Կարմիր խնձորը կանանց դեմ է

02/12/2009

Այն, որ կարմիր խնձորի «ադաթը» աշխատում է ընդդեմ կանանց, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ակցիայի մասնակիցները դեռեւս մարտի 8-ին նշեցին: Ակցիան, ըստ կազմակերպության ծրագրերի համակարգող եւ պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանի, ընդունվեց ոչ միակարծիք: «Ոմանք կարծում էին, թե ակցիան ուղղված է այդ ադաթի դեմ, իսկ ոմանք էլ խրախուսում էին, որ մենք բարձրացրել ենք այդ թեման: Ակցիայի հաջողությունը նաեւ պայմանավորված է անվամբ: Իսկ նպատակը կանանց իրավունքների պաշտպանությունն է, որին դեմ է կարմիր խնձորը: Օրինակ, ինչո՞ւ պետք է հրապարակավ հայտարարվի կանանց սեռական կյանքի մասին` հենց այդ նույն խնձորով: Ու այդ խնձորի պատճառով էլ շատ աղջիկներ, այսպես ասած` «տանը մնացած» աղջիկներ, զրկվում են շատ հաճույքներից»,- նշում է Տ. Աղաբեկյանը: «Կանանց ռեսուրսային կենտրոնը» սկսել է աշխատանքները 2003թ., թեեւ ավելի ընդգրկուն գործունեություն սկսել է ծավալել 2006թ.: «ՀՀ-ում կինը սովոր է լռել իր դեմ կատարված բռնությունների մասին: Այսօր ավելի մեծ թիվ են կազմում ընտանեկան բռնությունների ենթարկված կանայք: Իսկ բռնությունը պետք չէ հասկանալ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեբանական»,- նկատում է Տ. Աղաբեկյանը: Ի դեպ, դեռեւս 2004թ. «Սոցիոմետր» հ/կ-ի հարցումներին համապատասխան, կանանց 64%-ը ենթարկվել է բռնության: Ընդ որում` 5 հարցված կանայք աշխատանքից հեռացել էին տնօրինության կողմից բռնության պատճառով: Իսկ 2007թ. «Կանանց իրավունքների կենտրոնի» կատարած հարցումների համաձայն` կանանց 66%-ը ենթարկվում է հոգեբանական ճնշման, 27%-ը` ֆիզիկական ոչ ծանր ճնշման, եւ միայն 12%-ը ենթարկվում են ֆիզիկական ծանր ճնշման: «Չեմ կարծում, թե մեր հասարակությունում աճել է կանանց նկատմամբ բռնությունների թիվը, պարզապես բռնության ենթարկված կանայք չեն ուզում իրենց դեմ կատարված ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումների մասին խոսել»,- համոզված է Տ. Աղաբեկյանը: «Մեր հասարակության մեջ դեռ ապրում է «Կինը բուրդ է, ինչքան խփես, էդքան կբացի» մոտեցումը: Մինչդեռ պետք է դրա դեմ ընդվզել»,- ավելացնում է զրուցակիցս: