«Սահմանադրական դատարանի» մասին օրենքի համաձայն, ՍԴ-ն հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ գործով որոշում կայացնելու համար 3 ամիս ժամկետ ունի: Այդ մասին «Tert.am»-ին ասել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը` ներկայացնելով այն գործընթացը, որում այժմ գտնվում է Արձանագրությունների քննարկումը։ Ըստ Հ. Պապիկյանի, այժմ Արձանագրությունների ուսումնասիրման փուլն է, իսկ փաստաթղթերն ուսումնասիրելու համար նշանակվել է դատավոր, ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը: Նոյեմբերի 20-ից սկսած` ուսումնասիրության համար տրված է 15-օրյա ժամկետ, որից հետո դատավորը պետք է զեկուցագիր ներկայացնի ՍԴ նախագահին։ ՍԴ նախագահն էլ 10-օրյա ժամկետում պետք է աշխատակարգային նիստ հրավիրի՝ որոշելու Արձանագրությունները քննության վերցնելու օրը: