Վարչապետ Տիգրան Սարգսյանի` «Հանրապետական» կուսակցությանն անդամագրվելու եւ այդ կուսակցության առաջիկա համագումարի մասին բուռն քննարկումները, «խոզի գրիպն» ու այլ «արդիական» թեմաներ վերջին օրերին որոշակիորեն ստվերել են հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացները:
Չի զգացվում այդ զարգացումների դեմ պայքարելու` հանրահավաքներ, հացադուլներ, նստացույցներ, համատեղ հայտարարություններ կազմակերպելու նախկին էնտուզիազմը: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նախորդած ու հաջորդած կարճ հատվածում իրեն խորհրդարանական ընդդիմություն հռչակած «Դաշնակցություն» կուսակցությունն ինչ-որ ակցիաներ` ստորագրահավաք, նստացույց, ռոտացիոն հացադուլ, նույնիսկ հանրահավաք ու երթ կազմակերպեց եւ հանգստացավ: Խորհրդարանական մյուս ընդդիմադիր՝ «Ժառանգություն» կուսակցությունը տեղ-տեղ միացավ ՀՅԴ-ին: Այս երկու կուսակցությունները մեկ տասնյակ այլ մանր կուսակցությունների ու կազմակերպությունների հետ հայ-թուրքական արձանագրությունների դեմ համատեղ հայտարարություն ստորագրեցին ու այդպիսով սահմանափակվեցին: Արտախորհրդարանական ընդդիմադիր միակ ու հիմնական ուժը` ՀԱԿ-ը սահմանափակվեց մի քանի հայտարարություններ տարածելով: Ու տպավորություն է ստեղծվում, թե ասուլիսներ կազմակերպող ակումբներն էլ եթե չլինեին, այս հարցերը մոռացության կմատնվեին: Այնուամենայնիվ, փորձեցինք այդ երկու գործընթացները քննադատող քաղաքական ուժերից ճշտել, թե արդյո՞ք հայ-թուրքական հարաբերություններին ու ԼՂՀ հարցին վերաբերող գործընթացները շարունակում են վտանգավոր լինել մեր երկրի համար: Եվ ընդհանրապես պատմական ի՞նչ ժամանակաշրջան է ապրում Հայաստանը այսօր:
«Մինչեւ հիմա ինչ որ ասել ենք, դրանք մնում են ուժի մեջ: Ավելացնելու ոչինչ չունենք»,- պատասխանեց Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Այդ երկու պրոցեսներն իրար հետ կապված են, մեկ ամբողջության մեջ են, բայց ժամանակային առումով, կարծում եմ, որ փուլային տարբերակով կգնան: Առաջին հերթին կիրականացվի հայ-թուրքական ծրագիրը, որից հետո մի փոքր դադար կտան եւ հասարակությանը հանգստացնելուց հետո կիրականացնեն ԼՂՀ-ի հետ կապված պրոցեսը: Երկուսի առումով էլ դրական լուծում հայկական կողմի համար չեմ տեսնում, որովհետեւ զիջումներն ըստ էության տեղի են ունենում բացառապես հայկական կողմի հաշվին եւ որեւէ փոխզիջման մասին այստեղ խոսք լինել չի կարող: Փոխկապակցված այս պրոցեսների արդյունքում մենք ունենալու ենք բացառապես հայկական ազգային շահերի կորուստ: Եվ ռազմավարական մեխանիզմները, որոնք կարող էին Հայաստանին պահել որպես մրցունակ երկիր, պայմանագրերի արդյունքում կզիջենք թուրքական ու ադրբեջանական կողմին»,- համոզված է «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Թուրքիան հարաբերությունները պայմանավորում է Արցախի խնդրի կարգավորմամբ, եւ ՀՀ-ն էլ, փաստորեն, ընդունել է այդ նախապայմանը, որովհետեւ մնում է գործընթացի մեջ: Ստեղծվել է մի վիճակ, որ սկսել են ԼՂՀ հարցում արձանագրությունները որպես ճնշման լծակ գործադրել Հայաստանի դեմ: Հետեւաբար մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ առաջիկա ամիսներին ոչ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կարելի է առաջընթաց ակնկալել, ոչ էլ Արցախի հարցում: Բայց մենք Թուրքիային տվել ենք այն հիմնականը, ինչի կարիքն ուներ` ցեղասպանության հանձնաժողովի եւ սահմանների ճանաչման խնդիրները: Ճիշտ է, մեր նախագահը հոկտեմբերի 10-ին իր մեկնաբանությունը տվեց, բայց դա քաղաքական է եւ ոչ թե իրավական ու արձանագրություններին մաս չի կազմում»,- ասում է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
Եթե իրավիճակն այդքան լուրջ է, ապա վերը նշված ուժերն ինչո՞ւ չեն պայքարում, որ այդ վտանգավոր զարգացումները կասեցնեն: Ինչո՞ւ են սահմանափակվել միայն հայտարարություններ անելով: Այն դեպքում, երբ որպես կանոն՝ այդ հայտարարությունները հրապարակվում են միայն սահմանափակ տպաքանակ ունեցող տպագիր մամուլում: Կամ արդյո՞ք այդ ուժերի գործունեությունը համարժեք է գոյություն ունեցող իրավիճակին: Ինչո՞վ է զբաղված ՀԱԿ-ը այսօր: «Մեր գործունեությունը եթե ադեկվատ չհամարեինք ստեղծված իրավիճակին, այդպես չէինք վարվի: Կոնգրեսը ոչ մի րոպե չի դադարեցրել իր ակտիվությունը: Մենք մեր բոլոր նպատակների իրագործման համար հետեւողականորեն շարունակում ենք մեր գործն ու պայքարը: Մեր քաղաքական գործունեությունը պայմանավորված է շատ ավելի ֆունդամենտալ ու կարեւոր պատճառներով»,- ասում է Լ.Զուրաբյանը:
«Պատասխան քայլերը միգուցե չեն համապատասխանում գոյություն ունեցող իրականությանը, որովհետեւ եթե ադեկվատ լինեին, իշխանափոխություն կլիներ: Տարբեր խնդիրներ կան, այդ թվում եւ՝ ընդդիմադիր դաշտի պառակտվածությունը»,- կարծում է Ա.Մարտիրոսյանը:
Դաշնակցական գործչի խոսքերով էլ՝ ընդդիմությունն անում է այն, ինչ իրեն հասանելի ու մատչելի է: «Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, արդեն հայտարարել ենք, որ մեր ակտիվության չափը պետք է համապատասխանի վավերացման գործընթացի աշխուժացմանը, որպեսզի այնպես չստացվի, որ մենք ալիք բարձրացնենք, երբ գործընթացը տեղից չի շարժվում: Եվ հանկարծ այդ ալիքը իջնի, երբ գործընթացը սկսի տեղից շարժվել: Մինչ այդ հանգիստ չենք նստած, շրջաններում աշխատում ենք: Ստորագրմանը նախորդող 5 շաբաթների ընթացքում մարզերի բնակիչները չտեղեկացան այդ արձանագրությունների էությանը: Հանրապետական եւ համահայկական սփռում ունեցող հեռուստաալիքները խոսքները մեկ արած բլոկադա էին հաստատել: Մենք հիմա փորձում ենք ակտիվություն ցուցաբերել մարզերում»,- ասում է Կ.Մանոյանը: Ըստ նրա, հնարավոր չէ հասարակական ակտիվությունը միշտ բարձր մակարդակի վրա պահել: Նշենք, որ մեր զրուցակիցները խոստացան ակտիվ պայքար ծավալել հատկապես այն ժամանակ, երբ հայ-թուրքական արձանագրությունները քննարկվեն ՀՀ խորհրդարանում: