Արդեն հայտնի է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հետ միասին ՀՀԿ է տարել նաեւ իր «թիմին»` տնտեսական բլոկի նախարարներ Տիգրան Դավթյանին ու Ներսես Երիցյանին, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին, իր խորհրդական Արամ Ղարիբյանին, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանին, մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին եւ այլոց: Այս պաշտոնյաների մի մասը 1-2 տարի առաջ Տ.Սարգսյանի հետ աշխատում էին Կենտրոնական բանկում եւ անվերապահորեն հավատարիմ են նրան մինչեւ օրս:
2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ Սերժ Սարգսյանի հետ միասին ՀՀԿ մտան մի շարք գործարարներ, նախկին նախարարներ ու այլ պաշտոնյաներ, կարծիքներ էին հնչում, թե այդ կուսակցությունը կիսաքրեականացվեց: Հիմա նույն տոնով շատերն ասում են, թե ՀՀԿ է մտել «երիտասարդ ինտելեկտուալ ռեֆորմատորների խումբը»: Համենայնդեպս, իրենց մասին այդպիսի կարծիք ուեն վարչապետն ու ԿԲ-ից կառավարություն եկած վերը նշված պաշտոնյաներից շատերը: Ասում են, թե Տ.Սարգսյանը երբ նոր էր նշանակվել վարչապետ, Երեւանից հեռու սեմինարներ էր կազմակերպում, կառավարության տնտեսական ծրագրերի հետ կապված քննարկումներ անցկացնում, ու հենց այդ ժամանակ էլ այդ թիմի մասին ձեւավորվել է «երիտասարդ ինտելեկտուալ ռեֆորմատորների խումբ» որակումը:
Ամեն դեպքում, Տ.Սարգսյանն արդեն գրեթե կարկառուն հանրապետական է եւ հասցրել է նույնիսկ Ազգային ժողովում իր քաղաքական թիմի անունից հայտարարություն անել: Երեկ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից փորձեցինք ճշտել` այնուամենայնիվ, ՀՀՇ-ի ու ԱԺՄ-ի նախկին անդամ Տ.Սարգսյանին ստիպեցի՞ն մտնել ՀՀԿ, թե՞ դա նրա վաղեմի երազանքն էր: Պարոն Զոհրաբյանը նախ ասաց, որ վարչապետն իր կամքով է դիմում գրել եւ նրա առաջ պայման չի դրվել: «Բայց եթե ինքը չհամաձայներ, բնականաբար, դա կարող էր այլ պայման դառնալ: Ինքը ի սկզբանե էլ եղել է մեր թիմում, մտածել է մեր նման եւ չէր կարող դրան չհամաձայնել»,- միանգամից ավելացրեց Ռ.Զոհրաբյանը:
Այդպիսով պարոն Զոհրաբյանն ակամա հաստատեց, որ ՀՀԿ-ին անդամագրվելը, ըստ էության, Տ.Սարգսյանին ներկայացվել է որպես նախապայման: Հիշեցնենք, որ մինչ այդ վարչապետի անվան հետ էին կապվում տարբեր կուսակցություններում տեղի ունեցող խմորումները: ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը բազմաթիվ անգամ է հայտարարել, թե Տ.Սարգսյանը փորձում է պառակտել իր ղեկավարած կուսակցությունը: Այդպես էլ եղավ: Վերջերս ստեղծվեց Արմենական ռամկավար կուսակցությունը: Տ.Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ավանդական մեկ այլ կուսակցության` ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ, ու կարծիք կար, որ նա փորձում էր այս կուսակցության միջոցով նույնպես ինչ-որ քաղաքական ծրագիր իրականացնել: Ավելի կամ պակաս չափով վարչապետը կապ ունի նաեւ ՄԻԱԿ-ի հետ: Ու վերջապես խոսակցություն կար, որ գործարար Բարսեղ Բեգլարյանը փորձում է կուսակցություն ստեղծել, որի գաղափարական առաջնորդը կարող էր դառնալ նույն Տ.Սարգսյանը: Ամեն դեպքում այս բոլոր խոսակցություններն ապացուցում են, որ կոալիցիայի եւ ընդդիմության քննադատության թիրախ դարձած վարչապետն իր համար քաղաքական հենարան էր փնտրում: Եվ ուր որ է այդ փնտրտուքը պետք է իր արդյունքը տար, բայց նրան անդամագրեցին ՀՀԿ-ին: Մյուս կողմից էլ, բնականաբար, նախագահ Սերժ Սարգսյանի համար ցանկալի չէր լինի, որ գործող վարչապետն ունենար այլ քաղաքական հենարան: Եթե նա շարունակելու էր զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ապա պետք է դառնար այդ պաշտոնի նկատմամբ քաղաքական իրավունքներ ունեցող կուսակցության անդամ: ԱԺ-ում ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն ունի, եւ վարչապետի պաշտոնն էլ պատկանում է այդ կուսակցությանը: «Դա մեր քվոտայի պաշտոն է, պարզապես անցած տարի քաղաքական լարված իրավիճակ էր, եւ այդպիսի տակտիկական քայլեր արվեցին: Դա ՀՀԿ-ի թիմն է, պարզապես մինչեւ ՀՀԿ ընդունվելը մի քիչ ազատ էին, հիմա սահմանափակված կլինեն կուսակցության կանոնադրությամբ: Խորհրդարանական ընտրություններին մնացել է մոտ 2 տարի, եւ մենք ընդդիմությանն ու ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ ամբողջական թիմ ենք»,- ասում է Ռ.Զոհրաբյանը:
Այնուամենայնիվ, Տ.Սարգսյանի` ՀՀԿ անդամ դառնալուց հետո էլ չեն դադարում նրան պաշտոնանկ անելու մասին խոսակցությունները: Մերձիշխանական կուլիսներում կրկին աշխուժացել են քննարկումները, ըստ որոնց՝ նա պաշտոնից ազատվելու է մինչեւ գարուն: Ընդ որում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, այդ հեռանկարը ոմանք պայմանավորում են հենց Տ. Սարգսյանի ՀՀԿ-ին անդամագրվելու հետ: Այդ վարկածի համաձայն, նրան կարող է սպառնալ նաեւ Տիգրան Թորոսյանի ճակատագիրը. հիշեցնենք, որ վերջինիս հարազատ կուսակցությունը միաձայն որոշեց, որ նա պետք է հրաժարվի ԱԺ նախագահի պաշտոնից: Արդյունքում` Տ.Թորոսյանը հեռացավ թե՛ ԱԺ նախագահի պաշտոնից, թե՛ ՀՀԿ-ից: Այնպես որ, բացառված չէ, որ այս արդեն «կուսակցական տրամաբանությունը» գործի նաեւ Տ. Սարգսյանի դեպքում: Իհարկե, Տ. Սարգսյանին պաշտոնից ազատելու հրամանագիր Ս. Սարգսյանը կարող էր ստորագրել նաեւ առանց նրան կուսակցական դարձնելու: Սակայն այդ դեպքում նրա քաղաքական հավակնությունները (որոնց մասին վերը նշվեց) կարող էին դրսեւորվել որեւէ կուսակցության տեսքով: Իսկ արդեն ՀՀԿ-ական վարչապետի պաշտոնանկությունը կներկայացվի որպես կուսակցության որոշում: Այդ դեպքում Տ. Սարգսյանի հնարավորություններն ավելի սահմանափակ կլինեն. իհարկե նա` իր թիմով հանդերձ, կարող է դուրս գալ ՀՀԿ-ից, սակայն այդպիսով իրեն ավելի անհարմար վիճակում կդնի, քանի որ կստացվի, որ ՀՀԿ էր մտել միայն պաշտոնի համար: Իհարկե, սրանք ընդամենը քաղաքական շրջանակներում դեռեւս քննարկվող վարկածներ են, սակայն որոշակի իրավիճակում կարող են իրականություն դառնալ: Բոլոր դեպքերում, քաղաքական վերադասավորումների գործընթացն արդեն սկսված է եւ առաջիկայում արդյունքներն ավելի տեսանելի կլինեն:
Իսկ մինչ այդ վարչապետի ու նրա թիմի ՀՀԿ-ական դառնալու մասին մեկ անգամ եւս եւ հանդիսավորապես կազդարարվի նոյեմբերի 28-ին` ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ: Ի դեպ, ասում են, որ այդ համագումարը լինելու է բավականին ներկայացուցչական: Նախատեսված են մոտ 20 ելույթներ, լինելու են հյուրեր Ռուսաստանից ու եվրոպական երկրներից: Բնականաբար, ելույթ է ունենալու նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ փոխնախարար Ռազմիկ Զոհրաբյանի ասելով՝ «նախագահը հաշվետու ելույթ է ունենալու, որտեղ խոսելու է կուսակցության գործունեության մասին, թե այս երկու տարում ինչ է եղել»: «Վերլուծություն արտաքին քաղաքականության, երկրի տնտեսության եւ ներքաղաքական իրավիճակի մասին: Կխոսի նաեւ առաջիկա ծրագրերի, վերջին իրադարձությունների` ԼՂՀ ու հայ-թուրքական հարցերի մասին: Քանի որ ինքը հանրապետության նախագահն է, նրա ելույթը աշխարհն է լսելու»,- ասաց Ռ.Զոհրաբյանը:
Համագումարից հետո կայանալու է նաեւ ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ էլ Ս.Սարգսյանի առաջարկով ընտրվելու կամ վերընտրվելու են կուսակցության փոխնախագահներ, գործադիր մարմնի անդամներ ու գործադիր մարմնում հանձնաժողովի նախագահներ: