«Երբ տնտեսության եկամուտների 30 տոկոսը ստացվում է մեկ ճյուղից` շինարարությունից, իսկ արտահանման ծավալների 40 տոկոսը հանքարդյունաբերությունն է, տնտեսությունը վտանգված է»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «Եթե Հայաստանը ցանկանում է վերադառնալ նախկինում արձանագրված աճին, պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը: Դա մեխանիկորեն չի արվում եւ պահանջում է բիզնես միջավայրի բարելավում ու լրջագույն ներդրումներ տրանսպորտային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ որակյալ աշխատուժ»,- ասել է նա: Հայաստանի տնտեսության մասին այս գնահատականներն ամենեւին նորություն չեն, այդ մասին տեւական ժամանակ ահազանգում է նաեւ ընդդիմությունը եւ բազմաթիվ փորձագետներ: Ավելի ուշագրավ է, որ նման, ըստ էության, շատ կտրուկ հայտարարությամբ հանդես է գալիս ՀԲ-ի ներկայացուցիչը, այն դեպքում, երբ այդ կառույցը, մյուս ֆինանսատնտեսական կազմակերպությունների նման, ավելի կամ պակաս չափով, առնվազն մինչեւ վերջերս «աջակցել է» Հայաստանի կառավարության «տնտեսական քաղաքականությանն ու բարեփոխումներին»: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ կրկին քննադատական գնահատականներ հնչեցրեց Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Նինկե Օմեսը: «Զարմանալի զուգադիպությամբ» միջազգային կառույցների ներկայացուցիչների դիրքորոշման փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ խոսակցություններ տարածվեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ՀՀԿ անդամ դառնալու վերաբերյալ: Վերջինս, ինչպես հայտնի է, մինչեւ նժդեհյան գաղափարներով տարվելը համարվում էր Հայաստանի ամենալիբերալ պաշտոնյաներից մեկը եւ տեւական ժամանակ նրա` վարչապետի պաշտոնում մնալը շատերը բացատրում էին հենց արեւմտյան ֆինանսատնտեսական կառույցների հետ լավ հարաբերություններ պահպանելու` իշխանությունների մտադրությամբ: Տ Սարգսյանն արդեն այսօր հանդիսավորապես կհռչակվի որպես ՀՀԿ-ի անդամ` լիբերալ արժեքներ կրողի իր իմիջը փոխարինելով կուսակցական անդամատոմսի հետ: Այնպես որ, Արիստոմենե Վարուդակիսը երեկվա հայտարարությամբ թերեւս ակնարկել է ՀԲ-ի գնահատականը վարչապետի կուսակցականացման վերաբերյալ: