Մարդը ոչնչից ապահովագրված չէ

27/08/2005

James Madison University-ում աշխատում է Mine Action Information centre՝
Հակաականային շարժման տեղեկատվական կենտրոն, որը զբաղվում է
վերլուծությամբ, ռիսկի հավանականությունների հաշվարկմամբ, ականազերծմամբ,
զոհերին օգնություն է ցուցաբերում եւ փախստականներին անվտանգ վայրեր է
տեղափոխում: Կենտրոնը կազմակերպում է հանդիպումներ, գիտաժողովներ,
տպագրում է ամսագիր, ունի բարձրակարգ ինտերնետային կայք: Այսինքն, ողջ
աշխարհում անցկացնում է ականների դեմ ակցիաներ: Փորձագետների եւ
համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ անցկացնում են ականազերծման
աշխատանքներ Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկայում եւ Ասիայում:
Հակաականային շարժմանն աջակցում են ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ տարբեր
երկրների մարդասիրական կազմակերպություններ: Վավերագրական
լուսանկարչությունն ականների վտանգը տեսանելի եւ շատ տպավորիչ է դարձնում:
Կենտրոնն անդրադարձել է հայ լուսանկարիչ Գերման Ավագյանի լուսանկարչական
նախագծին: «Գերման Ավագյանը վերջին հինգ տարիների ընթացքում լուսանկարում
է ականների պայթյունների զոհ դարձած երեխաներին: Հայաստանի եւ Ղարաբաղի
ականապատված դաշտերը մեծ վտանգ են հանդիսանում»,- գրված է հոդվածում:
Լուսանկարիչը շրջում է պայթյունավտանգ տարածքներում եւ լուսանկարում
աղջիկներին, տղաներին, ընտանիքներին, ում կյանքը դժբախտ պատահարի պատճառով
գլխիվայր շրջվել է: «Ես ցանկանում եմ ցուցադրել ականների եւ պայթյունների
վտանգը, քանի որ շատ պատահարներ տեղի են ունենում վտանգը չհասկանալու
պատճառով»,- ասում է Գ. Ավագյանը: Նա գրեթե միշտ ընկերանում է իր
լուսանկարների հերոսների հետ, իր հնարավորությունների չափով աշխատում
օգնել նրանց: Եվ միշտ հիշում է, որ մարդը փխրուն էակ է եւ այս կյանքում
ոչնչից ապահովագրված չէ: Mine Action Information centre-ը հայ
լուսանկարչի լուսանկարը տեղադրել է իր ամսագրի վերջին համարի շապիկին:

Ն.Հ.