Բուժիչ նամակներ

02/12/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Քիմիոնը (տմին օբիկնովենի) կամ հանրահայտ չամանը

Քիմիոնը Հին աշխարհում գոյություն ունեցող համեմունքներից մեկն է եղել: Հնէաբանները եգիպտական դամբարաններում հայտնաբերել են քիմիոնի սերմեր: Հին Հռոմում քիմիոնն օգտագործվում էր հաց թխելու ժամանակ, իսկ Հին Հնդկաստանում այն կար օճառի բաղադրության մեջ: Այս համեմունքը շատ հայտնի էր միջնադարյան Եվրոպայի խոհանոցում: Հետազոտողների հավաստմամբ՝ քիմիոնն առաջին անգամ Անգլիա է բերել Վիկտորյա թագուհու ամուսինը` արքայազն Ալբերտը:

Նեխուրազգիների ընտանիքին պատկանող այս համեմունքային դեղաբույսը հանդիպում է ինչպես բանջարանոցներում, այնպես էլ` վայրի վիճակում:

Քիմիոնի երիտասարդ տերեւները պարունակում են վիտամին C եւ հանքային աղեր: Սերմերը հարուստ են ճարպերով, սպիտակուցներով, եթերային յուղերով: Դրանք պարունակում են նաեւ դաբաղային միացություններ, ֆլավոնոիդներ:

Քիմիոնը գրգռում է ախորժակը, ուժեղացնում է ստամոքսի եւ աղիների շարժողական եւ արտազատողական գործունեությունը, իջեցնում է ստամոքսի նեխման եւ խմորման երեւույթները, ուժեղացնում է կաթնագեղձերի արտազատումը, օժտված է խորխաբեր, թույլ լուծողական, հակաջղացնցումային եւ ցավազրկող ազդեցությամբ:

Քիմիոնի սերմերից թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ սերմերը փակ ամանում 250մլ եռջրի մեջ թողնել 2 ժամ, որից հետո քամել եւ օգտագործել 50մլ` օրը 3 անգամ` ուտելուց 20 րոպե առաջ` որպես աղիների լարվածությունը թուլացնող միջոց:

Եփուկը պատրաստելու համար պետք է 2 ճաշի գդալ պտուղները տեղավորել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200մլ եռջուր եւ եռացնել ջրային գոլորշու վրա եւս 15 րոպե, որից հետո սառեցնել ու քամել, հետո պահել 2 օրից ոչ ավելի՝ սառը տեղում եւ օգտագործել օրվա մեջ 2 անգամ ուտելուց հետո` կես բաժակից: Այն շատ լավ փքվածությունը հանող միջոց է:

Կարելի է քիմիոնի սերմերը դանակի ծայրով վերցնել ու խմել ջրով` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` որպես ախորժակը բացող միջոց:

Քիմիոն պարունակող պրեպարատներն ունեն հակաբորբոքային եւ հակաբակտերիալ նշանակություն: Այդ պրեպարատները կարելի է գործածել ստամոքսի, դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում:

Քիմիոնի սերմերից ստանում են քիմիոնի յուղ, որն օգտագործում են ատամի մածուկների արտադրության մեջ: Քիմիոնի բաղադրությամբ պրեպարատներ խորհուրդ չի տրվում գործածել ալերգիկներին:

Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս քիմիոնի թուրմով լվանալ հատկապես յուղոտ մաշկը: Դրա համար պետք է 1թեյի գդալ քիմիոնը եռացնել 1 բաժակ եռջրով, թրմել 40 րոպե, քամել, իսկ դեմքը լվանալուց հետո ստացված թուրմը բամբակե տամպոնների օգնությամբ քսել դեմքին: Հեղուկը պետք է չորանա դեմքի վրա: Այս պրոցեդուրայից 30 րոպե հետո դեմքը կարելի է լվանալ:

Քիմիոնի սերմերը լայն գործածություն ունեն խոհանոցում: Դրանով համեմում են մսային կերակրատեսակներ, աղցաններ, ինչպես նաեւ օգտագործվում է հաց թխելիս:

Կաթնա-սխտորային երիտասարդացում տիբեթական ձեւով

Դրա համար անհրաժեշտ է խնամքով մաքրել ու լվանալ 350գ սխտորը, մանր կտրատել ու փայտե գդալով լավ տրորել: Ստացված զանգվածից վերցնել 200 գրամ (ցանկալի է՝ ավելի հյութալի մասից), լցնել ապակե տարայի մեջ ու վրան ավելացնել 200գ սպիրտ ու հերմետիկ փակել: Այս տարան պահել մութ ու սառը վայրում` 10 օր: Իսկ հետո ստացված զանգվածը քամել շատ խիտ թանզիֆե կտորով ու նորից թողնել 2-3 օր: Այս թուրմը պետք է խմել սառը կաթով (մեկանգամյա ընդունումը պետք է լինի 50գրամ), օրը 3 անգամ` ուտելուց 20 րոպե առաջ, հետեւյալ սխեմայով`

1-ին օր – նախաճաշին`1 կաթիլ, ճաշին` 2 կաթիլ, ընթրիքին` 3 կաթիլ
2-րդ օր – նախաճաշին`4 կաթիլ, ճաշին` 5 կաթիլ, ընթրիքին` 6 կաթիլ
3-րդ օր – նախաճաշին`7 կաթիլ, ճաշին` 8 կաթիլ, ընթրիքին` 9 կաթիլ
4-րդ օր – նախաճաշին`10 կաթիլ, ճաշին` 11 կաթիլ, ընթրիքին` 12 կաթիլ
5-րդ օր – նախաճաշին`13 կաթիլ, ճաշին` 14 կաթիլ, ընթրիքին` 15 կաթիլ
6-րդ օր – նախաճաշին`15 կաթիլ, ճաշին` 14 կաթիլ, ընթրիքին`13 կաթիլ
7-րդ օր – նախաճաշին`12 կաթիլ, ճաշին` 11 կաթիլ, ընթրիքին` 10 կաթիլ
8-րդ օր – նախաճաշին`9 կաթիլ, ճաշին` 8 կաթիլ, ընթրիքին` 7 կաթիլ
9-րդ օր – նախաճաշին`6 կաթիլ, ճաշին` 5 կաթիլ, ընթրիքին` 4 կաթիլ
10-րդ օր – նախաճաշին`3 կաթիլ, ճաշին` 2 կաթիլ, ընթրիքին` 1 կաթիլ
11-րդ օրից սկսել խմել 20 կաթիլից օրը

3 անգամ, ուտելուց առաջ, այնքան ժամանակ, մինչեւ վերջանա ձեր պատրաստած սխտորի թուրմը: Այս պրոցեդուրան պետք չէ կրկնել, մինչեւ 5 տարի չանցնի: Այս միջոցը գործածելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ: