2009 թվականի սկզբից մինչեւ նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԿԲ-ն իր պահուստներից վաճառել է ավելի քան 633 մլն դոլար եւ գնել ընդամենը 32 մլն դոլար: Ընդ որում, շուրջ 158 մլն դոլար ԿԲ-ն վաճառել է օգոստոսի 31-ից նոյեմբերի 20-ը ընկած մոտ երկուսուկես ամսվա ընթացքում: Այս մասին են վկայում Կենտրոնական Բանկի տրամադրած տվյալները:
Նշենք, որ մամուլում հաճախ հրապարակվում են համեմատաբար ավելի մեծ թվեր` հիմք ընդունելով ամեն օր ԿԲ-ի կողմից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացված արտարժութային գործարքների մասին հաղորդագրությունները: Բանն այն է, որ ԿԲ-ն արտարժույթի առքուվաճառքը իրականացնում է միայն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» հարթակով, եւ այստեղ կատարված գործարքների մասին տվյալները հիմք ընդունելով՝ երբեմն ենթադրում են, թե նշված առքուվաճառքը ամբողջությամբ ԿԲ-ն է իրականացրել: Օրինակ` եթե գումարենք նոյեմբերի 16-20-ը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացված դոլարի առքուվաճառքի ծավալը, կստանանք 19.215.000 ԱՄՆ դոլար (այս թիվը երեւում է նաեւ ԿԲ հաղորդագրությունների «շաբաթական ամփոփ տվյալներ» բաժնից): Բայց այդ գործարքներից միայն 15.285.000 ԱՄՆ դոլարն է, որ վաճառվել է ԿԲ-ի կողմից:
Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել էր, որ մամուլը ամենօրյա հաղորդագրությունների գումարն է հիմք ընդունում եւ սխալ թվեր է հրապարակում ԿԲ-ի կողմից վաճառված արտարժույթի ծավալների վերաբերյալ: Մինչդեռ բորսայում իրականացված այդ գործարքների մի մասը երբեմն առեւտրային բանկերն են իրականացնում: Այսինքն` պետք է սպասել ֆինանսական շուկայի վերաբերյալ ԿԲ-ի հրապարակումներին, որտեղ ի թիվս այլ տվյալների՝ ներկայացվում են ԿԲ-ի կողմից իրականացված գործառնություններն ու առանձին տողով` գնված եւ վաճառված արտարժույթի ծավալները: Այդ շաբաթական տվյալները գումարելով էլ ստանում ենք ավելի երկար ժամանակահատվածների վերաբերյալ տվյալները: Այնուամենայնիվ, այս կերպ ստացված թվերն էլ ցույց են տալիս, որ ԿԲ-ի կողմից արտարժույթի բավականին մեծ ծավալ է վաճառվում: 2000-2003թթ. ընթացքում, օրինակ, երբ դրամը արժեւորվում էր, ԿԲ-ն վաճառել է տարեկան ոչ ավելի, քան 50 մլն ԱՄՆ դոլար: Այս տարի, ինչպես նշեցինք, ԿԲ-ն արդեն հասցրել է վաճառել 633 մլն ԱՄՆ դոլար: Ստացվում է, որ 2000-2003 թթ., երբ դրամի արժեւորման ուղղությամբ աշխատող գործոնները ավելի ուժեղ էին, քան հակառակ ուղղությամբ աշխատող գործոնները, ԿԲ-ն թույլ էր տալիս, որ դրամն արժեզրկվի (այդ ժամանակահատվածում 1 ԱՄՆ դոլարը 520 դրամից դարձավ 590 դրամ), ինչն, ի դեպ, նպաստում էր ՀՀ արտահանման ծավալների աճին: Իսկ այժմ, երբ գրեթե նույն իրավիճակն է, ԿԲ-ն թույլ չի տալիս, որ դրամն արժեզրկվի եւ ամեն ինչ անում է դոլարի կուրսը 385 դրամի շրջանակներում պահելու համար: Սա, անշուշտ, առաջին հերթին բխում է ներմուծողների շահերից եւ թույլ չի տալիս, որ նորմալ պայմաններ ձեւավորվեն արտահանողների համար: Մյուս կողմից էլ՝ ՀՀ քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների մոտ դրամի արժեզրկման սպասումներ է ձեւավորում, քանի որ բոլորն ակնկալում են եւս մեկ «մարտի երեք», երբ մեկ գիշերվա ընթացքում դրամն արժեզրկվեց ավելի քան 20%-ով: Եվ այս սպասումների պատճառով մարդիկ պարզապես իրենց մոտ եղած խնայողությունները անմիջապես դոլարի են վերածում, ինչն էլ ավելի է մեծացնում դրամի արժեւորման ուղղությամբ ճնշումը: Բայց շուկայական տնտեսության ու լողացող արժութային քաղաքականության սկզբունքներին հակասող ԿԲ-ի այս գործունեությունը` կուրսը արհեստականորեն կայուն պահելը, դեռ ողջ չարիքը չէ: Ստացվում է, որ մեր պետությունը մի կողմից՝ հսկայական դոլարային վարկեր է վերցնում, մյուս կողմից՝ այդ վարկերը «լցնում է» արտարժույթի շուկա` պահելով դրամի կուրսը: Իսկ բորսայում ԿԲ-ի կողմից վաճառված այդ հսկայածավալ դոլարները անուղղակիորեն գնում են ներմուծողների գրպանը: Բանն այն է, որ ներմուծում ապահովելու համար ներմուծման ու արտահանման տարբերության չափով (այն մեզ մոտ արդեն 3.5 մլրդ ԱՄՆ դոլար է) լրացուցիչ արտարժութային միջոցներ են պետք: Եթե այդ լրացուցիչ արտարժութային միջոցները «չճարվեն», դրամը կարժեզրկվի, իսկ ներմուծողները կկրճատեն ներմուծման ծավալները (միաժամանակ կմեծանա արտահանումը): Այդ լրացուցիչ արտարժութային միջոցները նախկինում Հայաստան էին մտնում հիմնականում շինարարության ոլորտում ներդրումների եւ մասնավոր տրանսֆերտների միջոցով, ընդ որում, այնքան շատ, որ հանգեցրեցին դոլարի արժեզրկման (դրամի արժեւորման) ու արտահանման կրճատման: Հիմա, քանի որ ներդրումների ու տրանսֆերտների գծով կտրուկ նվազել են արտարժութային ներհոսքերը, դրամի կուրսը կտրուկ անկում պետք է ապրեր` վատթարացնելով ներմուծման եւ բարելավելով արտահանման պայմանները: Սա բերելու էր արտահանման աճի ու ներմուծման նվազման: Եվ այս պրոցեսը շարունակվելու էր այնքան ժամանակ, մինչեւ ներմուծման ու արտահանման տարբերությունը հավասարվեր տրանսֆերտների ու ներդրումների ձեւով ՀՀ մտնող արտարժույթի ծավալներին: Այսինքն` շուկան ինքնուրույն պետք է կարգավորվեր: Սակայն մեր ԿԲ-ն ներխուժելով շուկա ու հսկայածավալ արտարժույթ վաճառելով՝ թույլ չտվեց, որ աճեն արտահանման ու նվազեն ներմուծման ծավալները: Եվ սա ԿԲ-ն իրականացրեց ու իրականացնում է արտաքին պետական պարտքի մեծացման հաշվին: Եթե այս տեմպերով ԿԲ-ն շարունակի դոլար վաճառել, ապա 2009թ.-ին վաճառված դոլարի ծավալը կհասնի շուրջ 750 մլն դոլարի: Այսինքն՝ կարող ենք ասել, որ ԱՄՀ-ից, ՀԲ-ից ու ՌԴ-ից վերցված շուրջ 1.5 մլրդ դոլար ընդհանուր վարկերի գրեթե կեսը, ըստ էության, 2009 թվականին կծախսվի դրամի կուրսը կայուն պահելու ու ներմուծման կրճատում (եւ արտահանման աճ) թույլ չտալու համար: Եվ այս ամենի ֆոնին ամենատարօրինակն այն է, որ ԿԲ-ն լրջորեն պայքարում է մեր երկրում դոլարիզացիայի դեմ: Մի ձեռքով շուկան դոլարով ողողելով՝ մյուս ձեռքով խստացնում է արժութային կարգավորման ու վերահսկողության մասին օրենքները, բանկերի համար սահմանում արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ: Այս նորմատիվը ԿԲ-ն գործողությունից հանել էր մի քանի տարի առաջ` ենթադրելով, որ լուծել է մեր երկրում դոլարիզացիայի խնդիրը, իսկ այժմ դարձյալ փորձում է պայքարել դոլարիզացիայի դեմ: Դոլարիզացիան սովորաբար հաշվարկվում է արտարժութային եւ դրամային ավանդների հարաբերակցությամբ: Որքան շատ է դոլարային ավանդների տեսակարար կշիռը ավանդների կառուցվածքում, այնքան մեծ է դոլարիզացիայի մակարդակը: 2000 թվականի մոտ 90%-ից դոլարիզացիայի մակարդակը մեր երկրում հաջողվել էր 2007 թվականի վերջին հասցնել 40%-ի: Եվ այս ձեռքբերումը, եթե կարելի է այդպես ասել, ընդամենը մի քանի օրում հօդս ցնդեց ԿԲ-ի «խելոք» քաղաքականության շնորհիվ. դոլարիզացիայի մակարդակը այժմ գերազանցում է 80%-ը: