Հայ-չինական տրակտորը թողած՝ Ճապոնիայից են ներկրում

27/08/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վերջերս պետական մակարդակով խոսակցություններ էին գնում, թե Չինաստանը
մտադիր է Հայաստանում քիմիական գործարան կառուցել: Չինացիները Հայաստանում
բարեհաջող գործունեություն են ծավալում էլեկտրատեխնիկայի բնագավառում.
մասնավորապես, Վանաձորում արդեն մի քանի տարի է՝ գործում է «Չինվան»
համատեղ ձեռնարկությունը՝ «Էլեկտրոն» գործարանի հիմքի վրա: Այդտեղ
արտադրվող հեռուստացույցը, ինչպես նաեւ՝ արդուկը ոչ միայն ամեն աշնան
ցուցադրվում են Վանաձորի արդյունաբերական ապրանքների
ցուցահանդես-վաճառքում, այլեւ մշտապես վաճառվում են խանութներում: Իսկ
նույն ձեռնարկության արտադրության մինի-տրակտորի վաճառքն իրականացվում է
«Հայգյուղփոխբանկի» օգնությամբ: Հարց է ծագում. ինչո՞ւ Հայաստանում
արտադրվող ժամանակակից այդ տրակտորները գնորդ են փնտրում, մինչդեռ ՀՀ
կառավարությունը Ճապոնիայից տրակտոր է ներկրում եւ վաճառում գյուղացիական
տնտեսությունների վրա: