Օրերս «Ազատություն» ռ/կ-ն` վկայակոչելով Առողջապահության համաշխարհային
կազմակերպության հաղորդագրությունը, տեղեկացրել էր, որ Իրանի 13
նահանգներում բռնկվել է խոլերայի համաճարակ: «Ազատությունը» նաեւ մեջբերել
էր կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ Մուբաշար Շեյխի խոսքերն այն
մասին, որ հիվանդությունը տարածվում է արագ տեմպերով՝ 403 հիվանդներից 5-ը
մահացել է:
«Իրավիճակը գնահատելու համար Առողջապահության համաշխարհային
կազմակերպությունը փորձագետների խումբ է գործուղելու Իրան»,- հաղորդել է
նա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանից դեպի Հայաստան մեծ է
մարդկանց հոսքը, դիմեցինք ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին՝ պարզելու
արդյո՞ք մեզ սպառնում է խոլերայով վարակվելու վտանգը: «Այդպիսի վտանգի
առջեւ Հայաստանը կանգնած չէ, չնայած միշտ էլ նման վտանգ մենք Իրանից
սպասել ենք: Աշխատում ենք նման դեպքերը վնասազերծել»,- վստահեցրեց
հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը: Նա հիշեց, որ խոլերայի վարակի
դեպքեր վերջին անգամ գրանցվել են 1998-ին՝ Զարթոնք գյուղում:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ նույն թվականին Իրանում նույնպես
գրանցվել են վարակի դեպքեր, որի հետեւանքով խոլերայով հիվանդացել է շուրջ
11 հազար մարդ, տասնյակ հիվանդներ էլ մահացել են: