Գաղտնիք չէ, որ մեր երկրում ամեն ինչ խեղաթյուրված է՝ ծիծաղելու կամ լաց լինելու աստիճան։ Օրինակ՝ իշխանությունը, որը կոչված է ծառայելու ժողովրդին, շատ վաղուց արդեն մոռացել է իր բուն պարտականության մասին։ Առաջ մղող հիմնական շարժառիթը դարձել է սեփական բարեկեցության բարձրացումը։
Սակայն եթե պետական ապարատի այդ գործելաոճը ինչ-որ իմաստով սովորական է դարձել, ոչ պետական կազմակերպությունները դեռ շարունակում են զարմացնել։
Ամպագոռգոռ անուններով հասարակական կազմակերպություններից շատերը, որոնք ստեղծվել են «լուրջ խնդիրներ» լուծելու համար՝ քաղաքացիական հասարակության ձեւավորում, ժողովրդավարության հաստատում, մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլն, գործնականում զբաղված են մեկ բանով՝ գրանտակերությամբ (որքան էլ այս ձեւակերպումը ոմանց դուր չգա)։ Խոսքերիս լավագույն ապացույցն այն է, որ անկախության ձեռքբերումից ի վեր սրանք միլիոնավոր դոլարներ են ստացել տարբեր ծրագրերի համար, իսկ ժողովրդավարությունն ու մնացած լավ-լավ բաները միայն հետընթաց են ապրել։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ այս մարդիկ պետք է թողնեին այդ անիմաստ զբաղմունքը եւ վշտից փականագործ դառնային՝ տեսնելով, որ իրենք տարիներ շարունակ ձախողվում են։ Բայց չէ. նախանձելի համառությամբ շարունակում են նորանոր գրանտներ «կպցնել» ու դրանցով կոնֆերանսներ, սեմինարներ ու կլոր սեղաններ անցկացնել, տարին 12 ամիս «ֆռֆռալ» արտասահմաններում, մի քանի անգլերեն բառ մտցնել իրենց բառապաշարի մեջ ու շարունակել գործել։ Գործել՝ ասել է թե՝ շարունակել օգտվել կյանքի բարիքներից՝ ազգանվեր գործունեության քողի տակ։
Ինչեւէ, դա իրենց խնդիրն է։ Ամեն դեպքում ոչ մեկին վնաս չեն տալիս՝ բացի դոնոր կազմակերպություններից։ Ավելին, դրսից ստացված փողերը այս կամ այն չափով ներարկվում են մեր տնտեսություն, պահանջարկ ձեւավորում։ Բայց կան նաեւ այնպիսիք, ովքեր «ալիքները լրիվ խառնել են»։ Այսինքն` այնքան են տարվել իրենք իրենցով, իրենց արածով, որ մի պահ թվացել է՝ իսկապես լուրջ գործ են անում, ու առանց իրենց աշխարհը փուլ կգա։ Եվ այդպես, ոգեւորվելով, շատ հեռուն են գնացել։ Այնքան հեռուն, որ իրենց բուն անվանմանը հակասող գործունեություն են ծավալում։
Խոսքը վերաբերում է սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, այսուհետ՝ ՍՇՊ։ Հակառակի պես՝ այդպիսիք այնքան շատ են, որ խառնում ես, քիչ է մնում հոգիդ փառավորվի՝ էս ինքա՜ն շատ են մեր շահերը պաշտպանողները։ Ով կարող է մեր՝ սպառողներիս խաթրին կպնել։ Բայց մի քիչ մտածելուց հետո պարզվում է, որ առաջին հերթին հենց իրենք՝ «պաշտպաններն» են ոտնահարում դրանք։
Նախ՝ ինչ ասել է՝ սպառող։ Ընդհանուր ձեւակերպմամբ, դա այն քաղաքացին է, որ նպատակ ունի պատվիրել կամ գնել (կամ՝ որը պատվիրում կամ գնում է) ապրանքներ եւ ծառայություններ՝ բացառապես իր անձնական, ընտանեկան կարիքների համար։ Ինչպես ասել է Ջոն Քենեդին. «Սպառողները մենք բոլորս ենք»։ Ի՞նչ ենք անում մենք՝ սպառողներս. ձգտում ենք սահմանափակ նյութական միջոցներով ձեռք բերել մեզ համար հնարավորինս շատ օգտակարություն ունեցող ապրանքներ։ Այսինքն՝ կատարել ճիշտ ընտրություն։ Օգտակարություն ասվածն էլ սուբյեկտիվ, հարաբերական բան է։ Եթե ծխող մարդու համար մեկ տուփ Marlboro-ն ավելի մեծ օգտակարություն ունի, քան մեկ հատ պաղպաղակը, ապա չծխողի համար սիգարետը ընդհանրապես արժեք չունի։ Մեր` սպառողներիս շահերն էլ պաշտպանված են, երբ մեզ չեն խաբում, չեն թերակշռում, պիտանելիության ժամկետն անցած կամ թունավոր ապրանք չեն վաճառում, երբ ապրանքի տեխնիկական բնութագրիչներն իսկապես համապատասխանում են պիտակի վրա գրվածին։ Սակայն սպառողի շահը նախեւառաջ այն է, երբ նրան տրվում է ընտրության հնարավորություն։
Հիմա եկեք այս տեսանկյունից դիտարկենք ՍՇՊ-ների գործունեությունը։
Նախ՝ ընտրության հնարավորության համար պետք է լինի առողջ մրցակցային միջավայր, իրար հետ մրցակցող ընկերություններ ամենատարբեր ոլորտներում։ Այսինքն՝ ՍՊՇ-ների գործունեությունը պետք է առաջին հերթին ուղղված լիներ մենաշնորհների դեմ։ Ակտի՞վ են արդյոք այս հարցում նրանք։ Հանդես եկե՞լ են հասցեական քննադատությամբ՝ կոնկրետ մոնոպոլիստ, օլիգարխների դեմ։ Այս հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողին։
Եթե մենաշնորհների դեմ ոչ բավարար կամ ոչ նկատելի պայքարը ինչ-որ չափով ներելի է, ապա մեր ընտրությունը ուղղորդելը կամ սահմանափակելը անհասկանալի է։ Ինչպես արդեն նշեցինք՝ օգտակարություն ասվածը խիստ անձնական հասկացություն է։ Եթե կոնկրետ քաղաքական կուսակցության անդամի համար Անթալիայում հանգստանալը անընդունելի է, ապա ես՝ որպես տուրիզմի ծառայությունների շարքային սպառող, գուցե ավելի հարմար եմ գտնում հենց Թուրքիայում հանգստանալը։ Համեմատում եմ տարբերակները եւ հասկանում, որ իմ սահմանափակ միջոցներով Անթալիայում անցկացրած մեկշաբաթյա հանգիստը իմ օրգանիզմը ավելի շատ կկազդուրի, քան Ծաղկաձորում «Համմերների» սիգնալների տակ խորոված ուտելը։ Սակայն ինձ ասում են՝ «Ո՛չ թուրքականին»։ Սահմանափակում են իմ ընտրությունը։ Հետեւաբար՝ ոտնահարում իմ՝ սպառողիս շահերը։ Եվ ո՞վ՝ սպառողների (այդ թվում՝ իմ) շահերը պաշտպանելուն կոչված մարդիկ։ Միգուցե որոշ գերհայրենասերներ ինձ մեղադրեն՝ զուտ նրա համար, որ ես հարստացնում եմ թուրքերին։ Բայց ՍՊՇ-ների գործը, կարծեմ, քաղաքացիների ազգային ոգին բարձրացնելը չէ։
Սույն կազմակերպությունները ավելի հեռուն են գնացել, ինչպես ասում են, ընդլայնել են աշխարհագրությունը։ «Քոբուլեթի կգնա՞ս հանգստանալու, հունական կոնյակ կխմե՞ս… նայիր ինչ լավ իտալական կոշիկ եմ հագել…»։ Խոսքը վերաբերում է հեռուստատեսային հոլովակին, երբ գերհայրենասեր կապիկին հարցեր են տալիս ու նա էլ մերժում է այդ ամենը։ Ու վերջում ներկայացնում են բուն ասելիքը՝ «հարգե՛նք հայ արտադրողին», «հարգենք ինքներս մեզ», «Օտարամոլությունը քայքայում է հայրենի տնտեսությունը»։
Միանգամից նշենք, որ ոչ թե օտարամոլությունն է քայքայում տնտեսությունը, այլ սահմանափակ մտածելակերպն ու ջայլամի քաղաքականությունը։ Սպառողը՝ մանավանդ հայ սպառողը, բավականաչափ խելք ունի, եւ եթե գտնի, որ հայրենականն ավելի ձեռնտու է, հենց դա էլ կգնի՝ առանց կողմնակի հուշումների։ Սակայն էականը սա չէ։ Հոլովակն առաջին անգամ դիտող մարդը նախ հետաքրքրությամբ նայում է (կապիկի շարժումներն իրոք ծիծաղելի են), փորձում հասկանալ իմաստը։ Հետո արդեն, երբ հասկանում է, որ հոլովակը կոչ է անում հետեւել կապիկի օրինակին՝ սկսում է մտածել՝ տեսնես ո՞ւմ գաղափարն է։ Մարդու մտքով մի պահ կարող է անցնել կառավարությունը, քանի որ նախադեպը կա («հայկական աշխարհի» հոլովակը՝ կաթի շշերով)։ Սակայն հոլովակի վերջում զարմանքով կարդում ես՝ Սպառողների ազգային ասոցիացիա, Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա։ Ի՞նչ կապ ունեն սրանք հայրենական արտադրության հետ։ Դրա համար կան բազմաթիվ կառույցներ։ Այլ կերպ ասած՝ սպառողների շահերը պաշտպանողներն այսօր զբաղված են հովանավորչական քաղաքականության քարոզչությամբ, այն էլ՝ կապիկի օրինակով։ Չնայած դա զարմանալի չէ, եթե հավատանք Դարվինի տեսությանը։