Գործազրկության ցուցանիշը` անվտանգության սպառնալիք

26/11/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գործազրկությունը շուկայական տնտեսություն ունեցող երկրների համար ավանդաբար ամենացավոտ խնդիրն է, եւ այն սրվում է հատկապես տնտեսական ճգնաժամերի ժամանակ` հասնելով 10-15%-ի:

Սովորաբար թույլատրելի է համարվում գործազրկության, այսպես կոչված, բնական մակարդակը, որը տարբեր երկրների համար տատանվում է 3-5%-ի շրջանակներում: Իսկ 7%-ից բարձր գործազրկության մակարդակը արդեն համարվում է տնտեսական անվտանգությանը սպառնացող խնդիր: Հայաստանում սովորաբար հրապարակում են, այսպես կոչված, պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը, որը վերջին տարիներին տատանվում է 7-8%-ի շրջանակներում: Սրանք այն մարդիկ են, որոնք գրանցվում են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում եւ ստանում գործազուրկի կարգավիճակ: Սակայն ակնհայտ է, որ շատ հայաստանցիներ չեն գրանցվում այդ գործակալությունում, թեեւ աշխատանք չունեն ու պատրաստ են անմիջապես անցնել աշխատանքի: Իրականությանը փոքր-ինչ ավելի մոտ են ՀՀ ԱՎԾ-ի կողմից պարբերաբար իրականացվող տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունները, որոնց ժամանակ գնահատվում է նաեւ գործազրկության մակարդակն ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանության: Այսինքն` ընտրվում են ինչ-որ քանակի, սովորաբար՝ 7-8 հազար, տնային տնտեսություններ, եւ կատարվում են հետազոտություններ հարցաթերթիկների միջոցով: Այդ մեթոդաբանության համաձայն՝ իրականացված 2008 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում գործազրկության մակարդակը 28.6% է: Սա չափազանց մեծ թիվ է, եւ եթե նման ցուցանիշ լիներ, քիչ թե շատ նորմալ որեւէ երկրում, ապա կլիներ սոցիալական պայթյուն` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Նույնիսկ 1930-ականների մեծ դեպրեսիայի ու վերջին տնտեսական ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ում այսչափ բարձր գործազրկության մակարդակ չի եղել: Օրինակ` այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում արձանագրվել է ընդամենը 10.2% գործազրկության մակարդակ, որը, սակայն, ամենաբարձր ցուցանիշն է եղել այս տարվա ընթացքում եւ որը համարվում է չափազանց բարձր ու անթույլատրելի ցուցանիշ: «Կան նաեւ մասնավոր այլ հետազոտություններ, որոնց համաձայն՝ գործազրկության մակարդակը Հայաստանում ավելի քան 50% է կազմում»,- մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ հատկապես գյուղական վայրերում է գործազրկության մակարդակը շատ բարձր, որը, սակայն, չի արձանագրվում, քանի որ շուրջ 550 հազար գյուղացիական տնտեսություններում ներգրավվածները համարվում են զբաղվածներ, ինչը, ըստ Վ. Խաչատրյանի, սխալ մոտեցում է: Այնուամենայնիվ, այն, որ նույնիսկ ԱՎԾ տվյալներով չափազանց բարձր գործազրկությունը ՀՀ-ում չի հանգեցնում սոցիալական ցնցումների, Վ. Խաչատրյանը բացատրում է նրանով, որ ՀՀ բնակչության զգալի մասը ապրում է արտերկրից ստացվող տրանսֆերտներով: «Այդ պատճառով էլ, երբ այլ երկրներում գործազրկության մակարդակը հասնում է 10-12%-ի, կառավարությունները լրջորեն զբաղվում են այս հարցով, սա տնտեսական անվտանգության խնդիր է դառնում, մինչդեռ մեր կառավարությունը սա խնդիր չի համարում»,- ասում է Վ. Խաչատրյանը: Ի դեպ, ԱՎԾ այս հետազոտությունները տարբեր տարիներին հաճախ տարբեր մեթոդաբանությամբ են իրականացվել, ինչը հնարավորություն չի տալիս համադրել թվերն ու եզրակացություններ անել վերջին տնտեսական ճգնաժամի ազդեցության վերաբերյալ: Ավելին, եթե նորմալ երկրներում ՀՆԱ անկման ցուցանիշի հետ զուգահեռ մանրամասնորեն ուսումնասիրվում է դրա ազդեցությունը գործազրկության վրա, ապա մեզանում վիճակագրական տվյալներից չի երեւում, թե ինչ կապ կա ՀՆԱ ցուցանիշի անկման ու գործազրկության աճի միջեւ: Այսպես, 2008թ.-ի մեթոդաբանությամբ 2007թվականի համար հաշվարկված գործազրկության մակարդակը 28.4% է, այսինքն` գրեթե չի տարբերվում 2008թ.-ի ցուցանիշից: Իսկ 2009 թվականի վերաբերյալ կան միայն պաշտոնապես գրանցված գործազուրկների մակարդակի վերաբերյալ տվյալները, որը նույնպես գրեթե չի տարբերվում նախորդ տարիների ցուցանիշներից: Սա անշուշտ միայն մեզ բնորոշ պարադոքս է, երբ ՀՆԱ հսկայական անկումը արձանագրող ԱՎԾ-ն գործազրկության ցուցանիշների ոչ մի էական աճ չի արձանագրում: