«Առաջընթացի գերիները»

26/11/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մյունհենյան հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը` եթե այս անգամ էլ բանակցություններն արդյունք չտան, իրենք պետք է պատրաստ լինեն պատերազմի, ժխտվեցին թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, թե համանախագահող երկրների այլ պաշտոնյաների կողմից: Սակայն, Ալիեւի խոսքն այս անգամ շատ կոնկրետ էր:

Եվ դիտմամբ թե պատահաբար, Մյունհենյան հանդիպման ընթացքում նույն համանախագահները «առաջընթաց» արձանագրեցին, ինչը բավականին երկար ժամանակ չէին արձանագրում: Թե ինչ կապ ուներ այդ «առաջընթացն» Ալիեւի հայտարարության հետ, առայժմ դժվար է ասել: Արդյո՞ք համանախագահները նման հայտարարություն արեցին, որպեսզի դրանով գոհացնեին ադրբեջանական կողմին, թե՞ իսկապես առաջընթաց գրանցվել է: Եթե իսկապես առաջընթաց է եղել, այսինքն՝ որեւէ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, դա չի կարող երկար ժամանակ գաղտնի մնալ: Ամենայն հավանականությամբ դա կարող է բացահայտվել դեկտեմբերի սկզբին Աթենքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների տարեկան նիստի ժամանակ, որի շրջանակում հանդիպելու են ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Անցած տարի ճիշտ նույն ժամանակ եւ նույն նիստի շրջանակներում` Հելսինկիում Մինսկի խմբի շրջանակում արտգործնախարարները կրկին հանդիպել էին: Այդ հանդիպումն էլ հետեւեց Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ-Դմիտրի Մեդվեդեւ Մայնդորֆյան հանդիպմանը, որի ընթացքում ընդունվեց համանուն հռչակագիրը: Այդ հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը կրկին ռազմատենչ հայտարարություններ էր արել: Եվ անցած տարվա հանդիպման ժամանակ ընդունվեց բանաձեւ, որի համաձայն՝ ԼՂՀ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Մինչ այդ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների հիմքում եւս դրված էին այս սկզբունքները, բայց դրանք այդ տեսքով փաստաթղթավորված չէին: Այդ հանդիպման ժամանակ նաեւ պարզ դարձավ, որ միջազգային հանրության օրակարգում արդեն ավելի լրջորեն է դրված ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը: Այդ ժամանակ էլ համանախագահողները առաջընթաց էին գրանցել, քանի որ Ս.Սարգսյանն ու Ի.Ալիեւը հասցրել էին մի քանի անգամ հանդիպել: Դրանից հետո որոշվեց, որ այս տարի բանակցությունները պետք է արագացվեն, եւ Մինսկի խմբին հատկացված բյուջեն կտրուկ ավելացվեց: Իհարկե, համանախագահներն ամեն ինչ արեցին, որ այդ բյուջեն ծախսեն: Այս տարվա ընթացքում կազմակերպեցին երկու նախագահների 6 հանդիպում, ինչն աննախադեպ էր հակամարտության կարգավորման բանակցությունների ողջ ընթացքում: Կազմակերպեցին նաեւ արտգործնախարարների հանդիպումներ: Այդ ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներում հանդիպել են ու բազմաթիվ անգամներ տարածաշրջան են այցելել համանախագահները: Եվ հիմա նրանց համար պետք է որ վիրավորական լիներ Ալիեւի հայտարարությունը` եթե այս անգամ էլ բանակցությունն արդյունք չտա… Ըստ Ալիեւի, փաստորեն, այդքան հանդիպումներն, այցերն ու Մինսկի խմբին հատկացված բյուջեի ծախսը արդյունք չե՞ն տվել: Դա հակառակն ապացուցելու համար գրանցած առաջընթացը հավանաբար կհրապարակեն Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների նիստի ժամանակ եւ կընդունեն համապատասխան մի բանաձեւ կամ ինչ-որ հայտարարություն: Ամեն դեպքում այս անգամ էլ հավանաբար ընդունած տեքստի հիմքում կդրվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի նույն երեք դրույթները, ինչն էլ կորակվի որպես «առաջընթաց»: Իսկ մինչ այդ, երեկ ադրբեջանական կողմը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարությամբ: Այս անգամ էլ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը կասկածի տակ է դրել Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը: Նա հայտարարել է, թե Մինսկի խմբում բանակցություններն ընթանում են արդեն 15 տարի, բայց դրանք արդյունք չեն տալիս: «Նման իրավիճակում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան դիմել խնդրի լուծման ռազմական տարբերակին»,- ասել է Ս.Աբիեւը: Այնպես որ, համանախագահներին քիչ ժամանակ է մնում հերթական «առաջընթացն» արձանագրելու համար: