«Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ Մյունհենյան հանդիպումից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված Սերժ Սարգսյանը հայ հանրությանը մանրամասներ չի պատրաստվում հայտնել»,- երեկ այդ մասին «Ա1+»-ին ասել է Ս.Սարգսյանի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ նախագահների մյունհենյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել էր. «Այս քննարկումը թույլ տվեց երկու երկրների նախագահներին եւ համանախագահողներին՝ հայտնաբերել այն թիրախային հարցերը, որոնց շուրջ զգալի առաջընթաց է արձանագրվել»: Ֆասիեն հրաժարվել էր մանրամասներ հայտնել` ասելով, որ դա երկու երկրների նախագահների գործն է: «Բացարձակ բան չունեմ հայտնելու: Մյունհենյան հանդիպումից հետո, ՀՀ-ն՝ ի դեմս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, տվել է իր գնահատականը Մյունհենյան հանդիպմանը: Որեւէ նոր բան ես չեմ կարող ավելացնել, քանի որ ավելացնելու նոր բան չկա»,- ասել է Ս. Ֆարմանյանը: