Տնտեսությունը վտանգված է

29/11/2009

«Երբ տնտեսության եկամուտների 30 տոկոսը ստացվում է 1 ճյուղից` շինարարությունից, իսկ արտահանման ծավալների 40 տոկոսը հանքարդյունաբերությունն է, տնտեսությունը վտանգված է»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Վերջինս կարծում է, որ տնտեսության 18 տոկոս անկում արձանագրած Հայաստանը «դասեր քաղում է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից, եւ հիմնական դասն այն է, որ կայուն տնտեսական աճի ապահովման եւ աղքատության հաղթահարման համար տնտեսությունը չպետք է ապավինի ընդամենը մեկ ճյուղի զարգացմանը»:

«Եթե Հայաստանը ցանկանում է վերադառնալ նախկինում արձանագրված աճին, պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը: Դա մեխանիկորեն չի արվում եւ պահանջում է բիզնես միջավայրի բարելավում ու լրջագույն ներդրումներ տրանսպորտային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ որակյալ աշխատուժ»,- ասել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը:

Անցած տարեվերջին Հայաստանն ուներ 1,5 միլիարդ դոլարի արտաքին պետական պարտք, սակայն, ըստ կանխատեսումների, 2009 թվականի վերջին պետական պարտքը կհասնի 3 միլիարդ դոլարի, իսկ հաջորդ տարվա ավարտին` 3,5 միլիարդի` կազմելով Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 50 տոկոսը: Հարցին, թե որքանո՞վ է այս իրավիճակը վտանգավոր Հայաստանի տնտեսության համար, Արիստոմենե Վարուդակիսը պատասխանել է. «Գոյություն չունի կախարդական կամ ունիվերսալ ցուցանիշ` 50 կամ 60 տոկոս: Ցանկացած երկրի համար կան արտաքին պարտքի թույլատրելիությունը պայմանավորող մի շարք գործոններ: Նախ, դա երկրի տնտեսական աճի տեմպերն են, որոնք հնարավորություն կտան հարկային եկամուտներ հավաքագրելով մարել արտաքին պարտքը: Հաջորդ գործոնը` տնտեսության դիվերսիֆիկացիան եւ մրցունակությունն է, եւ անկասկած` հարկային վարչարարության արդյունավետությունը»: Այս տարի Հայաստանին տրամադրված միջազգային փոխառությունների զգալի մասը միջնաժամկետ է, եւ Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումը իր գագաթնակետին է հասնելու 2013 թվականին: Հետեւաբար, ըստ Ա. Վարուդակիսի, եթե պետությանը հաջողվի վերականգնել տնտեսության աճի նախկին տեմպերը, եթե աճը կազմի գոնե 7-8 տոկոս, ապա հնարավոր կլինի սպասարկել ՀՆԱ-ի 50 տոկոսը կազմող պետական պարտքը: «Իհարկե, կարծում ենք, որ պետական պարտքի մակարդակը չպետք է գերազանցի ներկա ցուցանիշը, քանի դեռ չի հզորացվել հարկային վարչարարությունը: Շատ կարեւոր է նաեւ չմարած պարտքի կառավարման խնդիրը, որպեսզի առաջիկա տարիներին չստեղծվի իրավիճակ, երբ պետության եկամուտների մի ստվար մասը ուղղվելու է պետական պարտքի մարմանը»,- ասել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։