Ճգնաժամը չի ազդել

26/11/2009

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին: Վերջինս ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի ընթացքն ու անելիքները` ընդգծելով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարուցած դժվարությունները որեւէ անդրադարձ չեն ունեցել Հայաստանի տնտեսության հետ կապված իր ծրագրերի վրա, եւ բոլոր նախաձեռնություններն իրականացման ընթացքի մեջ են: Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, Ս. Սարգսյանը կարեւորել է նախատեսված ժամկետներում «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը, ինչը հնարավորություն կտա 2011թ. տարեկան սպասարկել շուրջ 3 մլն ուղեւորի, ինչպես նաեւ փոստային հաղորդակցության ոլորտում նախատեսված աշխատանքների պատշաճ կատարումը` որակյալ ծառայություններ մատուցելու մեր քաղաքացիներին հանրապետության թե քաղաքային, թե գյուղական բնակավայրերում: Ըստ հաղորդագրության` Ս. Սարգսյանը հատուկ կարեւորություն է տվել ֆերմերային եւ սննդի վերամշակման շուկաների զարգացման ուղղությամբ հայազգի գործարարի կողմից ներդրվող ջանքերին ու նախատեսված առաջիկա անելիքներին: Ս. Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է նորարարության եւ թարմ գաղափարների ներդրումը գյուղատնտեսության ոլորտում: «Ժամանակակից տեխնոլոգիաների, թարմ մտահղացումների ու նոր լուծումների ներդրումը գյուղատնտեսության բնագավառում իր հետեւից կարող է տանել այլ ոլորտների զարգացումը եւս եւ լավ հիմքեր կստեղծի գյուղական համայնքների ընդհանուր զարգացման համար»,- նշել է Ս. Սարգսյանը: