը գրել էր, որ բջջային կապի կոնկրետ ընկերությունը չի մատուցում իր կողմից գովազդվող ծառայությունները, թերթին մեղադրել էին մրցակիցների պատվերը կատարելու մեջ։ Թե մե՛նք ում պատվերն ենք կատարում, միգուցե իմանանք արձագանքներից։