Մեր թերթի 28-րդ համարում տպագրված «Մինչեւ ՏԻՄ ընտրություններ
Էջմիածնից բան չի մնա» հոդվածում Էջմիածնի Կամոյի փողոցի 13 տան բնակիչ
Կարեն Դավթյանը բողոքել էր, որ Էջմիածնի քաղաքային իշխանություններն իր
տնամերձից 118,3 քմ ապօրինի բռնագրավել եւ հանձնել են դատարանին:
Հիշեցնենք, որ այս տարածքը դատարանին անհրաժեշտ է փողոցից դեպի դատարանի
անվտանգության գոտի տանող ճանապարհի կառուցման համար: Դատարանի
ներկայացուցիչները նախապես փորձել են խաղաղ ճանապարհով համաձայնության գալ
Կ.Դավթյանի հետ, ով նախապես համաձայնել է 4 մ լայնությամբ հողատարածք
հատկացնել դատարանի կարիքների համար: Հետագայում, պարզվել է, 4 մետրը
բավարար չէ ճանապարհ կառուցելու համար, եւ Դավթյաններից պահանջել են 5,20
մ: Երբ վերջիններս ընդդիմացել են, Էջմիածնի քաղաքային իշխանությունները
հարցը լուծել են իրենց մեթոդներով՝ պարզապես բռնագրավել են հողակտորը, դեռ
մի բան էլ ավելի՝ Դավթյանների ընտանիքին մեղադրել պետությանը պատկանող
տարածքը ապօրինի զբաղեցնելու մեջ: «Այդ ինչպե՞ս եղավ, որ պետության
պատկանող տարածքը հենց 5,20մ է, գուցե 15 մե՞տր է»,- ասում են
Դավթյանները, ովքեր արդեն 45 տարի է զբաղեցնում են այդ հողակտորը եւ,
ինչպես հավաստիացնում են, որպես ապացույց ունեն համապատասխան փաստաթղթեր:
Ապօրինությունը կանխելու համար Կարեն Դավթյանը դիմել է դատական զանազան
կառույցների, ինչպես նաեւ՝ իշխանական հնարավոր բոլոր կառույցներին:
Դատարանի վերջնական որոշում, Դավթյանների հավաստմամբ, դեռ չկա: Սակայն
շինարարությունն իրականացնող «Դատաիրավական բարեփոխումներ» ԾԻԳ-ը չի
սպասել դատարանի վերջնական որոշմանը, եւ մի քանի օր առաջ, առանց
Դավթյանների ընտանիքին տեղեկացնելու (Կ. Դավթյանը գտնվել է Էջմիածնի
հիվանդանոցում, իսկ ընտանիքի մյուս անդամները բացակայել են քաղաքից)
քանդել է վերջիններիս տնամերձը եզերող պարիսպն ու շինարարական աշխատանքներ
սկսել վիճելի հողատարածքում: Ըստ «Դատաիրավական բարեփոխումներ» ԾԻԳ-ի
տնօրեն Արթուր Թունյանի՝ իրենք գործել են Վերաքննիչ դատարանի որոշման
համաձայն: «Ես տեղյակ չեմ դրանից հետո ինչ է տեղի ունեցել»,- երեկ
հեռախոսազրույցի ժամանակ ասաց պրն Թունյանը:
«Մեր պայքարը ոչ այնքան այս մի քանի մետր հողի համար է,- ասում է
Կ.Դավթյանի կինը՝ Ջուլյա Պետրոսյանը,- որքան այն, որ մեր սահմանադրական
իրավունքն է խախտվել: ԾԻԳ-ը ի՞նչ իրավունք ունի շինարարություն սկսել մի
տարածքում, որի վերաբերյալ դատական գործը դեռ ավարտված չի: Մեր ընտանիքի
բոլոր անդամները բարձրագույն կրթությամբ բանիմաց մարդիկ են, եթե մենք չենք
կարողանում պաշտպանել մեր իրավունքները, ի՞նչ երաշխիք, թե անգրագետ մի
քաղաքացի կկարողանա որեւէ բան անել»: Դավթյանները գտնում են նաեւ, որ
դատարանի շենքի վերակառուցումն ընթանում է ճարտարապետական նորմերի
խախտումով: Շենքի մի քանի մեծածավալ պատուհաններ բացվում են ուղիղ նրանց
բակի վրա: «Ես, ի՞նչ է, իրավունք չունե՞մ իմ բակում հանգիստ շնչել,
դատարանի պատուհաններից ինչ-որ աչքեր անընդհատ պետք է ինձ հետեւե՞ն»,-
բողոքում է Կ.Դավթյանը: Հիշեցնենք նաեւ, որ դատարանի շենքն ավելի ուշ է
կառուցվել (1968թ.), քան Դավթյանների տունը (1961թ.):
Ի դեպ, շինարարներն արդեն հասցրել են կտրել այգու ավելի քան երեսնամյա
եղեւնիներից մեկը, իսկ մյուս եղեւնու արմատներն ուղղակի բետոնապատել են:
Դավթյանների հողամասի հարցը բազմիցս արծարծվել է նաեւ մամուլում: «Մեր
իշխանությունները փաստորեն թքած ունեն նաեւ մամուլի վրա»,- ասում են
Դավթյանները հուսահատ՝ չիմանալով պայքարելու այլեւս ինչ եղանակներ ընտրել:
Ն.Ա.