Եթե Ալիեւն ասի…

29/11/2009

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մեթին Յըլմազը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը կախված է Ադրբեջանից, եւ որ դրանք չեն քննարկվի հանձնաժողովում, եթե Ադրբեջանն ինչ-որ բանից դժգոհ լինի: Նշենք, որ մինչ արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիագումար նիստին ներկայացնելը, դրանք պետք է քննարկվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: «Եթե Իլհամ Ալիեւն ասի, որ գործերը հասել են որոշակի կետի, խնդիրները սկսում են լուծվել, եւ հասունացել է ժամանակը, որ մենք էլ որոշ քայլեր անենք, այդ ժամանակ էլ մենք այդ արձանագրությունները կմտցնենք հանձնաժողովի օրակարգ»,- նշել է Մ. Յըլմազը: Իսկ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե Ադրբեջանի արձագանքը շատ կոշտ կլինի, եթե Թուրքիան վավերացնի Հայաստանի հետ սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունները: «Հայ-թուրքական մերձեցումը սպառնում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների շահերին։ Արեւմուտքը պետք է հասկանա, որ չի կարելի առաջ մղել հայ-թուրքական հաշտեցումն` առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու»,- հայտարարել է նա։