Նոր դեպքեր չկան

29/11/2009

Վերջին երկու օրվա ընթացքում Խոզի գրիպով նոր վարակվածներ չեն հայտնաբերվել: Իսկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ներկայումս բուժում է ստանում 2 հիվանդ, մյուսներն արդեն ապաքինվել են: Այդ մասին «Ա1+»-ին հայտնել է գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նոյեմբերի 6-ից մինչ օրս Հայաստանում գրանցվել է խոզագրիպով կասկածվող 25 հիվանդ: Հիշեցնենք, որ առաջին 5-ի՝ լաբորատոր հետազոտության համար վերցված նմուշները ուղարկվել են Լոնդոնի լաբորատորիա, որտեղ ախտորոշումը վերահաստատվել է: Նոյեմբերի 20-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանում կա Խոզի գրիպ: Իսկ ուղիղ մեկ շաբաթ առաջ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել էր 51-ամյա մի տղամարդ, որի մոտ կասկածվում էր Խոզի գրիպ: Արա Ասոյանը դեռեւս չի հաստատել, որ այդ հիվանդի մահվան պատճառը եղել է H1N1 վիրուսը: Նրա խոսքերով` դեռ 2 շաբաթ ժամանակ է պետք, որպեսզի պատրաստ լինեն հյուսվածաբանական անալիզների պատասխանները: «Պատասխանները լինելու դեպքում բոլորն էլ կիմանան, թե ինչից է մահացել, ես կհայտարարեմ»,- ասել է Արա Ասոյանը: