Դպրոցը՝ կամայականությունների ու բիզնեսի կենտրոն

29/11/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այն, որ վերջին տարիներին մեր կրթական հաստատություններից շատերը վերածվել են «բիզնես կառույցների»` հայտնի է բոլորին: Ու նաեւ այդ պատճառով,

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության «հովանավորյալ» նորանշանակ տնօրեններից շատերն ուսումնական հաստատություններ մուտք գործելուն պես «բարեփոխումների» անվան տակ սկսում են դպրոցներում կամայականության սկզբունքով «հեղափոխություններ» անել:

Նման դեպքերում, չգիտես ինչու, որպես թիրախ ընտրվում են մանկավարժական մեծ փորձ ունեցող ուսուցիչները, որոնց, բնականաբար, գալիս են փոխարինելու նորանշանակ տնօրենների «մարդիկ»: Մայրաքաղաքում նախկինում օրինակելի, լավագույններից մեկը համարվող Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում արդեն մեկ տարի է` բավական հետաքրքիր իրադարձություններ են զարգանում, որի արդյունքում միայն վերջերս մանկավարժական կոլեկտիվը դիմել է դատարան: Նշենք, որ դպրոցի նախկին տնօրեն Սիլվա Հակոբյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգեւատրվել էր ոսկե մեդալով։ Կենսաթոշակային տարիքը լրանալուն պես նրան եկավ փոխարինելու նոր տնօրենը: Բանն այն է, որ 2008 թ.-ի սեպտեմբերի 13-ին դպրոցում որպես տնօրեն «նշանակվել է» (ֆորմալ առումով ասվում է՝ 7-ի խորհրդի ընտրությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետի հրամանով նշանակվել է) Աննա Ստեփանյանը, ով մինչ այդ թիվ 83 դպրոցում աշխատել է որպես կազմակերպիչ: Վերջինս դպրոց ոտք դնելուն պես, չգիտես ինչու, հայտարարել է` «Ես ոչ ոքից չեմ վախենում, ես պրոբլեմ չունեմ եւ ինչ կուզեմ կանեմ»: Որքան էլ զարմանալի է, նոր տնօրենը սկսել է ներկայացնել իր ունեցվածքը։ «Ունեմ Կենտրոնում տուն, ունեմ Դավթաշենում տուն, Կոմիտասում տունգ»,- կոլեկտիվի անդամներին ասել է նա: Այնուհետեւ նորանշանակ տնօրենն, ըստ դպրոցի արդեն նախկին մանկավարժների իր վերոնշյալ «սպառնալիքը» բացատրել է այն հանգամանքով, որ իր ամուսնու եղբայրը ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում է աշխատում: Բացի դա, Ա. Ստեփանյանը մտերիմ է Երեւանի քաղաքապետարանի Կրթության բաժնի պետի տեղակալ Արմինե Վարդանյանի հետ, այսինքն` ապահովագրված է մանկավարժական կոլեկտիվի բոլոր տեսակի «ըմբոստություններից»: «Աննա Ստեփանյանն իր հետ մեր դպրոց բերեց 37 թիվը: Իսկական բանտային ռեժիմ սահմանեց, որի արդյունքում մանկավարժներից 20 հոգի ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրին եւ հեռացան, իսկ 25 մանկավարժի նա կրճատման անվան տակ հեռացրեց աշխատանքից: Այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում դպրոցում, որ շատերը խեղդվում են, չեն ցանկանում աշխատել, բայց դա անում են հանուն իրենց երեխաների մի կտոր հացի»,- ասում են կրճատման տակ հայտնված մանկավարժները: Նախ Ա. Ստեփանյանը դպրոցում տեղադրել է մի արկղ, որտեղ իբրեւ թե պետք է դպրոցի սաների կողմից դժգոհություններ եւ բողոքներ գցվեն. «Նա նույնիսկ աշակերտներին օգտագործեց, որպեսզի սաների միջոցով կոլեկտիվին շանտաժի ենթարկի: Ասում էր` արկղի մեջ բողոքել են ա-ի, բ-ի, գ-ի, դ-ի դեմ, բայց դա ոչ մի դեպքում քննարկման ենթակա չէ: Դուք անորակ եք եւ վերջ: Դուք գավառական եք, հագնվել չգիտեք: Կներե՛ք, բայց մենք հնարավորություն չունենք 1000 դոլարանոց մուշտակ հագել, փոխարենը վայելում ենք աշակերտների հարգանքն ու սերը: Փոխարենը մենք մշտապես եղել ենք շատ ստեղծագործ կոլեկտիվ, եւ երբեւէ դպրոցում դժգոհության առիթ չի եղել: Այդ արկղի նպատակն իրականում անանուն եւ հորինված բողոքների պատրվակով մեզ աշխատանքից ազատելն էր: Մենք տեղեկություններ ունենք, որ այդ համատարած կրճատումից հետո արկղը գոյություն չունի: Այսինքն` դրա նպատակը 20-30 տարվա մանկավարժական փորձ ունեցող ուսուցիչներից ազատվելն էր»: Դպրոցի նախկին մանկավարժներն անթույլատրելի են համարում ուսումնական հաստատության տնօրեն նշանակել մի անձի, ով փորձում է ինքնահաստատվել անհաջող «էքսպերիմենտների» եւ օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու ճանապարհով: «Ակնհայտ էր, որ նրա մոտ բացակայում է մանկավարժական փորձը, մոտեցումը, քանի որ դպրոցի տնօրենը նախ պիտի բարձրաստիճան մանկավարժ լինի, որպեսզի կարողանա հանրություն ղեկավարել: Նա նույնիսկ շունչ չտվեց, որպեսզի մարդիկ հասկանան, ադապտացվեն իր ռեժիմին»,- ասում են Սիամանթոյի անվան դպրոցում 20 տարի աշխատած փորձառու մանկավարժները: Ինչեւէ, Ա. Ստեփանյանը միանշանակ հայտարարել է, որ Սիամանթոյի անվան դպրոցում ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ինքն է ուզում: Դրանից հետո վերջինս կադրային «ջարդ» է իրականացրել, որի արդյունքում փորձել է «մաքրել» նախկին` Սիլվա Հակոբյանի հետ աշխատած թիմին: 20 մանկավարժներ չհարմարվելով Ա. Ստեփանյանի «նորամուծություններով» հագեցած բանտային ռեժիմին՝ ազատվել են աշխատանքից իրենց դիմումի համաձայն: «Ես այլեւս ի զորու չեմ այս կնոջ հետ աշխատել»,- հայտարարել է դպրոցի փոխտնօրեն Անժելա Մանուկյանը եւ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Հունիս ամսին Ա. Ստեփանյանը դպրոց հրավիրելով ամբողջ հարյուր հոգանոց կոլեկտիվին՝ նիստ է անցկացրել, որի ընթացքում թերթոններ բաժանելով՝ հրահանգել է ստորագրել հնարավոր կրճատումների համար, ինչն, ի դեպ, իրավաբանորեն չի համարվում ծանուցում: «Այնուհետեւ օրեր անց, ամբիոնից հայտարարեց` այսինչ մարդը մնում է, այնինչը` գնում է: Մինչ այդ նա մայիսյան վերջին նիստի ժամանակ ասաց, որ ամռանը դպրոցի դռները բաց են. ովքեր ցանկանում են` կարող են գալ դպրոց: Հավանաբար այդ թղթերից հետո կոնկուրս կար սահմանված եւ գաղտնի կերպով «ստվերային» մրցույթ է իրականացվել: Ես հարցրեցի, թե ի՞նչ սկզբունքով է կատարվել ընտրությունը, ոչ մասնագետները մնում են դպրոցում, իսկ մասնագետներին ազատում եք: Ասաց` ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Մեզ կրճատել է նույնիսկ չտալով ազատման քաղվածքը: Նա չհիմնավորեց եւ չպարզաբանեց կրճատելու եւ կրճատման տակ ընկած մարդկանց ընտրության սկզբունքը»,- ասում է Անահիտ Մնացականյանը, որ 1996 թ.-ից այդ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի եւ հայտնվել է կրճատված մանկավարժների ցանկում: Ի դեպ, Ա. Ստեփանյանն այս համատարած կրճատումներից հետո աշխատանքի է ընդունել նոր մանկավարժների, որոնք հավանաբար իր «ընտրյալներն են»: Ավելին` դպրոցն, ըստ մեր զրուցակիցների` կիսել է երկու մասի, որից մեկն այլեւս լիցենզավորված մասնավոր սեկտոր է: Տարրական կորպուսը, որն այսօր վերածվել է մասնավոր դպրոցի, կոչվում է «Երեւակ», իսկ սաներն ամսական վճարում են 50.000 դրամ: Բելլա Եգանյանը վստահեցնում է, որ 20 մանկավարժներով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ կրթության նախարարին, սակայն չեն ստացել ոչ մի պատասխան: Իսկ Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանն, ով Ա. Ստեփանյանի ընկերուհին է` շատ վատ է ընդունել նրանց: «Էդ բյուրոկրատ կինն ի՞նչ է անում քաղաքապետարանում` ապշել կարելի է: Աստված մի արասցե, որ նրանց նման միջակությունները ղեկավարեն այս երկիրը: Նա արհամարհական տոնով մեզ խաբեց, թե՝ Կամո Արեյանը տեղում չէ, մեզ ընդունել չի կարող: Բայց քանի որ ասացինք` չենք հեռանալու մինչեւ նրան չտեսնենք` մենք հանդիպեցինք աշխատասենյակում գտնվող Կ. Արեյանին»,- ասում են մանկավարժները, որոնց փաստարկներին ծանոթանալուց հետո Կ. Արեյանը նրանցից երկու օր ժամանակ է խնդրել կատարվածն ուսումնասիրելու համար, սակայն անօգուտ, քանի որ մինչեւ այսօր նա լռում է: Ինչեւէ, կրճատման տակ հայտնված 25 մանկավարժները այս ամենից հետո դիմել են ՀՀ Աշխատանքի պետական տեսչություն, որի իրավաբանական կազմը դպրոցում ուսումնասիրություն կատարելուց հետո հայտնաբերել է Աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի եւ իրավական ակտերի կոպիտ խախտումներ, ինչը, կարծում ենք, ծանրակշիռ փաստաթուղթ է դպրոցի տնօրենի անօրինական քայլերը հիմնավորելու համար: Աշխատանքի տեսչության կազմած փաստաթղթում արձանագրված են հետեւյալ խախտումները.

1. Խախտվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի

3-րդ մասի պահանջը, այն է` թվով 25 աշխատողների 2009թ. հունիսի 19-ին ծանուցվել է «աշխատողների թվաքանակի կրճատում նախատեսելու մասին», սակայն Ձեզ տրված ծանուցումում չի նշված աշխատանքից ազատելու հիմքը եւ պատճառը:

2. Խախտվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի

3-րդ մասի պահանջը, այն է` Ձեր աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին ծանուցման երկամսյա ժամկետում հաշվարկվել է աշխատողների ամենամյա արձակուրդում գտնվելու ժամկետները 2009թ. հուլիսի 1-ից օգոստոսի

18-ը, այն դեպքում, երբ սույն հոդվածի ուժով ծանուցման երկամսյա ժամկետը լրանում է 2009թ. հոկտեմբերի 5-ին:

3. Խախտվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի

3-րդ մասի պահանջը, այն է` գործատուն (ներկայացուցիչ Աննա Ստեփանյան) իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում Ձեզ չի առաջարկել Ձեր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, կամ նման աշխատանքների բացակայության մասին:

4. Խախտվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի

2-րդ մասի պահանջը, այն է` աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար Ձեզ չի հաշվարկվել տուժանք յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը` ընդհանուր գումարով 1.844.614 (մեկ միլիոն ութ հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր տասնչորս) ՀՀ դրամ չափով:

5. Խախտվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է` գործատուն չի տրամադրել աշխատողին ազատ ժամանակ աշխատանք փնտրելու համար:

6. Խախտվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում գործատուն պարտավոր էր ոչ ուշ, քան երեք ամիս առաջ` մինչեւ աշխատանքային պայմանագիր լուծելը, ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները ներկայացնել ՀՀ զբաղվածության պետական ծառայություն եւ աշխատողների ներկայացուցչին:

7. Խախտվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է` Ձեզ հետ վերջնահաշվարկ չի կատարվել աշխատանքային պայմանագրի լուծման օրը (բացակայում է աշխատողի եւ գործատուի միջեւ այլ կարգ նախատեսված չլինելու համաձայնությունը):

8. Խախտվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի

1-ին մասի պահանջները, այն է` աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին գործատուի անհատական իրավական ակտը` 2009թ.-ի օգոստոսի 18-ի թիվ 128 հրամանը 3 օրվա ընթացքում Ձեզ պատշաճ կարգով չի ծանուցվել (այսպես` Բելլա Եգանյանին այն ծանուցվել է միայն 2009թ.-ի հոկտեմբերի 23-ին):

Սիամանթոյի անվան 162 դպրոցի նախկին ուսուցիչներն ասում են. «Եթե այս արձանագրված կոպիտ խախտումներից հետո այդ կինը պիտի մնա դպրոցում, ուրեմն` մեր պետությունը հակամանկավարժական քաղաքականություն է վարում: Այս կամ այն պաշտոնյայի հովանավորյալ տնօրեններն այսօր կարող են շատ հանգիստ 20 տարվա մանկավարժին քացով դուրս շպրտել փողոց»: Դպրոցի կրճատման վտանգի առջեւ կանգնած մանկավարժների շահերի պաշտպան Սամվել Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք արդեն դիմել ենք դատարան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնօրենի կողմից այս ամբողջ գործընթացն ապօրինություն է, ինչը հաստատվել է լիազոր պետական մարմնի` ՀՀ Աշխատանքի պետական տեսչության կողմից տրված եզրակացությամբ: Օրենքով սահմանված կարգով հայցադիմում ենք ներկայացրել տարածքային դատարան: Հուսով ենք՝ տնօրենի ապօրինությունները դատական ճանապարհով կկանխվեն, ուսուցիչների խախտված իրավունքները կվերականգնվեն, եւ նրանք կշարունակեն իրենց մանկավարժական գործունեությունը»:

Ի դեպ, մենք կապվեցինք նաեւ Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանի հետ, ով այնքան էլ բարեհաճ չգտնվեց մեր հարցերին պատասխանելու համար: Վերջինս շատ կարճ ու կոնկրետ ասաց, որ մանկավարժների կրճատման իր գործողությունները հիմնավորվել են, եւ մանկավարժներն իրազեկվել են այդ մասին: Ինչ վերաբերում է Աշխատանքի տեսչության բացահայտած օրենքի խախտումներին՝ վերջինս միայն պատասխանեց. «Ես էլ ներկայացրել եմ իմ գործողություններն ու հիմնավորումները: Կներեք, բայց ես այդ մասին խոսելու ցանկություն չունեմ»: